Օգոստոսի 29-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել և՛ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, և՛ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պարզելու՝ արդյո՞ք Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին:
Սեպտեմբերի 1-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն աշխատակազմի միջոցով պատասխանել էր, որ Անդրանիկ Քոչարյանից դեռ Քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ստացել:
2 օր հետո՝ սեպտեմբերի 3-ին, ԱԺ համապատասխան հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում տեղեկություն տարածվեց, որ «Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը»:
Այսինքն, դրսևորվում է անպարկեշտ գործելաոճ, շրջանցվում է օրենքը, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ մասին պետք է լրատվամիջոցը տեղեկացվի 5-օրյա ժամկետում և նշվեն հետաձգման պատճառները: Անդրանիկ Քոչարյանից նման գրություն չի ստացվել։
Եվ քանի որ Անդրանիկ Քոչարյանի անբարեխիղճ գործելաոճի պատճառով մեր հարցադրումը դարձել էր ժամանակավրեպ, մենք մեր գրավոր հարցումը լրացրել ենք նոր հարցով՝ ներկայացնելով վերը նշված հիմնավորումը: Եվ ինչ է անում Քննիչ հանձնաժողովի նախագահը: Սեպտեմբերի 9-ին որոշում է ուղարկել օգոստոսի 29-ին ուղարկված հարցման պատասխանը՝ «պտիչկայի» համար, որը 6 օր առաջ հրապարակել է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում։
Ինչ վերաբերում է հավելյալ հարցերին, ապա դրանց հետ կապված՝ սահմանափակվել է նշելով՝ «մնացած հարցադրումների վերաբերյալ խնդրում ենք հետևել պաշտոնական տեղեկատվությանը»:
Այսինքն, լրատվամիջոցի հարցադրումները թողնում է անպատասխան, իսկ որոշ ժամանակ անց իր ղեկավարած հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում Քննիչ հանձնաժողովի զեկույցը ձեռքին լուսանկար հրապարակի՝ կից գրառմամբ, որ այն ուղարկել է այսինչ գերատեսչությանը կամ հանձնաժողով հրավիրված ռազմական նախկին ղեկավարությա՞նը: Իսկ ինչո՞ւ ենք մենք այս հարցերը պարբերաբար ուղարկում Անդրանիկ Քոչարյանին:
Առաջին, 2024 թվականի հոկտեմբերին գրավոր հարցում էինք ուղարկել նրան՝ պարզելու, թե ե՞րբ է ուղարկելու զեկույցն ԱԺ-ի նախագահին, Քննիչ հանձնաժողովի զեկույցը ո՞ր գերատեսչություններին է ուղարկվել, խորհրդարանական ընդդիմությունը ծանոթացե՞լ է զեկույցին, եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ, և այլն:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխան գրություն էր ուղարկել, որտեղ նշվում է.
«Ի պատասխան Ձեր 29.10.2024թ. գրության՝ հայտնում ենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի (այսուհետ՝ Քննիչ հանձնաժողով) զեկույցի վերաբերյալ դռնփակ նիստ հրավիրելու համար ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը՝ նախագահ Անդրանիկ Քոչարյանը նամակով առայժմ չի դիմել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Նամակը կուղղվի դեկտեմբերի առաջին տասնօրյակին, երբ զեկույցը կուղարկվի համապատասխան գերատեսչություններ: Քննիչ հանձնաժողովի զեկույցն առայժմ չի ուղարկվել որևէ գերատեսչության: Իսկ զեկույցի բաց կամ փակ լինելը կորոշվի միայն գերատեսչությունների կողմից համապատասխան կարծիք ստանալուց հետո:
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից զեկույցին ծանոթանալուն, մեր նախորդ պատասխան գրություններում տեղեկացրել ենք Ձեզ, որ խորհրդարանական ընդդիմությունը երբևիցե չի մասնակցել Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին և չի ծանոթացել հանձնաժողովի արձանագրություններին, ուստի նրանք, ինչպես նաև այն պատգամավորները, ովքեր ունեն գաղտնիության համապատասխան աստիճան, կծանոթանան զեկույցին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ լիագումար նիստում այն ներկայացնելուց հետո, երբ զեկույցը կլինի Ազգային ժողովի առաջին բաժնում»:
Հիմա ո՞րն է խնդիրը: Քննիչ հանձնաժողովի զեկույցն արդեն ԱԺ նախագահը ստացել է, իսկ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի հոդված 25-ը սահմանում է, որ՝ «զեկույցն Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, այն քննարկվում է Ազգային ժողովի հերթական նիստում», սակայն, ինչպես խոստացել էր Անդրանիկ Քոչարյանը, զեկույցը գերատեսչություններ չի ուղարկվել. Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ զեկույցը չի ուղարկվել։ Մեր տեղեկություններով, այն չի ուղարկվել նաև ՀՀ պաշտպանության նախարարություն:
Ի դեպ, «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի հոդված 25-ում նշվում է նաև, որ «հարցի քննարկումն ավարտվելուց հետո քննիչ հանձնաժողովի զեկույցը, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով ներկայացված հատուկ կարծիքն Աշխատակարգով սահմանված կարգով ուղարկվում է զեկույցում նշված պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ ու պաշտոնատար անձանց, որոնք կարող են զեկույցի վերաբերյալ իրենց գրավոր պատասխանն Ազգային ժողովի նախագահին ուղարկել մեկամսյա ժամկետում»:
Այս պարագայում պետք է ենթադրենք՝ կամ Անդրանիկ Քոչարյանն օրենքի այս պահանջներին ծանոթ չէ, կամ խախտում է թույլ տվել: Այս դեպքում, թերևս, պետք է մատնանշել օրենքի պահանջների չիմացությունը, քանի որ զեկույցը՝ նախքան ներկայացվելը, Քննիչ հանձնաժողով հրավիրված ռազմական նախկին ղեկավարությանը և պաշտոնատար անձանց չուղարկելը, օրենքի պահանջների խախտում է:
Իսկ զեկույցը ռազմական նախկին ղեկավարությանը, մեր տեղեկություններով, չի ուղարկվել: Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի հոդված 22-ը հրավիրված անձանց իրավունքների վերաբերյալ սահմանում է, որ Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար կամ հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած անձինք իրավունք ունեն՝
– ծանոթանալու իր մասնակցությամբ հանձնաժողովի նիստերի արձանագրություններին, ինչպես նաև ներկայացնելու դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ,
– պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ,ինչպես նաև հիմնավորելու իր դիրքորոշումն ամբողջությամբ:
Հարկ է նկատել, որ օրենքի սահմաններում այս հարցը կարող է բարձրացնել հենց հանձնաժողով հրավիրված ռազմական նախկին ղեկավարությունը, և ոչ թե սպասեն զեկույցի ներկայացմանը:
Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանը մեր հարցումներից մեկին ի պատասխան՝ շեշտել է. «Հանձնաժողով հրավիրված բոլոր անձանց հարցաքննությունները տեսագրված են, և փոփոխության ենթակա չեն»:
Կարո՞ղ ենք ասել, որ Անդրանիկ Քոչարյանը հակադրվում է սահմանադրական օրենքին:
Ի դեպ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Ապրիլյան հանձնաժողով գնալուց առաջ պայման էր դրել՝ «տրամադրել ՀՀ երրորդ նախագահին` նրա կողմից հանձնաժողովի նիստում հնչեցված հայտարարությունների և պատասխանների տեսաձայնագրությունը»: Պահանջը կատարվել էր:
Իսկ եթե, այնուամենայնիվ, Անդրանիկ Քոչարյանը որոշի մեր կողմից ուղարկված հավելյալ հարցերին պատասխանել, այն կհրապարակենք:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test