Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվելու է հարաբերությունների կարգավորման ողջ օրակարգը, առանց բանակցությունների օրն ու վայրը բացահայտելու՝ քննարկվող հարցերի շրջանակն այսօր շատ ընդհանրական ներկայացրեց հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:«Կքննարկվեն այն քայլերը, որոնք արվել են մինչ այս, կքննարկվեն այն քայլերը որոնք դեռ ընթացքի մեջ են, գիտեք, որ մի քանի թեմա է եղել քննարկման այս տարիների ընթացքում, գիտեք, որ վերջին մեր հանդիպումից հետո հանդիպում տեղի ունեցավ Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերը քննարկելու շուրջ: Գիտեք, որ թեմա կա Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ: Ընդհանուր գլխավոր թեման՝ հաբերությունների կարգավորումը», - ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:Ռուբինյան-Քըլըչ հանդիպման մասին երեկ նախ հայտնեցին թուրքական լրատվամիջոցները: Մասնավորապես՝ թուրքական NTV-ն հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էր՝ Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը, ենթադրաբար, Հայաստան կժամանի «Ալիջան» սահմանային անցակետով: Լրատվամիջոցը որոշ մանրամասներ էր ներկայացրել նաև օրակարգից, թե այն կարող է ներառել Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները կարգավորելու որոշումների կայացում և նախկինում համաձայնեցված որոշումների իրականացում: Ավելի ուշ պաշտոնական Երևանից հաստատեցին հանդիպման փաստը, նաև այն, որ Ռուբինյան-Քլըչ բանակցությունները տեղի կունենան Հայաստանում: Հաշվի առնելով հայ-ադրբեջանական վաշինգտոնյան համաձայնությունները՝ հայկական կողմն ակնկալո՞ւմ է, որ Անկարայից կարգավորման ուղղությամբ գործնական քայլեր կանեն:
«Ես կարծում եմ՝ վաշինգտոնյան համաձայնությունները, և վաշինգտոնյան հռչակագիրը շատ կարևոր իրադարձություն էր, որը միանշանակ կազդի և՛ տարածաշրջանային գործընթացների վրա դրական կերպով, և՛ ընդհանրապես նույնիսկ տարածաշրջանից դուրս գործընթացների վրա դրական կերպով, և այս առումով, այո, մենք լավատեսական ենք տրամադրված», - ասաց Ռուբինյանը:
Ավելի քան երեք տասնամյակ դիվանագիտական հարաբերություններ չունեցող Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո կարգավորման հարցով բանակցություններ սկսեցին: 2022 թվականի հունվարից երկու երկրների հատուկ ներկայացուցիչները մի շարք հանդիպումներ են անցկացրել, ընդ որում՝ այդ հանդիպումները սկզբնական փուլում տեղի էին ունենում առանց տևական դադարների: Մինչ օրս կարգավորման ճանապարհին ձեռք բերված գլխավոր պայմանավորվածությունը սահմանի բացումն է երրորդ երկրների քաղաքացիների համար, բայց այն դեռ կյանքի չի կոչվել:
Ռուբեն Ռուբինյանն այսօր չկոնկրետացրեց՝ սպասվող հանդիպմամբ արդյո՞ք այս հարցն ի վերջո լուծում կստանա. «Սահմանի բացման մասին է հենց այս ամբողջ գործընթացը, ամբողջ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Թուրքիա-Հայաստան փակ սահմանի բացման և Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է և բնականաբար քննարկումներն էլ հիմնականում սրա մասին են: Ճիշտ եք, որ երրորդ երկրների քաղաքացիների, և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար սահմանի բացման պայմանավորվածությունը չի իրագործվել ոչ մեր մեղքով, բայց մենք հույս ունենք, որ կիրականացվի»:
Թեև Երևանն ու Անկարան այս տարիներին հայտարարել են, որ պատրաստ են հարաբերությունները վերականգնել առանց նախապայմանների, այդուհանդերձ Թուրքիայից չեն թաքցրել՝ հայ-թուրքական հարաբերություններն ուղիղ կապ ունեն հայ-ադրբեջանական կարգավորման հետ:
Մեկ ամիս առաջ՝ Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում նախաստորագրեցին Խաղաղության համաձայնագիրը, նաև հռակագիր է ընդունվել, որով Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անխոչընդոտ հաղորդակցություն կստանա, իսկ Հայաստանը՝ միջազգային ու ներպետական հաղորդակցություն՝ փոխադարձ առավելություններով: Թուրքիայից ողջունել և կարևոր իրադարձություն էին որակել այդ պայմանավորվածությունները:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ հայ-թուրքական գործընթացում տեղաշարժը չի բացառվում: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիայի իշխանությունների համար հայ-ադրբեջանական հարաբերությունները եղել են նախապայման, և այդ նախապայմանը, ըստ էության Հայաստանի իշխանությունների կողմից ընդունվել է, անկախ նրանից, թե իրենք ինչ կհայտարարեն կամ կասեն՝ գիտեք մեզ հետ նախապայմաններով չեն խոսում, ակնհայտ է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ է պայմանավորում, միգուցե պայմանավորվածություն են փորձում ձեռք բերել այն հաջորդական քայլերի մասին, որոնք պետք է տեղի ունենան: Կան նաև մի շարք պայմանավորվածություններ, որոնց մասին հրապարակային հայտարարվել է, բայց չի իրագործվել: Մասնավորապես՝ երրորդ երկրների քաղաքացիների անցումների մասով, որի հետ կապված մեկ տարուց ավելի խոսվում է, բայց իրականություն չի դառնում: Հիմա Թուրքիան, միգուցե ուզում է ցույց տալ, որ այն շարժը որ եղել է հայ-ադրբեջանական հարաբերություններում, իրենց հնարավորություն է տվել մեկ կամ երկու քայլ անելու», - ընդգծում է ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցություն պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Հայ-թուրքական կարգավորման հարցով գլխավոր բանակցող Ռուբեն Ռուբինյանն այսօր հայտարարում էր՝ չի տեսնում պատճառ, թե ինչու պետք է Անկարան սահմանը չբացի. «Համենայնդեպս, հայկական կողմից որևէ հապաղման խնդիր չկա, մենք պատրաստ ենք հենց վաղն ունենալ բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ»:Երևան-Անկարա կարգավորման գործընթացի շրջանակում այս տարվա հունիսին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Թուրքիա էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test