Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Տուրիստական Դիլիջանը` առանց սպանդանոցի, հասարակական զուգարանների, ավտոկայարանի hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Տուրիստական Դիլիջանը` առանց սպանդանոցի, հասարակական զուգարանների, ավտոկայարանի

Վերջին տարիներին զբոսաշրջիկների մեծ հոսք կա դեպի առողջարանային Դիլիջան քաղաք։ Դիլիջան են այցելում ոչ միայն Հայաստանի մյուս մարզերի բնակիչները, այլեւ հեռավոր արտերկրից: Բայց ավելի շատ այցելում են նախկին խորհրդային երկրներից։ Դիլիջանում վերջին տարիներին գործարկվել են բազում հյուրանոցներ, հյուրատներ, քաղաքի բազմաթիվ բնակիչներ իրենց տները վերակառուցել, ընդարձակել են, պապական տները դարձրել են հյուրատներ եւ օրավարձով հանձնում են իրենց քաղաք ժամանած հյուրերին։ Եթե նախկինում Դիլիջան զբոսաշրջիկների մեծ հոսքը միայն ամռան ամիսներին էր լինում, ապա վերջին տարիներին տարվա մյուս եղանակներին էլ զբոսաշրջիկների ակտիվ շարժ կա։ Քաղաքն իսկապես առողջարանային, զբոսաշրջային քաղաք դառնալու հեռանկար ունի:

Զբոսաշրջության ոլորտում Դիլիջանի մրցակցային առավելությունները շատ են` Դիլիջանի գեղեցիկ բնությունը, լեռնային մաքուր օդը, գեղեցիկ անտառները, Դիլիջան համայնքի տարածքում նշանավոր Հաղարծին վանական համալիրի ու Գոշավանքի առկայությունը։ Նախկին խորհրդային երկրում Դիլիջանը հայտնի դարձավ հատկապես 1978 թվականին էկրան բարձրացած «Միմինո» ֆիլմով, որի գլխավոր հերոսներից մեկը՝ վարորդ Ռուբիկը, ֆիլմում գովազդում է իր հայրենի, արեւաշող Դիլիջանի բնակարանների ծորակներից հոսող ջրի բարձր որակը։ Սակայն կան օբյեկտիվ խոչընդոտներ, որոնք խանգարում են Դիլիջանում զբոսաշրջության զարգացմանը։

Երեւան-Դիլիջան եւ հակառակ ուղղությամբ գործում են իրենց դարն ապրած, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված, ոչ կոմֆորտային միկրոավտոբուսներ։ Դիլիջանում արդեն 5 տարի է, ինչ քաղաքային ավտոկայարանը չի գործում։ Նախկինում քաղաքային ավտոկայարանի տեղում սրճարան էր աշխատում, հիմա «Սքայ» սուպերմարկետն է։ Դրա կողքին գտնվող շենքի մի պատուհանից Դիլիջան-Երեւան միկրոավտոբուսային ուղերթի տոմսեր են վաճառվում։ Ամառվա տապին, աշնանային ու գարնանային անձրեւների ժամանակ, ձմռան ցրտին Դիլիջանում ուղեւորները պատսպարվելու տեղ չունեն։ Հայտնի չէ՝ «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն Դիլիջանի ավտոկայարանի տարածքը վաճառե՞լ է, թե՞ վարձակալությամբ է հանձնել սուպերմարկետի տերերին։ Դիլիջան քաղաքում կարեւոր հիմնախնդիր է նաեւ հասարակական զուգարանի բացակայությունը։ Դիլիջանի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ քաղաքը ձգվում է տարբեր ուղղություններով, թեքություններով, սակայն ձգված Դիլիջանում ոչ մի տեղ չի գործում հասարակական զուգարան։ Դրա բացակայությունից դժգոհ են ոչ միայն արտերկրից ու Հայաստանի տարբեր վայրերից Դիլիջան ժամանած զբոսաշրջիկները, այլ նաեւ՝ Դիլիջան համայնքի բնակիչները։

Դիլիջան համայնքի համար հիմնահարց է նաեւ սպանդանոցի բացակայությունը։ Հայաստանի կառավարության որոշմամբ՝ 2020թ․ հուլիսի 1-ից վաճառվող միսը պարտադիր պետք է ունենար սպանդանոցային ծագում` անասունների մորթը պետք է իրականացվեր սպանդանոցում։ Հետո այդ որոշման կիրարկումը հետաձգվեց, սակայն ներկայում օրենքով պարտադիր է, որ հասարակական սննդի օբյեկտներում տարբեր ճաշատեսակների մեջ մատուցվող միսն ունենա սպանդանոցային ծագում։ Դիլիջան քաղաքում ի՞նչն է շատ՝ ռեստորանները, սրճարանները, սակայն շուրջ 17 հազար բնակչություն ունեցող Դիլիջան քաղաքում եւ Դիլիջան խոշոր համայնքի գյուղերում՝ Գոշում, Հաղարծինում, Թեղուտում, Հովքում, Խաչարձանում, Աղավնավանքում, սպանդանոց չկա։ Ուշագրավ է, որ միայն Դիլիջանում է այդ վիճակը` Տավուշի մարզի 3 խոշոր համայնքներում՝ Իջեւանում, Նոյեմբերյանում, Բերդում, օրինական հիմունքներով գործում են սպանդանոցներ։ Եվ ոչ ոք չգիտի` Դիլիջան քաղաքում վաճառվող, ռեստորաններում հրամցվող մսե ուտեստներն անվտա՞նգ են, թե՞ սպառնալիք են մարդկանց առողջությանը։ Այս խնդրին պետք է որ տեղյակ լինի ծագումով Տավուշի մարզից վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հաճախ է հյուրընկալվում իր հայրենի Իջեւանում եւ Դիլիջանում։

Նիկոլ Փաշինյանը հպարտանում է Հայաստանում զբոսաշրջության զարգացմամբ, վերջերս էլ թվեր էր հրապարակել մեր երկիր այցելած աննախադեպ թվով տուրիստների մասին, սակայն տուրիստական համբավ ունեցող Դիլիջանում զբոսաշրջիկներին վանող շատ բան կա, այդ թվում` սպանդանոցների բացակայությունը, որոնք չեն մտահոգում վարչապետին։

Ոսկան Սարգսյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test