PanARMENIAN.Net - «Նժար» սահմանադրական շարժումը հանդես է եկել «Ինքնորոշման խզումը և պետականության ճգնաժամը Հայաստանում» վերնագրով հայտարարությամբ՝ առաջարկելով լուծում․ ձևավորել ինքնորոշման վրա հիմնված նոր արժեհեն հիմք և կառուցել արդյունավետ կառավարման համակարգ։ Այդ համակարգի միջուկը՝ Պետական խորհուրդը, կոչված է դառնալու Սահմանադրության այն անկուսակցական պահապանը, որը բացակայել է մեր իրականության մեջ վերջին երեք տասնամյակում։
Նշվում է, որ պետությունը չկարողացավ կատարել իր հիմնարար պարտավորությունը՝ պաշտպանել տարածքային ամբողջականությունը և ապահովել քաղաքացիների անվտանգությունն ու կյանքի իրավունքը:
«Մեր պետականության հիմնասյուները՝ Սահմանադրությունը, օրենքի գերակայությունը, հանրային կամքի ազատ արտահայտումը և ինստիտուցիոնալ պատասխանատվությունը, հետևողականորեն ոտնահարվել և արժեզրկվել են պետական ամենաբարձր մակարդակներում։
Այս խախտումները պատահական դրվագներ չեն, այլ երեքուկես տասնամյակ ձևավորված ու պահպանված արժեհենությունից զուրկ և անպատասխանատու կառավարման մշակույթի տրամաբանական հետևանք։ Հայկական պետականության նորագույն ճգնաժամի արմատներն ավելի խորն են, քան վերջին երեք տասնամյակները։ Դրանք պայմանավորված են պետականության հիմքում իրական ազգային ինքնորոշման բացակայությամբ։
Առաջին Հանրապետությունը ծնվեց պատմական շրջադարձի պահին, սակայն չհասցրեց կայանալ որպես լիարժեք ինքնորոշման արդյունք։ Պետականությունը խորտակվեց արտաքին ռազմաքաղաքական ճնշումների տակ, և 1920 թվականին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի կողմից։ Այս ողբերգությունը խզեց պետականության բնական զարգացման շղթան և զրկեց մեզ ինքնիշխանության ամուր հիմքից։
1990թ․ ընդունված Անկախության հռչակագիրը, թեև ծնունդ առավ Արցախյան շարժման համատեքստում և հռչակեց Խորհրդային Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը, իրագործման ընթացքում դարձավ իրավական հակասության աղբյուր։ Իշխանությունները ո՛չ իրավականորեն ամրագրեցին միացումը, ոչ էլ ճանաչեցին Արցախի Հանրապետությունը որպես ինքնորոշված անկախ սուբյեկտ։
Այս անորոշ, երկակի վիճակը ամրագրվեց նորանկախ պետության հիմքերում։ Մի կողմից պետք է ձևավորվեր Սահմանադրությամբ և օրենքներով կարգավորվող իրավական համակարգ, մյուս կողմից՝ որպես Արցախի անվտանգության փաստացի երաշխավոր, իշխանությունները գործում էին սահմանադրական նորմերից և իրավական ընթացակարգերից դուրս։
Արդյունքում իրավունքի գերակայությունը հենց սկզբից ենթարկվեց քաղաքական նպատակահարմարությանը։ Անկախությունից ի վեր Հայաստանում այդպես էլ չի ձևավորվել հանրային լեգիտիմություն վայելող հասարակական պայմանագիր՝ Սահմանադրություն։ Սահմանադրական տեքստերն ու դրանց ընդունման գործընթացները ծառայեցվել են գործող իշխանությունների վերարտադրությանը։ Սահմանադրությունը դիտարկվել է ոչ թե որպես ժողովրդի կամքի բարձրագույն արտահայտություն, այլ որպես իշխանությունը պահպանելու գործիք։
Ընտրակեղծիքները, քաղաքական բռնությունները և հանրային կամքի համակարգված խեղաթյուրումը քաղաքացուն զրկել են իր քաղաքական սուբյեկտությունից՝ պետության կառավարմանը մասնակցելու իր իրավունքից։
Արդյունքում պետական ինստիտուտները կորցրել են իրենց լեգիտիմությունը, իսկ ընտրությունները՝ իրենց նշանակությունը որպես ժողովրդավարական վերահսկողության գործիք։
Հայաստանի արտաքին քաղաքական որոշումները կայացվել են բացառապես օրվա իշխանությունների անձնական շահերը սպասարկելու նպատակով, ինչը բերեց տնտեսական, տեխնոլոգիական, ռազմական, քաղաքական կախվածության, ահռելի հետընթացի և պարտության։
Պետությունը չկարողացավ կատարել իր հիմնարար պարտավորությունը՝ պաշտպանել տարածքային ամբողջականությունը և ապահովել քաղաքացիների անվտանգությունն ու կյանքի իրավունքը»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Հայաստանի պետականության ներկայիս ճգնաժամի հիմքում ընկած են ազգային ինքնորոշման բացակայությունը, ինքնիշխանության թուլությունը, իրավական խարխլված հիմքերը, անհաշվենկատ արտաքին քաղաքականությունը և արժեքային ու ինստիտուցիոնալ ճգնաժամը։
«Մենք առաջարկում ենք լուծումը․ ձևավորել ինքնորոշման վրա հիմնված նոր արժեհեն հիմք և կառուցել արդյունավետ կառավարման համակարգ։
Այդ համակարգի միջուկը՝ Պետական խորհուրդը, կոչված է դառնալու Սահմանադրության այն անկուսակցական պահապանը, որը բացակայել է մեր իրականության մեջ վերջին երեք տասնամյակում։ Ինքնորոշման ինստիտուտը պետք է ձևակերպի այն ազգային-պետական շահը, որի բացակայությունը հանգեցրել է արտաքին և ներքին քաղաքականության ձախողմանը։
Սա ոչ թե հերթական փոփոխությունն է, այլ պետականության վերաիմաստավորում, վերաարժևորում։ Միացիր Նժարին, եթե կիսում ես մեր գաղափարները»,-նշվում է հայտարարության մեջ։
«Նժար» սահմանադրական շարժումը հիմնվել է օգոստոսի 19–ին, որի հիմնադիրներից են ձեռնարկատեր և գյուտարար Արտաշես Իկոնոմովը, րավապաշտպան Նինա Կարապետյանցը և հասարակական գործիչ Գարեգին Միսկարյանը:
Նինա Կարապետյանցը հայտարարել է, որ հեռանում է իրավապաշտպան գործունեությունից՝ նշելով, որ քաղհասարակությունն այսօր լուրջ հետընթաց է ապրում։ Նրա խոսքով՝ իր 25 տարվա փորձը թույլ է տալիս համեմատել անցյալն ու ներկան՝ փաստելով, որ թե՛ իրավապաշտպան դաշտը, թե՛ քաղհասարակությունը կազմաքանդման եզրին են։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test