Չաբահարի նավահանգիստը կքննարկվի Հնդկաստանի, Իրանի և Հայաստանի ԱԳՆ–ների մակարդակով
sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հնդկաստանի ու Իրանի արտաքին գործերի նախարարություններն այս շաբաթ Թեհրանում խորհրդակցություններ կանցկացնեն՝ «կապերը բարելավելու» նպատակով։ Այդ մասին գրել է «The Economic Times»-ը։
Խորհրդակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 13–ին` երկու երկրների ազգային անվտանգության խորհրդականների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո։
Նշվում է, որ բանակցությունները կկենտրոնանան Չաբահար նավահանգստի գործունեության խթանման, «Հյուսիս–Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման, ինչպես նաև այլ հարցերի շուրջ։
«Սա կլինի առաջին կառուցվածքային երկխոսությունը Իրանի և ԱՄՆ–Իսրայելի միջև հունիսին տեղի ունեցած ռազմական բախումից հետո։ Հնդկաստանի և Իրանի երկկողմ հանդիպումից հետո տեղի կունենա նաև Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հանդիպում, որը ձևավորվում է վերջին մի քանի տարիների ընթացքում՝ Իրանի միջոցով Հնդկաստանի և Հայաստանի միջև կապեր հաստատելու համար»,– նշված է հրապարակման մեջ։
Ըստ լրատվամիջոցի` այս հանդիպումը նաև հնարավորություն կտա` ծանոթանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս կնքված խաղաղության համաձայնագրին։
Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսին Երևանը նախատեսում էր իրանական Չաբահար նավահանգստով նոր առևտրային երթուղի բացել Հայաստանը Հնդկաստանի հետ կապելու համար։
Այս նախագիծը պետք է կարևոր օղակ դառնար տարածաշրջանային լոգիստիկ ցանցի ամրապնդման գործում։ Երթուղու ստեղծման գաղափարը ծագել է 2023 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ բեռնափոխադրումների կազմակերպման և Չաբահարում գործառնական կետ բացելու համար։
Երթուղու գործարկման ժամկետները, սակայն, հետաձգվել են անորոշ ժամանակով։ Երթուղին, ըստ նախագծի, ենթադրում է բեռների տեղափոխում Հնդկաստանի «Մումբայ» նավահանգստից մինչև Չաբահար, այնուհետև ցամաքային ճանապարհով Հայաստան, ապա՝ Վրաստան։ Վրացական նավահանգիստները կարող էին մեկնակետ դառնալ դեպի Եվրոպա, իսկ «Վերին Լարս» անցակետով՝ Ռուսաստան մատակարարումների համար։