ՀՀ ԱԳՆ–ն էլ հաստատեց. Հայաստանում կկայանա Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը
sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը: Թուրքական ԶԼՄ–ներում հայտնված լուրը հաստատեցին նաև ՀՀ արտաքին գործերի
նախարարությունից։
Այսօր ավելի վաղ թուրքկան մամուլը
գրել էր, որ Հայաստանն ու Թուրքիան հաջորդ շաբաթ առաջին հանդիպումը կանցկացնեն Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի շահագործման հարցով։
Հիշեցնենք, որ հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը կայացել է ապրիլի 11-13-ը Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովի ընթացքում։ ՀՀ–ից մասնակցել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
Նախորդ հանդիպումների ընթացքում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ու Քըլըչը պայմանավորվել էին վերսկսել բեռնատար անցումը, նախապատրաստել ենթակառուցվածքները սահմանի բացման համար: Նրանք նաև համաձայնության են եկել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզային ընթացակարգերի պարզեցման և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը հատելու թույլտվության վերաբերյալ, սակայն այդ որոշումները դեռևս մնում են թղթի վրա: