Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Որևէ բան դեռ չի պարզվել». պայմանագրային զինծառայողի սպանությունից ավելի քան 1 տարի անց ՔԿ-ն դեռ չի պարզել՝ հակառակորդի կրակոցի՞ց էր, թե՞ ոչ 168.am 168.am

time
«Որևէ բան դեռ չի պարզվել». պայմանագրային զինծառայողի սպանությունից ավելի քան 1 տարի անց ՔԿ-ն դեռ չի պարզել՝ հակառակորդի կրակոցի՞ց էր, թե՞ ոչ

168.am-ը մի քանի անգամ անդրադարձել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի մահվան փաստին:

2024 թվականի հունիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր.

«Հունիսի 14-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»:

Հաջորդ օրը՝ հունիսի 15-ին էլ ՀՀ քննչական կոմիտեն էր հաղորդագրություն տարածել, որտեղ տեղեկացվում էր.

«2024թ. հունիսի 14-ին ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային գնդակային վիրավորումով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել են քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի և դիակի զննություն:

Քրեական վարույթով էական հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ»:

Այսինքն, քրեական վարույթը սպանության հատկանիշներով է, բայց արդյո՞ք այդ սպանությունը հակառակորդի կրակոցից էր, թե՞ ոչ, ըստ էության, հստակ չէր:

Նշենք, որ այդ օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանի Գյունուտ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է անհետացած ադրբեջանցի զինծառայող Ջեյհուն Հուսեյնովի դին, իսկ Ադրբեջանի զինվորական դատախազությունն իրենց զինվորի սպանության հետ կապված նույնաբովանդակ հաղորդագրություն էր տարածել, ինչ ՀՀ քննչական կոմիտեն՝ մեր պայմանագրայինի դեպքում:

Բացի այս, այդ օրերին ադրբեջանական կողմը մի քանի անգամ Հայաստանի զինված ուժերին մեղադրել էր նախիջևանյան թևում հրադադարի ռեժիմը խախտելու համար, ինչը ՀՀ ՊՆ-ն ապատեղեկատվություն էր որակել:

Ավելի ուշ՝ 2025 թվականի ապրիլին, ադրբեջանական կողմը մանրամասներ էր հայտնել իրենց զինվորի մահվան հանգամանքներից, նա հայկական կողմի կրակոցից չէր սպանվել, մեղադրանք էր առաջադրվել զորամասի հրամանատարին և բուժծառայության ղեկավարին:

Իսկ 2024 թվականի հունիսի 15-ից հետո, ինչպես նշեցինք, 168.am-ը պարբերաբար փորձել է ՀՀ քննչական կոմիտեից պարզել՝ արդյո՞ք պայմանագրայինի սպանությունը հակառակորդի կրակոցից էր, թե՞ ներքին խնդրի հետևանք էր կատարվածը, և ամեն անգամ մեզ պատասխանել են. «Դեռևս հանգամանքները պարզվում են»:

2025 թվականի փետրվարին 168.am-ը դարձյալ փորձել էր Քննչական կոմիտեից տեղեկություն ստանալ հայ պայմանագրային զինծառայող Արմեն Գուրգենի Գասպարյանի սպանության հետ կապված:

«Նախաքննություն է ընթանում, նորություն չկա»,- ասել էր ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Եվ քանի որ բավական ժամանակ է անցել վերջին հարցումից, 2025 թվականի սեպտեմբերի 9-ին հերթական անգամ այս հարցով դիմեցինք Քննչական կոմիտեին:

«Որևէ նոր բան չկա այս քրեական վարույթով, նախաքննությունը շարունակվում է, հետապնդում չունենք, որևէ բան դեռ չի պարզվել»,- մեզ հետ զրույցում նշեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:

Այսինքն, ավելի քան 1 տարի է՝ չեն կարողանում պարզել՝ պայմանագրային հայ զինծառայողին ներսի՞ց, թե՞ դրսից՝ ադրբեջանական կողմից են սպանել:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test