Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

2 գլխանի երեխաներ, 3 ոտանի հորթեր. ինչ միֆեր են տարածված hraparak.am hraparak.am

time
2 գլխանի երեխաներ, 3 ոտանի հորթեր. ինչ միֆեր են տարածված

Հանքարդյունաբերական գործունեություն ծավալելուց առաջ նախաձեռնողները պարտավոր են հանրային լսումներ կազմակերպել: Դա կարգավորվում է «Շրջակա ազդեցության մասին» օրենքով։ Կարգավորումները բխում են «Օրհուսի» կոնվենցիայից, ՇՄԱԳ փորձաքննության օրենքից։

Դա, ըստ էության, ֆիկցիա է, օրենք է՝ կատարում են: Մարդը հանրային քննարկման գալիս է արդեն նախատրամադրված: Նախաձեռնողը գալիս է, ներկայացնում է ծրագիրը, սակայն քննարկմանը մասնակցողները չեն էլ լսում, թե ինչի մասին է նա խոսում, տեղից վեր է կենում ինչ-որ մեկն ու ասում՝ փոշի ես անելու, մյուսն ասում է՝ մեզ թունավորելու ես, երրորդն ասում է՝ մեր կանայք էլ երեխա չեն կարողանալու ունենալ: Այնպիսի տպավորություն ես ստանում, որ ապագա ընդերք օգտագործողը եկել է թունավորելու այս մարդկանց: Եվ այս ամենի կազմակերպիչները մի խումբ հասարակական կազմակերպություններ են, որոնք կասկածելի աղբյուրներից գումարներ են ստանում, դեռ պետք է պարզել, թե որտեղից են ստանում այդ գումարները, որպեսզի Հայաստանում հանքարդյունաբերությունը, տնտեսությունը չզարգանան, մենք մնանք միշտ տնտեսապես կախյալ վիճակում: Ես կասկածներ ունեմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան են այդ գումարները տալիս։ Նույն՝ Ամուլսարի դեպքում ասում էին, որ ցիան է լինելու, թունավորելու է եւ այլն․․․

Քաջարանի կոմբինատը 1970-ականներից աշխատում է, դեռ մի հարյուր տարի էլ կաշխատի… ճիշտ է՝ վթարներ են եղել, սակայն դրանք կառավարելի են եղել՝ 1-2 օրվա ընթացքում վերացվել են: Հիշո՞ւմ եք որեւէ արտառոց դեպք, որի պատճառով արժե փակել Քաջարանը։ Չկա։ Աշխարհի որ երկիրն ուզում եք վերցնել՝ հանքարդյունաբերությունն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցություն, սակայն դրանք կառավարելի են: Այդ ինչ է՝ աշխարհը չի՞ հասկանում․ Շվեդիան, Կանադան, Չինաստանը չե՞ն հասկանում: Այդ երկրները տիրապետում են հանքավայրերի զգալի պաշարների, Ֆրանսիայի ու Գերմանիայի հանքերը նայեք, որ թվերից սկսած՝ հսկայական թվով հանքեր ունեն»:

Մինչդեռ բոլոր տեսակի հանքերի գործունեությունը փորձում են կասեցնել՝ բազալտի, ավազի, տրավերտինի, տուֆի հանքերը թույլ չեն տալիս շահագործել նման պատճառաբանություններով։ Տապալված հանրային քննարկման դեպքում ոչ մի կողմը չի շահում։ Երկու քարի արանքում են հայտնվում համայնքի ղեկավարությունը, ավագանին։ «Երբ կեղծ բնապահպանները գնում ու ամեն ինչ փչացնում են, նրանցով պետք է զբաղվել:

Մեր երկրում հանքերը պիտի աշխատեն. գեթ մի պահ պատկերացրեք, որ Քաջարանի կոմբինատը չաշխատի, փակվի՝ Սյունիքը միանգամից դատարկվելու է: Քաջարանի կոմբինատն այսօր մեր անձեռնմխելի գիգանտն է, մեր կարմիր գիծն է, որը պիտի փայփայենք: Նույնը՝ Ամուլսարը․ եթե աշխատեց, թուրքն այնտեղ չի կարող մտնել, որովհետեւ «Լիդիանը» միջազգային կազմակերպություն է, տերերը չեն թողնի, որ թուրքն առաջ գա: Սա նաեւ ռազմավարական հարց է: Ասում են՝ ուրանի անսպառ պաշարներ կան, փորձում են համոզել, որ Հայաստանում լիքը ուրան կա, ու Ամուլսարը ոչ թե ոսկու, այլ ուրանի համար են փորձում շահագործել՝ աբսուրդն էլ ո՞նց է լինում, ու մարդկանց դա հավատացրել են բնապահպան կոչեցյալները: Ինչ-որ տեղից ինչ-որ բան կարդում են, ստեղծում են մի գաղափար, իրենք էլ են դրան հավատում ու փորձում են հավատացնել ժողովրդին, մարդիկ էլ դրան հավատում են»,- շեշտում է երկրաբանը:

Օրենքները՝ լավ կամ վատ, կան, այս օրենքներով էլ է հնարավոր ստեղծել պատասխանատու հանքարդյունաբերություն: Սակայն երրորդ կողմերին միշտ հաջողվում է համայնքը բաժանել երկու մասի՝ հանրային քննարկման ժամանակ մի կողմը մյուսին է հայհոյում, ինչ ասես, իրար ասում են, դառնում է խառնիճաղանճ իրավիճակ, բուն թեմայից դուրս են գալիս, գնում հասնում Ամերիկա, ինչ-որ քաղաքական թեմաներ քննարկում։ Բազալտի հանքի հարցն ենք քննարկում՝ Ամուլսարից են հարց տալիս»։

Մկրտչյանն ասում է, որ հանրային քննարկումները տապալելու փորձեր եղել են: «Հանրային լսումը խոչընդոտելու կամ տապալելու համար քննարկվել են ձեւական կամ թեմային չառնչվող այլ հարցեր, բայց դա չի կարող ազդել որոշման կամ մեր մասնագետի դիրքորոշման վրա, որը հետագայում պատասխանատու է եզրակացության կազմման եւ ստորագրման համար: Նոր խմբագրված օրենքով երկրորդ հանրային լսման պարտականությունը դրված է մեր ՊՈԱԿ-ի վրա, եւ մեր մասնագետը կարող է որոշակիորեն ազդել այդ խոչընդոտների վրա: Փորձագետն իր եզրակացությունը կազմելիս կարող է հաշվի չառնել թեմային առնչվող «խոչընդոտները»»,-շեշտեց Մկրտչյանը:

Անկախ փորձագետ Շուշանիկ Քերոբյանն էլ կարծում է, որ մեզ մոտ ոչ թե գործունեությունն է քննարկման առարկա դառնում, այլ՝ ենթադրյալ ազդեցությունները: «Մեր բնապահպանական հասարակական կազմակերպությունների մեծ մասը խոսում է՝ վայ, ինչ կլինի՝ 2 գլխանի մարդ, 3 ոտանի հորթ եւ այլն, սակայն բուն թեման չեն քննարկում: Չէ՞ որ աշխարհում ընդունված է հանքարդյունաբերությունը, դրա իրականացման չափորոշիչները: Այսպես թե այնպես՝ մարդու գոյությունն ազդում է շրջակա միջավայրի վրա, իսկ հանքարդյունաբերության ազդեցությունները նվազեցնելը, հետեւանքները վերացնելը պետք է քննարկման առարկա դառնան, սակայն մեր ՀԿ-ները մեր բնակչությանն ահաբեկում են, որ՝ տեսեք, հեսա կգան, ձեր երեխաներն այսպես կծնվեն, սնունդ չեք ունենա, աղտոտվածություն եւ այլն: Իսկ թե ինչ անել, որ աղտոտվածությունը քիչ լինի, համայնքի բնակիչն էլ օգուտ ստանա՝ դրա մասին ոչ ոք չի խոսում»:

Ընդերքը պետության սեփականությունն է, իսկ հողը պետական, համայնքային եւ մասնավոր սեփականություն է, ստացվում է, որ համայնքները կամ ՀԿ-ները խոչընդոտում են պետությանը՝ օգտագործել իր ընդերքը, նշում է փորձագետը: «Հիմա ստացվում է, որ նախապես իրենք որոշում են կայացնում, ինչը հակասում է «Օրհուսի» կոնվենցիային, քանի որ բնակիչները պետք է մասնակցություն ունենան որոշման կայացմանը»,- նկատում է փորձագետը: Միջազգային փորձից նա բերում է Ղազախստանի օրինակը, համայնքը լսում է, ծրագրի մասին իր դիտողությունները հայտնում, տնտեսվարողն այդ դիտողությունները պետք է ընդունի կամ չընդունի, լսումների ժամանակ հայտարարի, որ նման դիտողություն է եղել, ինքը դա ընդունել է, փոփոխել է այս ձեւով: Եթե առաջարկություն անողը համաձայնում է, ամփոփաթերթ է կազմվում, եւ ուղարկում են լիազոր մարմնին, որը պետք է ասի՝ դիտողություններն արդարացվա՞ծ են, թե՞ ոչ: Իսկ Հայաստանում ՇՄԱԳ-ի օրենքի փոփոխությամբ ասվում է, որ համայնքը պետք է տա համաձայնություն, այլ կերպ անհնար է: Ստացվում է, որ համայնքին տվել են հնարավորություն՝ ցանկացած հանքարդյունաբերություն կասեցնելու:

«Այս միտման հետեւում կանգնած են հասարակական կազմակերպությունները. նրանք բիրտ ուժի կիրառմամբ ազդեցություն են ունենում համայնքի վրա: Ժողովներին համայնքի ներկայացուցիչներն այդքան շատ չեն խոսում, որքան մի քանի ՀԿ-ների ղեկավարներ, եւ բոլոր տեղերում ներկայացնում են ուրան: Այդ ուրանը եթե կա, քնած վիճակում է, եթե մերկացումներ կան, դրանք, այսպես թե այնպես, ենթարկվում են հողմահարման՝ անձեւի, ձյան, արեւի ազդեցության տակ քանդվում են, եւ տարրական կրթություն ունեցողները դա պետք է իմանան:

Եթե ուրան կա, այն ենթարկվելու է հողմահարման ու իջնելու է գյուղ, չէ՞ որ գյուղերի մեծ մասը նստած է այդ հանք-երեւակումների վրա, բնականաբար, այդ հողից սնվում են, հողմահարված մասնիկները նստում են այդ հողերի վրա, թեկուզ հանքը կարող է չլինել»,- նկատում է փորձագետը՝ նշելով, որ համայնքի ղեկավարության հետ պետք է աշխատանք տանել, որ համայնքի բնակիչները հանրային լսումից առաջ որոշակի պատկերացում ունենան քննարկվելիք թեմայի մասին, որ կարողանան տարբերել՝ դա արվում է իրենց մոլորեցնելու, վախեցնելու համար՝ որ հանքադյունաբերությունը «բոբո» է: Օրինակ, Վայքում լսումների ժամանակ հայտարարել են, որ հսկայական քանակությամբ ջուր են օգտագործելու, որը մի ամբողջ քաղաքի կարող էր բավարարել, սակայն հանքարդյունաբերությունն այդքան ջուր չի կարող օգտագործել:

«Բնակչության եւ համայնքային ղեկավարության իրազեկման մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներ պետք է տանել: Գնում ես աշխատելու, ասում են՝ եկել ես ինձ թունավորես, չեն էլ ուզում լսել: Բնակչության հետ աշխատանքներ պետք է իրականացվեն թե՛ պետության, թե՛ մասնավորի կողմից, միայն հանքարդյունաբերողի վրա թողնելը ճիշտ չէ, այդ կարծրատիպերի դեմ պայքարելու համար պետք է լինի պետության ու մասնավորի համագործակցությունը»,- շեշտում է Քերոբյանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test