Հայ տղամարդիկ ստիպված են իրենց զբաղեցնել նարդի խաղալով․ Սամվել Կարապետյանի նոր ուղերձը
sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանում հնարավոր է կարճ ժամանակում մի շարք տնտեսական ծրագրեր իրականացնել, որոնք կփոխեն մեր ժողովրդի կյանքի որակը, ի վերջո կդադարի արտագաղթը և կլինի արժանապատիվ աշխատանքը բոլորի համար: Այս մասին նշված է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ ԱԱԾ մեկուսարանից հղված
ուղերձում։
«Տիպիկ հայաստանյան տեսարան, որը նկարագրում է իշխանավորների անգործությունը: Աշխատանքային օրվա ընթացք. հայկական փոքր քաղաք կամ գյուղ, իրար հետ կանգնած աշխատունակ և եռանդուն հայ տղամարդիկ ստիպված են իրենց զբաղեցնել նարդի խաղալով՝ հուսահատությամբ լցված, երբեմնի հաջողությունները հիշելով: Մարդիկ փաստացի զրկվել են լավ կյանքի մասին նույնիսկ երազելու կարողությունից»,- նշված է Կարապետյանի ուղերձում:
Նա վստահ է՝ նման իրականության միակ պատասխանատուն այս իշխանությունն է, որը մեր ժողովրդի համար արժանապատիվ հնարավորություններ չի ստեղծել, հուսահատեցրել է՝ կոտրելով բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատը։
Գործարարը պնդում է՝ չնայած ծանրագույն պայմաններին՝ հնարավոր է կարճ ժամանակում անհրաժեշտ ու կոնկրետ լուծումներ տալ, որոնք ուղղված կլինեն ժողովրդի բարեկեցության ապահովմանը:
Մասնավորապես, Կարապետյանը հիշեցնում է, որ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 4 մլրդ դոլարով ավելի ապրանք, քան արտահանում է: Սա նշանակում է, որ կա մեծ պոտենցիալ երկրում արտադրությունների կառուցման, շահավետ ներդրումային ծրագրեր ստեղծելու համար՝ հատկապես շրջանների բնակիչներին ապահովելով արժանապատիվ աշխատանքով:
«Շատ կարճ ժամանակում կարող ենք ներգրավել միջազգային խոշոր ներդրողների՝ իրենց արտադրական հզորություններով, խթանել տեղական բիզնեսը՝ թիրախային պետական աջակցության ծրագրերով, այլ ոչ թե «փայ մտնել», կամ փորձել «խլել»:
Գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումները պետք է լինեն իրական, հողի վրա. գյուղացու բերքը մթերող ընկերությունների մեջ այնքան շատ մրցակցություն պետք է լինի, որ ապրանքը վաճառելով՝ գյուղացին վերջապես շահույթ պետք է կարողանա ստանալ՝ ապահովելով իր ընտանիքի բարեկեցությունը»,- շեշտում է Կարապետյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանում արտադրված գյուղմթերքը լավ հումք կարող է լինել սննդի արդյունաբերության զարգացման համար: Միաժամանակ, Կարապետյանն ընդգծում է՝ Հայաստանում միջազգային ճանաչում ունեցող խոշոր ընկերություններ պետք է ներկայացված լինեն, տուրիզմի զարգացմանը նոր տեմպ տան։
Խոստանում է՝ «անելու ենք մեր ձևով»։
Հիշեցնենք` Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, օգոստոսի 29–ին
հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ
Սամվել Կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։