Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան ժամանակ առ ժամանակ անդրադառնում են ռեգիոնալ խորհրդատվական «3+3» հարթակին, դրա կարևորությանն ու այդ հարթակի գործունեությունն ակտիվացնելու անհրաժեշտությանը։ Նախօրեին ՄԳԻՄՕ-ի դասախոսների և ուսանողների առջև ելույթի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ «3+3» ձևաչափով Հարավային Կովկասի պետությունների և նրանց երեք հարևանների, այդ թվում՝ Ռուսաստանի միջև փոխգործակցությունը շուտով կվերականգնվի։
«Մենք մեծ հույս ունենք, որ կվերսկսվի այն նախաձեռնության շրջանակում աշխատանքը, որը ժամանակին առաջ էին քաշել Թուրքիան և Ադրբեջանը, այսինքն՝ «3+3» պլատֆորմ ստեղծելու նախաձեռնությունը։ Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, և նրանց երեք մեծ հարևանները՝ Իրանը, Թուրքիան, Ռուսաստանը… Մենք հիմա կարծում ենք, որ ժամանակն է վերսկսելու այս ձևաչափը»,– ասել է Լավրովը։
Նրա խոսքով՝ Իրանը սատարում է այս գործընթացին, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը եղել են պլատֆորմի նախաձեռնողները։ Այս համատեքստում Լավրովը հույս է հայտնել, որ շուտով հանդիպում կկայանա։
ՀՀ ԱԳՆ-ը էլ իր հերթին հայտնել է, թե տեղեկություն չունի «3+3» ձևաչափով նախարարական հանդիպման անցկացման ճշգրիտ ժամկետների և վայրի մասին: «Հայաստանի Հանրապետությունը հայտնել է իր պատրաստակամությունը՝ հյուրընկալելու «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նախարարական հերթական հանդիպումը։ Նմանօրինակ պատրաստակամություն էր հայտնել նաև Ադրբեջանի Հանրապետությունը»,- նշել էին ՀՀ ԱԳՆ-ից։ Գերատեսչությունը նաև նշել է, որ հանդիպման անցկացման ժամկետները և վայրը որոշելու համար պետք է անցկացվեն քննարկումներ: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը IRNA-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Երևանում կամ Բաքվում։
Իրանցի պաշտոնյաները ևս հարավկովկասյան երկրների պաշտոնյաների հետ շփումներում հաճախ խոսում են իրականում հնգակողմ այս հարթակի աշխատանքների վերսկսման կարևորության մասին, նույնիսկ առաջարկում այն օգտագործել՝ որպես հայ-ադրբեջանական որոշ հարցեր քննարկելու համար հարթակ։ Սակայն հանդիպումները կրում են շատ հազվադեպ բնույթ, կազմակերպվում են ուշ-ուշ։ Արդեն տևական ժամանակ է, ինչ հայտարարություններ են արվում, թե հաջորդ հանդիպումը կարող է լինել Երևանում կամ Բաքվում, սակայն հանդիպման համաձայնեցման ուղղությամբ գործնական քայլեր չեն արվում։
168․am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ վերջին տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ծավալվող արմատական զարգացումների ու փոփոխությունների կոնտեքստում նման ձևաչափի կարևորությունը հնարավոր չէ թերագնահատել։
Նրա դիտարկմամբ, ռեգիոնում շատ փոփոխություններ են տեղի ունենում, շատերը դեռևս առջևում են, որոնք դեռևս համաձայնեցման կարիք ունեն։
«Այդ համաձայնեցումներն արդեն իսկ տեղի են ունենում վերջին տարիներին, սակայն ոչ այս հարթակում, այլ երկկողմ խորհրդակցությունների միջոցով։ Վերջին տարիներին էական համագործակցություն, բանակցություն կա Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այստեղ ոչ միայն համագործակցություն է, այլև շահերի բախում, փոխզսպում։ Պատահական չէ, որ Թուրքիայի ղեկավարը խոսում է Հարավային Կովկասում Իրանի ու Ռուսաստանի մտահոգությունների մասին, ինչից կարելի է ենթադրել, որ այդ անհանգստություններն ամեն դեպքում հաշվի են առնվում, դրանք քննարկվում են երկկողմ ու բազմակողմ հանդիպումների ընթացքում, իսկ ավելի լայն մասնակցությամբ հարթակը թույլ կտա այդ աշխատանքն ավելի հեշտացնել ու ներդաշնակեցնել»,- ասաց վերլուծաբանը։
Մյուս կողմից՝ Կայհան Բարզեգարի խոսքով, այս աշխատանքի հապաղումը ցույց է տալիս նաև ռեգիոնում առկա խորը հակասությունների ու մրցակցության մասին։
«Որքան էլ քննարկումները տեղի են ունենում երկկողմ ձևաչափերում, ընթանում է ռեգիոնում լիակատար ազդեցություն հաստատելու համար մրցակցություն, կան ուժեր, որոնք ձգտում են այդ ազդեցությանը, դա է պատճառը, որ նման հարթակն ի վերջո չի հաստատվում՝ որպես բազմակողմ քննարկումների համար հարմար ձևաչափ, դա է պատճառը, որ խորհրդատվական գործառույթը չի խորացվում, և չի ամրապնդվում քաղաքական բաղադրիչը։ Մյուս խնդիրը, իհարկե, այն է, որ Ռուսաստանն ավելի պասիվ է աշխատում ռեգիոնում, և ռեգիոնալ հավասարակշռության մեծ բաժինն ընկել է Իրանի վրա, որը ևս բավականին շատ խնդիրներ ունի ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ»,- ասաց վերլուծաբանը։
Կայհան Բարզեգարը գտնում է, որ քաղաքական բաղադրիչով ամրապնդվելու դեպքում ձևաչափն ավելի հեռանկարային ապագա կունենա։
«Բնականաբար, ավելի կամրապնդվի այն, եթե Վրաստանը վերանայի իր դիրքորոշումն այս հարցում։ Չի բացառվում, որ դա ևս տեղի ունենա»,- նկատեց փորձագետը։
Նրա համոզմամբ, անկախ նրանից, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում ռեգիոնի վերաբերյալ ԱՄՆ-ում կամ այլ երկրներում, ռեգիոնալ տերություններն ամեն դեպքում ազդեցություն ունեն իրավիճակի վրա և աշխատում են տեղում՝ ունենալով ավելի մեծ լծակներ, ազդեցության մեխանիզմներ։
«Եթե այս հարթակի գործունեությունն ակտիվանա, բնականաբար, դրա մաս կազմող բոլոր երկրների ձայնը, շահը է՛լ ավելի լսելի կլինի, դա է պատճառը, որ չկա շահագրգռություն որոշ ուժերի մոտ, որպեսզի այս ձևաչափը չկայանա։
Քննարկվող հանդիպումները Երևանում ու Բաքվում, ամենայն հավանականությամբ, կդառնան հերթական նախարարական հանդիպումը, կքննարկեն ինչ-որ հարցեր և կհեռանան, սակայն ինչ-որ փուլում գուցե մասնակից ավելի շատ երկրների հետաքրքրի այս ձևաչափի ակտիվ գործունեությունը։ Դա, իհարկե, կախված է այս կամ այն ուժի տվյալ պահի ազդեցությունից, ռեգիոնում ազդեցության հավասարակշռությունից տերությունների միջև, ուստի մինչ այդ աշխատանքներն ընթանում են երկկողմ ձևաչափերով, որի ականատեսը եղանք ՇՀԿ վերջին հավաքի ընթացքում, երբ հանդիպումներ տեղի ունեցան Իրանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ղեկավարների միջև երկկողմ ձևաչափերով և քննարկվեցին, այդ թվում՝ Հարավային Կովկասի հարցերը։
Եվ ուշագրավ է, որ այդ քննարկումները, այդ թվում՝ Հարավային Կովկասում ԱՄՆ նախաձեռնությունը, տեղի ունեցան մի հարթակում, որտեղ ազդեցություն ունի Չինաստանը։ եվ Չինաստանը ևս անմասն չէ, պարզապես չինական քաղաքականությունն այլ ձևով է աշխատում և իր մասին հիշեցնում»,- ասաց Կայհան Բարզեգարը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test