Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ոչնչացնում էին հուշարձանները, վանքերը, հայությանը՝ ծեծում․ ինչպե՞ս Նախիջևանը մնաց առանց հայի 168.am 168.am

time

Նախիջևանը եղել է Հայոց թագավորության անբաժան մասը։ Հարյուրամյակներ շարունակ՝ մինչև 1603-1604 թվականների բռնագաղթը, հայերը կազմել են Նախիջևանի բնակչության ճնշող մեծամասնությունը։

11-րդ դարում Բագրատունիների թագավորության կործանումից երկու տասնամյակ անց Նախիջևանը գրավում են սելջուկ-թյուրքերը, ապա հայ-վրացական զորքերը Զաքարյան իշխանների հրամանատարությամբ ազատագրում են այն։ 1827թ․ Նախիջևանը միանում է Ռուսաստանին, իսկ 1921թ․, անտեսելով Նախիջևանի բնակչության շուրջ 60 տոկոս կազմող հայերի իրավունքը, նախ՝ Մոսկվայի, ապա՝ Կարսի պայմանագրերով Նախիջևանը որպես ինքնավար հանրապետություն՝ բռնակցվում է Խորհրդային Ադրբեջանին։

Նախիջևանը ՀՀ-ից անջատելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մասին զրուցել ենք հայագետ, նախիջևանագետ Արգամ Այվազյանի հետ։

– Պարո՛ն Այվազյան, շատ քիչ են խոսում Նախիջևանի մասին ե՞րբ, ինչպե՞ս և ինչո՞ւ այն անջատվեց Հայաստանից։

– Այն, թե ինչպես Նախիջանն անջատվեց Հայաստանից ու տրվեց Ադրբեջանին, բավականին երկար պատմություն ունի։ Այսօր խոսում են, այսպես կոչված, «Զանգեզուրիի միջանցքի» մասին, ասեմ, որ դա նորություն չէ։ Թուրքիան 1890-ական թվականների վերջերից նախատեսել էր հետևողականորեն Նախիջևանով, Հայաստանի տարածքով ճանապարհ ունենալ դեպի այժմյան Ադրբեջանի Հանրապետություն։ Այդ ժամանակ, իհարկե, չստացվեց։ 1905 թվականին Թուրքիան Նախիջևանում, Շուշիում հրահրեց հայ-թուրքական ջարդեր, որը դարձյալ այդ ճանապարհը բացելու նպատակով էր։ Հիմա նորից իր ազգային ծրագիրը Թուրքիան վեր է հանել ու քննարկման առարկա դարձել։

1920թ․ Հայաստանը, Ադրբեջանը խորհրդայնացվեցին, Արցախն ու Նախիջևանը վիճելի տարածք էին համարվում այդ ժամանակ։ Իսկ 1921թ․, ռուս-թուրքական դաշնագրով Նախիջևանը, որպես ինքնավար մարզ, ընդգրկվեց Ադրբեջանի կազմում, այդ թվում՝ նաև Արցախը։

Ոչնչացնում էին հուշարձանները, վանքերը, հայությանը՝ ծեծում․ ինչպե՞ս Նախիջևանը մնաց առանց հայի

– Որոշումն ապօրինի՞ չէր։

– Իհարկե, ընդունվել է առանց Հայաստանի մասնակցության։ Եվ ահա, այդ ժամանակից ի վեր Նախիջևանը կտրվեց Հայաստանից։ Խորհրդային տարիներից սկսած մինչև օրս, կարելի է ասել, իշխանությունները Նախիջևանի հարցում իրենց ձեռքերը լվացին, ոչինչ չարեցին։ Մինչև 1933թ․ Նախիջևանը Թուրքիայի հետ պետական սահման չուներ։ Թուրքիան Իրանի հետ տարածք փոխանակեց ու Նախիջևանի հետ 11 կմ-անոց սահման ունեցավ։ Նախիջևանը հետագայում դարձավ ինքնավար հանրապետություն։ Հայաստանի կողմից՝ դարձյալ լռություն։ Մինչև 1935թ․ Նախիջևանի դրոշին գրված էր Նախիջևանի Ինքնավար Մարզ՝ ադրբեջաներեն, ռուսերեն և հայերեն։ Հայերենը հանեցին, և այդպես հայկական տարածքը մնաց Ադրբեջանի կազմում։

Հայաստանը, ցավոք, միշտ գործել է առանց որևէ ազգային, պետական ծրագրի։ Մինչև հիմա այդպես է։

– Ի՞նչն է պատճառը, որ մենք չենք ուզում ունենալ մեր ազգային ծրագիրը։

– Պատմական խոր արմատներ կան։ Խորենացու «Ողբը» շատ դիպուկ է։ Իշխանական տները, որևէ տարածքի տեր լինելով, ցանկացել են գրավել մյուսը։ Չարենցն ասում է՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է», ու դա պատահական չէ։ Մենք միասնական չենք եղել երբեք։ Այսօր ևս։ Որտեղ երկու հայ, այնտեղ 3-4 կարծիք։ Տաղանդավոր լինելը թույլ չի տվել, որ միասին գործենք։ Այս փոքրիկ տարածքում 127-ից ավելի գրանցված կուսակցություն ունենք…

Կարո՞ղ ենք ասել, որ Մեծ Թուրանի գաղափարն է ընկած «Թրամփի ճանապարհի» հիմքում։

Չգիտեմ՝ այդ ճանապարհը կլինի՞, թե՞ չէ։ Ժամանակակից աշխարհում մեկուսացված չենք կարող լինել։ Անհնար է այս զարգացող դարաշրջանում կաղապարված լինել և, միաժամանակ, աշխարհի հետ կարողանալ քայլել։

– Նախիջևանից հայերը ե՞րբ դուրս եկան։

– 1918-20թթ․ հայության զգալի մասը եկել էր ՀՀ, մեծ մասը՝ Վրաստան։ 1926թ․ հազարավոր հայեր դիմել էին Մոսկվային, որպեսզի թույլատրեն վերադառնալ հայրենիք՝ Նախիջևան։ Նույնիսկ Վրաստանից գնացքով եկել էին, որպեսզի մեկնեն։ Ցավոք, այդ ժամանակ Հայաստանն էլ, ինչպես հարկն էր՝ տեր չկանգնեց։ Ադրբեջանը հասավ նրան, որ պետականորեն որոշում ընդունեց այն մասին, որ Նախիջևանի տարածքում հողաբաժանում է իրականացվել, և հողատարածք չկա, որ եկողներին տրամադրի, և 20-30 հազար հայ չկարողացավ վերադառնալ։ Մնացին նրանք, ովքեր այնտեղ էին։

Կային սահմանային բնակավայրեր, և Ադրբեջանը հասավ նրան, որ Նախիջևանի ողջ տարածքը հայտարարվեց պետական սահմանային գոտի և այդտեղ ելքն ու մուտքն արգելված էր, եթե այնտեղի գրանցում չունեիր։ Եթե անգամ ծնվել էիր Նախիջևանում, բայց եկել էիր Երևան, չէիր կարող վերադառնալ։ Պետք է ադրբեջանական իշխանության թույլտվությունն ունենայիր՝ այսօրվա վիզան։

Ոչնչացնում էին հուշարձանները, վանքերը, հայությանը՝ ծեծում․ ինչպե՞ս Նախիջևանը մնաց առանց հայի

– Ծնվել եք Նախիջևանում, քանի՞ տարի եք ապրել այնտեղ։

– Ծնվել եմ Նախիջևանում, դպրոցն ավարտել եմ 1964թ․, դրանից հետո տեղափոխվել եմ Երևան՝ ուսման նպատակով։ 6-րդ դասարանի աշակերտ էի, թղթակցում էի Բաքվի հայերի «Կոմունիստ» թերթին, Նախիջևանի ռադիոյի հայկական բաժնին։ Նպատակս էր՝ լրագրող դառնալ, բարեբախտաբար չստացվեց։ ԵՊՀ-ում «Ժուռնալիստիկայի» բաժին ընդունվելու համար շարադրությունից 5 էի ստացել, հայերենից ու պատմությունից՝ 4, մի 3 էր պետք, որ ընդունվեի։ Օտար լեզվից՝ գերմաներենից, քննություն պետք է հանձնեի, ոչինչ չգիտեի, ինչքան խնդրեցի՝ 3 նշանակեն, որ ընդունվեմ՝ չնշանակեցին։ Գնացի բանակ, եկա, ավարտեցի Մանկավարժականի Կուլտուրայի ֆակուլտետը։ Հետո ԳԱԱ-ում որոշեցին ինձ համար մասնագետ գտնել, որ պարապեմ, դասախոսի հասցեն տվեցին, գնացի և ի՞նչ եք կարծում, ով էր․․. դասախոսը, ով ինձ 3 չէր նշանակել։ Ասաց՝ ինչքան եմ մտածել քո մասին, քեզանից հետո այնքան են խնդրել՝ 2 ստացածների գնահատականները 4, 5 եմ դարձրել, բայց միշտ մտածում էի՝ Նախիջևանից եկած տղային մի 3-ն ի՞նչ էր, չնշանակեցի։ Ես նեղացած էի, ու չշարունակեցի պարապել։ Լավ եղավ, այլապես Նախիջևանի խնդրով չէի զբաղվի և հսկայածավալ աշխատանքը՝ նախիջևանյան մշակույթը, նյութական ժառանգությունը կմնար։ Ի դեպ, ԽՍՀՄ տարիներին ոչ մի հոդված չտպագրվեց, գիտնականները «ձեռք էին քաշել»։

– Այսինքն, գիտնականներն ազատամիտ չեն եղել, վախեցել են։

Դե չգիտեմ։ Ադրբեջանը միշտ արհեստական դժվարություններ էր առաջ բերում։ Գուցե պատճառն այն էր, որ դժվար էր նյութական ժառանգությունն ուսումնասիրել, որովհետև պատմություն չէ, որ նստես, շարադրես։ Պետք է տեղում լինես, նկարես, չափագրես։ Իսկ այդ ամենն անելը Նախիջևանի տարածքում գրեթե բացառված էր, որովհետև հենց գնում էիր, 2 րոպե հետո հավաքվում էին, հարցնում, թե ո՞վ ես, ի՞նչ ես անում։ Էլ չեմ ասում, որ եթե լուսանկարչական տեսախցիկ ունենայիր… Զանգում էին ոստիկանություն։ Հազար նման փորձանքների միջով եմ անցել։ Բարեբախտաբար, հաջողվել է մինչև 1960-ական թվականները գետնի երեսին եղած նյութական ժառանգությունը՝ եկեղեցիներ, կամուրջներ, բերդեր, գերեզմանատներ, վիմագրեր, 98 տոկոսով չափագրել, լուսանկարել։ Երկու անգամ ձերբակալել են ու նկարահանածը ջնջել։ Հետագայում, ցավոք, հնարավորություն չեղավ եղածը փաստագրել։ Վանդալիզմն Ադրբեջանը կատարեց 1998թ․ հետո։ Մինչ այդ հայկական հուշարձաններից մոտ 20-ը, ավերակի էր վերածվել։ 1998թ․ հետո հայկական բոլոր վանքերն ավերեց, պայթեցրեց։ Նույնը՝ գերեզմանատները։ 2005թ․-ին հիմնահատակ ավերվեց ամենը։ Թավրիզի թեմի առաջնորդը 1,5 ժամ լուսանկարել էր այդ վայրագությունները, ու ձեռքիս տակ ունեմ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները՝ մոտավորապես 80-100 հոգի, 4500-ից ավելի խաչքարերը մասնատում, լցնում բեռնատարն ու բեռնաթափում Արաքս գետում։ Առ այսօր Հայաստանը Ադրբեջանին պետականորեն դատի տալու, միջազգայնորեն պարսավանքի ենթարկելու քայլեր չի ձեռնարկել այդ վանդալիզմի համար։

Երբ Ձեզ ձերբակալել էին, ի՞նչ էիք նկարել։

– Առաջին անգամ որ ինձ ձերբակալեցին՝ 1964-65թթ․ էր։ Եկեղեցի, գերեզմանատուն էի նկարել Նորս գյուղում։ Եկան, ինձ տարան շրջկենտրոն։ Միլպետը հարցրեց, թե ի՞նչ եմ գողացել, ասացին, թե ոչինչ, եկեղեցին էր նկարում գյուղում։ Այդ մարդը՝ Նախիջևանի պետանվտանգության նախարարի տեղակալը, Հեյդար Ալիևն էր։ Վերցրեց լուսանկարչական ապարատը, ժապավենը գցեց մի կողմ։ Հարցրեց՝ ուրիշ մարդի՞կ են ինձ ուղարկել, թե՞ ես եմ նկարել, պատասխանեցի, որ ես, բաց թողեցին։ Ասաց՝ հիշի՛ր, որ այստեղ հայկական ոչինչ չկա։ Ես հասկացա, որ այն, ինչով պետք է զբաղվեմ՝ հեշտ չէ։ Նկարելու ժամանակ իրար մոտ գտնվող գյուղերը չէի գնում, այլ հեռու, որ չհասկանային։ Մի 15.000 կմ ոտքով քայլել եմ։

Նախիջևանում Նոյի դամբարա՞ն է եղել։

– Այո, կա նման բան։ Ջրհեղեղից հետո առաջին իջևանած տեղը նախ իջևանն է։ Նոյ նահապետն այդտեղ է իջել։ Նախիջևանի հայկական գերեզմանատան հատվածում 12-13-րդ դարով թվագրվող Նոյի դամբարանը կար, որը 1930-ական թվականներին արդեն ավերված էր։ Մոտ 10 տարի առաջ Ադրբեջանն այդ տարածքում մուսուլմանական ոճով դամբարան կառուցեց Նոյի անվամբ, ու թանգարանի են վերածել։

Այսօր Նախիջևանի տարածքում հայկական ոչ մի հետք գոյություն չունի։

Նախիջևանահայությունը խելոք-խելոք դո՞ւրս է եկել։

– Ո՛չ։ Հայության զգալի մասը դուրս եկավ Հայրենական՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Երիտասարդության մի մասը զոհվեց պատերազմում, մյուս մասը վերադարձավ։ Խորհրդային իշխանությունը 1960-70-ական թվականներին որոշում ուներ բուհն ավարտած երիտասարդներին՝ գյուղատնտեսության, մանկավարժության, բժշկության բնագավառում ապահովել աշխատանքով։ Նախիջևանի տարածքում դա ևս իրագործեց Ադրբեջանը։ Գյուղ էին ուղարկում գյուղատնտեսի, հետո նրա ընտանիքն էր գնում, և այդպես շարունակ։ Նրանք 6-10 երեխա էին ունենում ու մի քանի տարի հետո դպրոց էին բացում։ Ցավոք, հայերը հովիվ չէին աշխատում՝ գյուղացիների անասուններին արածացնելու տանելու համար։ Ադրբեջանցիներն ընտանիքներով գալիս էին։ Յայլաներում տուն էին սարքում, դարձնում անկլավ։ Ծրագրված դա կատարվում էր։

– Այսինքն, հողին տեր չլինելը գենետիկ է։

– Հայրենասիրությունն այսօր էլ կա, սակայն բացակայում է մեր միասնությունը՝ տեր կանգնել մեր հող ու ջրին։

Այն ժամանակ ասվում էր, որ Խորհրդային իշխանությունը չի թույլատրում, որ հայությունը գնա, բնակվի Հայաստանում։ Ճիշտ է, սակայն ԽՍՀՄ-ը վերացավ, ճանապարհները բաց են, քանի՞սն են եկել Հայաստանում բնակվելու։

– Որպես նախիջևանցի՝ ցանկություն ունեցե՞լ եք վերադառնալ այնտեղ։

– Այլ է Արցախի հարցը, այլ՝ Նախիջևանի։ Արցախի բնակչության 95 տոկոսը հայեր էին, Նախիջևանում այդպես չէր։ Նախիջևանի բնակչությունն աստիճանաբար նվազեց և մինչև 80-ական թվականները հայերը 2-3 տոկոս էին կազմում։ Պետական լեզուն ադրբեջաներենն էր։ Եթե պետական որևէ հիմնարկում պետք է աշխատեիր, անպայման ադրբեջաներենին պետք է տիրապետեիր, իսկ հայ մարդը չուներ այդ կրթությունը։ Դպրոցն ավարտելուց հետո երիտասարդության միակ ճանապարհը Հայաստան գալն էր, ուսումը շարունակելը, ու մնում էին այստեղ։ Այդպես, աստիճանաբար, դատարկվեց Նախիջևանը, դպրոցները փակվեցին, մնացին ծերերը։ Ադրբեջանցիները մուտք գործեցին հայկական գյուղեր, դարձավ խառը բնակչություն։ Հայությունն այնտեղ կշիռ չուներ։

Հայությանը վիրավորում էին, ծեծում, բայց փաստեմ, որ Բաքվի ջարդերի նման Նախիջևանում չի եղել։ 2-3 սպանություն է եղել ադրբեջանցիների կողմից։ Հետո ժամանակ են տվել գյուղացիներին՝ 2-3 օր, որ տեղափոխվեն։

Ոչնչացնում էին հուշարձանները, վանքերը, հայությանը՝ ծեծում․ ինչպե՞ս Նախիջևանը մնաց առանց հայի

Զարմանալի էր մեր հայ իշխանավորների, պետական կառույցների միամտությունը․ 1988-89թթ․ Մոսկվան հատուկ որոշում ընդունեց, Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների համար վճարում էր կատարում Հայաստանի պետությունը, Ադրբեջանից տեղափոխվածների համար՝ Ադրբեջանը։ Հայաստանը սրբորեն կատարեց, փոխանցումն անմիջապես արեց, բայց Ադրբեջանը ոչ մի կոպեկ չփոխհատուցեց։

– Որպես նախիջևանագետ՝ Ձեր առաքելությունը կատարված համարո՞ւմ եք։

– Ես զարմանում եմ, թե ինչպե՞ս ստացվեց, որ կարողացա այս աշխատանքներն իրականացնել։ Մեկ տարի չէ, 10 չէ․․․ բոլորը կատարել եմ իմ անձնական միջոցներով, իմ ընտանիքի ֆինանսների հաշվին։ Հայաստանի պետական կառույցները, ակադեմիական ինստիտուտները ոչ մի ռուբլով չեն ֆինանսավորել։

Շատ դժվար է եղել, բայց այսօր այդ դժվարությունները միայն հիշողություն են դարձել։ Մի անգամ հարցրեցին, թե ինչի՞ց եմ վախենում, ասացի, որ ոչնչից չեմ վախենում, միայն մեկ բանից․ Աստված չանի՝ այնպիսի վիճակ լինի, որ չկարողանամ իմ սիրած աշխատանքով զբաղվել։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test