Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Պուտինը վերցնո՞ւմ է Ալիեւի «նետած ձեռնոցը» hraparak.am hraparak.am

time
Պուտինը վերցնո՞ւմ է Ալիեւի «նետած ձեռնոցը»

Անցյալ շաբաթ Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների ժամանակ ռազմավարական դաշնակիցներ համարվող Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ «ոտքի վրա» տեղի ունեցած հանդիպումը «նշանավորվեց» ընդամենը կարճ ձեռքսեղմմամբ: ՌԴ առաջնորդը նաեւ կարճ ողջունել է Ալիեւի կնոջը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային։ Ավելի վաղ ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ առանձին հանդիպում չի եղել։

Մոսկվայի եւ Բաքվի միջեւ սառը եւ վատթարացող հարաբերությունների ֆոնին այս «սառը ձեռքսեղմումը» խորհրդանշական իմաստ է ձեռք բերում. ենթադրվում է, որ Կրեմլն այսպիսով ազդակ է ուղարկում Ադրբեջանին եւ այդ երկրի մեծամիտ առաջնորդին, որը վերջին շրջանում ՌԴ իշխանություններին եւ Ռուսաստանի առաջնորդին մեղադրում է «մահացու մեղքերի մեջ»: Հիշեցնենք, օրեր առաջ «Ալ-Արաբիային» տված ծավալուն հարցազրույցում Ալիեւը «մեծ-մեծ» հայտարարություններ էր արել Մոսկվայի հասցեին, մեղադրել ադրբեջանական ուղեւորատար ինքնաթիռի կործանման համար, ներողություն պահանջել, Ռուսաստանի իրավապահներին մեղադրել Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին հետապնդելու, խոշտանգելու եւ սպանելու մեջ, ձեռքի հետ վերհիշել ԽՍՀՄ տարիներն ու հայտարարել, թե ժամանակին՝ 1920 թվականին, ռուսական բանակը նախ օկուպացրել է Ադրբեջանը, ապա նրանից խլել Զանգեզուրն ու նվիրել Հայաստանին: Հատկանշական է, որ ԽՍՀՄ-ի հասցեին զրպարտչական հայտարարություններ է անում մեկը, որը նույն՝ Խորհրդային Միության տարիներին ուսանել է Մոսկվայի ՄԳԻՄՕ-ում, որի ընտանիքի անդամների մեծ մասն ուսանել, ապա սերտորեն առնչվել է ԽՍՀՄ-ի եւ ժամանակակից Ռուսաստանի հետ, իսկ, որ ամենակարեւորն է, որի հայրը՝ Հեյդար Ալիեւը, եղել է ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարներից մեկը: Ի դեպ, նույն Չինաստանում, պետական համալսարան այցի ժամանակ, Ալիեւին արժանի «ապտակ» են հասցրել համալսարանի ուսանողները՝ բոյկոտելով նրա ելույթը եւ հայտարարելով, թե իրենց մոտ տեղ եւ խոսելու իրավունք չունի Խորհրդային Միությանը զրպարտող եւ հակասովետական հայացքներ ունեցող անձը, ինչից հետո Ադրբեջանի բռնապետը ստիպված հեռացել է հաստատությունից:

Դառնալով ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկայիս մակարդակին, ուշագրավ է, որ դրանց վատթարացման եւ Ալիեւ-Պուտին խորացող հակասությունների ֆոնին, Ադրբեջանի իշխանությունները բաց տեքստով մեկ այլ մեղադրանք են հնչեցնում Ռուսաստանի հասցեին՝ նշելով, որ նրա զինված ուժերը վերջին շրջանում պարբերաբար հարվածում են Ուկրաինայում գտնվող ադրբեջանական գործարաններին: Զուգահեռաբար, Բաքվում պարբերաբար հայտարարում են Ալիեւի ուղիղ հանձնարարությամբ Կիեւին տրվող հերթական ֆինանսական աջակցության մասին: Ավելի վաղ ադրբեջանական կողմն ամենաբարձր մակարդակով բազմիցս ակնարկել էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին՝ ակնարկելով, թե Ռուսաստանն «ագրեսոր է եւ օկուպանտ»: Հարց է առաջանում նաեւ․ արդյո՞ք Մոսկվան մեղքի իր բաժինը չունի, որ Ալիեւն այսչափ մեծամիտ ու մեծաբերան է դարձել՝ սկսած նույն ԼՂ հակամարտության հարցում Կրեմլի բռնած դիրքորոշումից: Արդյո՞ք Կրեմլի դիվանագիտական «լռությունն» ավելի հնչեղ ու հոխորտալից չի դարձնում Բաքվի բռնապետին, որն իրեն համաշխարհային առաջնորդ է համարում: Եվ արդյո՞ք նրա քաղաքական «ձեռնաշարժության» համար լրացուցիչ առիթ չէ Մոսկվայում նրա հոր՝ Ադրբեջանի նախկին առաջնորդ Հեյդար Ալիեւի հուշարձանի տեղադրման գաղափարը, որի մասին հպարտությամբ ժամանակին ազդարարել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Այս ամենի պատասխանը, վստահ եմ, ռուսներն էլ գիտեն...

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test