Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեցին համատեղ հռչակագիր, ապա նույն օրը նախաստորագրվեց նաև «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Այդ պահից սկսած Ալիևը լրատվամիջոցների հետ շփումներում և միջպետական ու տեղական միջոցառումներում վերոհիշյալ փաստաթղթի դրույթներին ու ոգուն հակասող մի շարք հայտարարություններ է արել։
«Փաստերի ստուգման հարթակը» փաստաթղթերի ստորագրումից մեկ ամիս անց, ամփոփել է այդ հայտարարությունները։
Օգոստոսի 29-ին Իլհամ Ալիևը արաբական Al Arabiya լրատվամիջոցի հետ հարցազրույցում դարձյալ առաջ է քաշել ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը՝ որպես «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի վերջնական ստորագրման նախապայման։
«Պաշտոնապես խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել մեկ պատճառով՝ Հայաստանի սահմանադրությունը դեռևս ունի դրույթ, որը կասկածի տակ է առնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Որքան մենք ենք հասկանում՝ այս փոփոխությունը կկատարվի: Եվ հենց այս սահմանադրական փոփոխությունը կատարվի, հենց Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները հանվեն, կստորագրվի պաշտոնական խաղաղության համաձայնագիր», — նշել է Ադրբեջանի նախագահը:
Ադրբեջանը պաշտոնապես պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն 2024 թվականից։ Պաշտոնական Բաքուն կարծում է, որ Անկախության հռչակագրում կան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։
Այսպես, նախաստորագրված համաձայնագրի 2-րդ հոդվածով՝ «Կողմերը հաստատում են, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ և հետագայում նման պահանջներ չեն առաջադրի»:
Իսկ 12-րդ հոդվածում նշվում է․ «Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում»:
Այսինքն, թե՛ Հայաստանը, և թե՛ Ադրբեջանը այս համաձայնագրով ստանձնում են միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու պարտավորություն և չեն կարող այն խախտել կամ կասկածի տակ դնել՝ իրենց ներքին օրենսդրությանը, այդ թվում՝ սահմանադրությանը հղում անելով։
Փաստացի, համաձայնագիրը փարատում է նման մտահոգությունները, սակայն Ալիևը շարունակում է այս նախապայմանն առաջ մղել՝ հակասելով 12-րդ հոդվածի ոգուն։
Միևնույն ժամանակ, Ալիևը ՀՀ սահմանադրության փոփոխության նախապայմանով խախտում է համաձայնագրի 4-րդ հոդվածը, որով «Կողմերը ձեռնպահ կմնան միմյանց ներքին գործերին միջամտելուց»։
Օգոստոսի 25-ին Քարվաճառում բնակեցված ադրբեջանցիների հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայ հասարակությանն անվանել է «հիվանդ»։
«Այս [հայ] հասարակությունը հիվանդ է, և ես սա բացահայտ ասում եմ», -ասել է նա։
Սրանով Ալիևը հակասել է նախաստորագրված համաձայնագրի ևս մեկ դրույթի․ այսպես՝ «Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»։
Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում սեպտեմբերի 1-ին Ալիևը միջազգային գործընկերներին է ներկայացրել ՀՀ սուվերեն տարածքում իրականացվելիք նախագիծը՝ Հայաստանով անցնելիք հաղորդակցությունը դարձյալ անվանելով, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»։
«Վերջին համաձայնագրերը, որոնք միացնում են Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, ավելի կընդլայնեն միջազգային փոխադրումների տարանցիկ հնարավորությունները։ Վստահ եմ, որ «Զանգեզուրի միջանցքը» շուտով կդառնա Միջին միջանցքի, ինչպես նաև Հյուսիս–Հարավ միջանցքի ևս մեկ կարևոր հատված, ինչը կնպաստի խաղաղության ամրապնդմանը, բազմակողմ գործընկերությանը և օգուտ կբերի Ադրբեջանի բոլոր մերձավոր ու հեռավոր հարևաններին՝ մեր սահմանների արևելքում, արևմուտքում, հյուսիսում և հարավում», – հայտարարել է Ալիևը։
Փաստացի, Ալիևը հակասում է ինչպես նախաստորագրված համաձայնագրի 2-րդ հոդվածի ոգուն՝ ՀՀ-ով անցնող տարածքում իրականացվելիք նախագիծը ներկայացնելով միջազգային գործընկերներին որպես Ադրբեջանի նախագիծ, այլ նաև օգոստոսի 8-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարների ստորագրած համատեղ հռչակագրի 3-րդ և 4-րդ կետերին․
«Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը գործելու է ՀՀ տարածքային ամբողջականության, ինքիշխանության, իրավազորությանը սկզբունքների ինչպես նաև Հայաստանի համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։
Միևնույն ժամանակ՝ Միջին միջանցքի՝ Հայաստանով անցնող հատվածը ոչ թե «Զանգեզուրի միջանցք» է կոչվում, այլ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity (TRIPP))։ Իսկ հաղորդակցության ծրագրի իրականացումը երկկողմ՝ ՀՀ-ԱՄՆ ձևաչափում է։
Նշենք նաև, որ ՇՀԿ գագաթնաժողովում Ալիևին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած Հռչակագրում նաև համաձայնեցվել է որոշակի տերմինաբանություն։
«Ճշտված, համաձայնեցված այդ տերմինաբանության օգտագործումը կնպաստի կառուցողական մթնոլորտի և հետագա աշխատանքի իրացմանը: Ուզում եմ գործընկերներին տեղյակ պահել նաև, որ, մասնավորապես, Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում, մանավանդ որ այդ համաձայնությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները կիրականացնեն հաղորդակցության ներդրումային ծրագիրը, որը կոչվում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։ Այս ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որի վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը և Միացյալ Նահանգները ստորագրեցին երկկողմ հուշագիր այդ նախագիծը զարգացնելու և այդ նախագծում ներդրումներ անելու ուղղությամբ», — ասել է նա:
Այսպիսով, օգոստոսի 8-ից ի վեր՝ մեկ ամսում, Ալիևն իր հրապարակային ելույթներում հասցրել է բազմիցս խախտել ինչպես ՀՀ-ԱՄՆ-ԱՀ հռչակագրի դրույթները, այնպես էլ նախաստորագրված համաձայնագրի ոգուն հակասող պնդումներ անել։
Նանե Մանասյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test