Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ինքնիշխանության հայկական թեստ». ո՞վ կդնի սահմանային կնիքը sputnik sputnik

time
«Ինքնիշխանության հայկական թեստ». ո՞վ կդնի սահմանային կնիքը
Հայաստանի իշխանություններն ի վերջո միջանցք հանձնեցի՞ն թուրք-ադրբեջանական տանդեմին, թե՞ դա, այնուամենայնիվ, ներդրումային նախագիծ է՝ Հայաստանի ինքնիշխանության լիակատար և անվերապահ պահպանմամբ։
Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտոնական այրերը կտրականապես հերքում են «միջանցքային» տերմինաբանությունը և ընդգծում` որևէ արտատարածքային ռեժիմ չի դիտարկվում, և այն ամենը, ինչ տեղի է ունենում Սյունիքում կամ պետք է տեղի ունենա, կլինի բացառապես «անկախ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմամբ»։
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը Ալիև-Թրամփ-Փաշինյան վաշինգտոնյան հանդիպումից առաջ հայտարարեց` Ալիևի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից։ Սակայն հայ և միջազգային փորձագետների մեծ մասը նշում է, որ ԱՄՆ–ի հետ երկկողմ հուշագրերի տեքստերը չեն կոնկրետացնում «Թրամփի ուղու» ֆունկցիոնալ առանձնահատկությունները և մեծ տեղ են թողնում մեկնաբանությունների մանևրումների համար։ Սա միայն ամրապնդում է պայմանավորվածությունների «երկմակարդակ» փաթեթի (որում կան պաշտոնական ձևակերպումներ և ոչ պաշտոնական հավելվածներ/համաձայնագրեր) առկայության զգացողությունը։
Պաշտոնական Երևանի համար տեղեկատվական դաշտում խնդիրն այն է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հնչեցրած պահանջները քննարկումը վերադարձնում են հայկական կողմի համար նախապայմանների էությանը, այսինքն՝ հայկական սահմանային և մաքսային շփման բացակայություն ադրբեջանցիների և ադրբեջանական բեռների հետ։
Հայկական կողմն ի պատասխան միայն ասում է, որ ԱՄՆ-ում ստորագրած հուշագրի բոլոր կետերը խիստ համապատասխան են ՀՀ օրենսդրությանը, սակայն կտրականապես հրաժարվում է պատասխանել տարրական հարցին` ո՞վ է ֆիզիկապես ստուգելու Ադրբեջանի քաղաքացիներին։ Հայ սահմանապահներն ու մաքսայինները, թե՞...։
Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։ Իշխանություններն այս հիմնական հարցին ուղիղ և հստակ պատասխան չեն տալիս։ Քանի որ եթե ստուգումն ու սահմանային վերահսկողությունն իրականացնում են հայկական ծառայությունները, ապա դա սովորական ճանապարհ է (թող որ առաջնահերթություններով, պատուհաններով, «կանաչ միջանցքներով» և այլն)։ Եթե գործում է հայկական ծառայությունների հետ շփում չունեցող ռեժիմ (կամ այն միջնորդվում է երրորդ կողմի/օպերատորի կողմից՝ «neutral guarantor» մոդելի համապատասխան), ապա սա ըստ էության, իմաստով և փաստացի արտատարածքային միջանցք է՝ Հայաստանի ինքնիշխանության կոպիտ խախտմամբ։
Հաշվի առնելով հայկական կողմի լռությունն ու թուրք-ադրբեջանական տանդեմի ծայրահեղ անկեղծությունը` մեր առաջ, ամենայն հավանականությամբ, դասական կոնստրուկցիա է կառուցվում։ «Թղթերի» համաձայն` ասվում է, որ դե յուրե սա զուտ տարանցիկ ճանապարհ է, բայց դե ֆակտո Ադրբեջանին և Թուրքիային արտատարածքային միջանցք է տրամադրվում։
Ինչպես նշվում է արտասահմանյան մամուլում, Բաքվի հրապարակային պահանջները, այն է՝ անցում Հայաստանի տարածքով, բայց այնպես, որ Ադրբեջանի քաղաքացիները չտեսնեն «հայ սահմանապահների դեմքը», վկայում են հենց վերոնշյալ տարբերակը։ Այսինքն՝ միջանցքի տրամադրում ֆորմալ առումով արտաքին՝ ամերիկյան օպերատորի միջոցով։
Պետք է նաև հաշվի առնել, որ ամերիկացիները ձգտում են այնպես անել, որ TRIPP-ը վերափոխի Եվրասիայի հաղորդակցության քարտեզը։ Այս լոգիստիկ համակարգը պետք է ինտեգրվի նրանց «Միջին միջանցք» (Եվրոպա-Կասպից ծով-Կենտրոնական Ասիա) հայեցակարգին՝ շրջանցելով Իրանն ու Ռուսաստանը։ Ահա թե ինչու են Թեհրանն ու Մոսկվան կասկածում, որ այս նախագիծը կարող է լինել Վաշինգտոնի ռազմավարական ծուղակը եվրասիական վեկտորի համար։
Ի դեպ, որքան էլ մեզ պատմեն հայկական արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի մասին, TRIPP նախագծի իրականացումը Երևանի համար նշանակում է կտրուկ շրջադարձ դեպի Արևմուտք: Ընդհանրապես տպավորություն է ստեղծվում, թե հայկական կողմի համար կարևոր չէ՝ դա միջանցք է, թե ճանապարհ: Հայաստանի գործող իշխանությունների համար շատ ավելի կարևոր է, թե ինչպես կանվանեն այս լոգիստիկ հատվածը մամուլում:
Հայաստանի սահմանն «առանց հայ սահմանապահի» հատելու ադրբեջանական պահանջ, «միջանցքի» մասին ամերիկյան և թուրքական հռետորաբանություն, Հայաստանի ինքնիշխան տարածքում ամերիկյան օպերատորի երկարաժամկետ վարձակալության և հատուկ իրավունքների մասին լուրեր. ահա այն բովանդակային «միջուկը», որն իրականում տեղի է ունենում։ Մնացածը պարզապես խոսքեր են...
Հետևաբար TRIPP-ը դե ֆակտո միջանցք է, թող որ ձևակերպված է որպես «ճանապարհ Հայաստանի ինքնիշխանության ներքո»։ Այդ պատճառով է, որ ՀՀ իշխանությունները ստիպված են անհաջող փորձեր անել` ապացուցելու հակառակը, սակայն նրանց յուրաքանչյուր փաստարկ պարզ հարց է ծնում սահմանը հատելիս վերահսկողության ընթացակարգերի վերաբերյալ, որի պատասխաններից ՀՀ իշխանությունը ջանասիրաբար խուսափում է։
Այդ դեպքում Հայաստանի իշխանությունները պետք է հաշտվեն հետևյալ տրամաբանության հետ։ Եթե Երևանը հստակ պատասխան չունի այն հարցին, թե ով է կնիք դնելու անձնագրում ՀՀ սահմանը հատելիս, ապա փորձագիտական հանրությունը և Հայաստանի հասարակ քաղաքացիները ստիպված կլինեն հավատալ ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հրապարակային հայտարարություններին։ Դրանցում ամենայն ճշգրտությամբ նկարագրվում է Սյունիքի մարզում լոգիստիկ ռեժիմի ճարտարապետությունը։ Դա միջանցք է՝ Հայաստանի ինքնիշխանության սահմանափակումով։
Բարի գալուստ, կամ ինչու է թուրք-ադրբեջանական տանդեմը իրար դեմ հանում հայերին ու ռուսներին

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test