Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Կարմիր»՝ երբ գիրքը կինո է դառնում mediamax.am mediamax.am

time
«Կարմիր»՝ երբ գիրքը կինո է դառնում

Գիրքը երբեմն փակվում է միայն նրա համար, որ նորից բացվի ուրիշ ձեւաչափով՝ ֆիլմի էկրանին։ Սեպտեմբերի 6-ին Գրքի երեւանյան փառատոնի շրջանակում գրականությունն ու կինոն հանդիպեցին միմյանց՝ ցույց տալու, թե ինչպես են բառերը վերածվում շարժվող պատկերների։

Առանցքում Հովիկ Աֆյանի «Կարմիր» վեպի էկրանավորումն էր։ Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում քննարկում էին. հնարավո՞ր է գրքի աշխարհը տեղավորել ֆիլմի կադրերում։

Քննարկմանը մասնակցում էին վեպի հեղինակ Հովիկ Աֆյանը, սցենարիստ Արամ Խաչատրյանը եւ դերասաններ Ներսես Ավետիսյանը, Տաթեւ Հովակիմյանը եւ Նանոր Պետրոսյանը։

Արամ Խաչատրյանը խոստովանեց, որ գրքի ադապտացիան հաճախ ավելի բարդ է, քան զրոյից սցենար գրելը․

«Գրքում ամեն ինչ լիքն է՝ մտքեր, պատկերներ, զգացմունքներ։ Բայց կինոն ստիպում է կտրել ավելորդը։ Այստեղ է ամենադժվարը՝ որտեղի՞ց կտրել, որ չկտրես սիրտը։

Պատերազմի մասին պատմելիս շատերը փորձում են հերոսացնել, իսկ ես ուզում էի հակառակը՝ ցույց տալ, որ պատերազմը մարդուն կուլ է տալիս։ Մեր նպատակն էր, որ ֆիլմը հակապատերազմական լինի։ Գրքում դա հիանալի երեւում է, հուսով ենք՝ ֆիլմով էլ կստացվի»։

Տաթեւ Հովակիմյանը ընդգծեց, որ սցենարը գրքից մի փոքր այլ շեշտադրում ունի.

«Գրքում պատերազմի ավելի շատ դրվագներ կան, իսկ սցենարն ավելի շատ խաղաղության մասին է։ Այնտեղ հատուկ նշված չեն կոնկրետ երկրներ կամ տարածքներ։ Կենտրոնում մարդն է՝ իր ընտրությամբ, իր կռիվներով։ Պատերազմի փոխարեն ուզում ենք խոսել խաղաղության կարեւորության մասին»։

Նանոր Պետրոսյանը պատմեց, որ իրեն ապշեցրել է Հովիկ Աֆյանի վեպում կանանց կերպարների խորությունն ու բազմազանությունը.

«Գիրքը կարդացի երեք ժամում։ Երբ ստացա առաջարկը, հենց գրքի ազդեցության տակ եկա փորձերին։ Շատ կարեւոր էր, որ Հովիկի ստեղծած գրական լեզուն կարողանայինք հաղորդել մեր կերպարների միջոցով։ Առանց այդ լեզվի ամեն ինչ պարզապես սյուժետային զարգացումների շարան կդառնար։ Բացի այդ, գրքում կան բազմաթիվ կանանց կերպարներ, որոնք այն կամ ընտրությունը կատարելով՝ փոխում են պատմության ընթացքը։ Դա ինձ համար անսպասելի բացահայտում էր»։

«Ապրելու ու չապրելու արանքում կատարվողի մասին ենք պատմում, բալանսի ու ներդաշնակության բացակայության առաջացրած քաոսի եւ նրա հետեւանքների մասին։ Բայց ի վերջո ցույց ենք տալու մարդկանց լույսի ճանապարհ», - ասել է Ներսես Ավետիսյանը:

«Գրողի համար, որքան էլ պարադոքսալ հնչի, գրքի ֆիլմ դառնալը մի տեսակ երազանքի իրականացում է եւ միաժամանակ՝ դրա կործանումը։ Այդ պահին հասկանում ես՝ պատմությունն այլեւս քոնը չէ։ Դու այլեւս միակը չես, որ պատմում է այն», – անկեղծանում է Հովիկ Աֆյանը։

Հովիկ Աֆյանը պատմեց, որ երբ ֆիլմի ռեժիսոր Պետրոս Հովհաննիսյանը առաջին անգամ կարդացել էր գիրքը, անմիջապես կապ էր հաստատել իր հետ՝ առաջարկելով այն վերածել ֆիլմի։ Հովիկն էլ սկզբից եւեթ որոշել է լիակատար ազատություն տալ ստեղծագործական թիմին։

Միայն խնդրել էր մեկ օր նկարահանման հրապարակ այցելելու հնարավորություն տալ։

«Գիրքն իմն էր այնքան ժամանակ, քանի դեռ այն միայն էջերում էր։ Ֆիլմը արդեն ուրիշի ստեղծագործությունն է, եւ ես չեմ ուզում խառնվել», - ասում է Հովիկ Աֆյանը։

Արամ Խաչատրյանը խոստովանեց, որ սցենարը գրելիս հաճախ լինում էին պահեր, երբ ուզում էր զանգել Հովիկ Աֆյանին ու հարցեր տալ.

«Հետո հասկացա, որ գուցե դա ճիշտ չէ։ Երբ հեռու ես հեղինակից, սկսում ես տեսնել այնպիսի բաներ, որոնք գուցե ինքը չէր ուզենա, որ տեսնես։ Այդ պատճառով որոշեցի մի փոքր հեռավորության վրա մնալ, որպեսզի ազատ ստեղծագործեմ»։

Ֆիլմի նկարահանումը դեռ ընթացքի մեջ է, իսկ աշխատանքային վերնագիրն է «Երջանկահովտից հարյուր մետր հյուսիս»։

Յուրաքանչյուր հանդիսատես այն կտեսնի իր ձեւով։ Գուցե ինչ-որ մեկը դուրս գա կինոդահլիճից՝ աչքերում կուտակված ցավով, մեկ ուրիշը՝ նոր ծնված հույսով։ Իսկ գուցե ինչ-որ մեկի համար ֆիլմը հիշեցում լինի, որ պատերազմները երբեք չեն ավարտվում միայն թղթի վրա։

Աստղիկ Հովհաննեսով

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test