Սեպտեմբերի 5-ին Բաքվում կայացել է հերթական «դատական» նիստը, որի ժամանակ ավարտին է հասցվել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության նախաքննական «ցուցմունքների» հրապարակումը։
Ադրբեջանական քարոզչամեքենայի հաղորդմամբ, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախկին ղեկավար Դավիթ Իշխանյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն առաջարկել են հաշվի առնել ոչ թե նախաքննության փուլում տրված «ցուցմունքները», որոնք հրապարակվել են, այլ դատավարության ընթացքում արված հայտարարությունները:
ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն էլ իր հերթին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, անհամաձայնություն է հայտնել հրապարակված նախաքննական «ցուցմունքի» առանձին դրվագների առնչությամբ: Թե կոնկրետ ո՞ր դրվագների մասին է խոսքը, Բաքվի քարոզչամեքենան չի հանրայնացրել:
Իսկ Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանն էլ իր պաշտպանի հետ զրույցից հետո խնդրել է հաջորդ «դատական» նիստի ժամանակ հնարավորություն տալ հրապարակված նախաքննական ցուցմունքների վերաբերյալ իր կարծիքն արտահայտել, ինչը Բաքվի դատարանը չի մերժել: Հաջորդ «դատական» նիստը նշանակվել է սեպտեմբերի 8-ին:
Այն, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը, ըստ էության, չի ընդունում հրապարակված նախաքննական «ցուցմունքները» հուշում է, որ դրանք կա՛մ տրվել են ճնշման տակ, կա՛մ իրենք չեն գրել, բայց հասցեագրվում է իրենց:
Մյուս կողմից, որոշ դեպքերում նախաքննության փուլին վերագրվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի «ցուցմունքները» և դատարանում հնչածները, որոնք Բաքվի քարոզչամեքենան հրապարակել է, իրար չեն հակասում՝ կապված ՊԲ-ՀՀ ԶՈՒ փոխհարաբերությունների, Արցախին Հայաստանի ռազմական և ռազմաքաղաքական աջակցության, «Գյանջայի դեպքերի», ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի լիազորությունների հետ և այլն:
Այստեղից կարո՞ղ ենք եզրակացնել, որ Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության շատ հայտարարություններ ադրբեջանական կողմը չի հրապարակում՝ ինչ-ինչ նպատակներից և հանգամանքներից ելնելով:
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ, դեռևս այդ կեղծ «դատավարության» սկզբնական շրջանում այնտեղ գտնվող հայերի հրապարակային և ընտանիքներին փոխանցած խոսքից պարզ է դարձել, որ մինչև դատավարական փուլը տրված նախնական «ցուցմունքները», որոնք ճնշումների տակ են կորզվել Բաքվում գտնվող մեր հայրենակիցներից, շատ դեպքերում չեն համապատասխանել բուն հարցաքննության էությանն ու բովանդակությանը:
«Օրինակ, Ռուբեն Վարդանյանի դեպքում նույնիսկ եղել է հրաժարում ցուցմունք տալուց, սակայն դատարանում ներկայացվել են կեղծ ցուցմունքներ: Որքան ես եմ հասկանում փոխանցվող ընդհանուր և մասնավոր տեղեկություններից, այն «ցուցմունքները», որոնք տրվել են նախաքննական մարմնին, դրա բովանդակությունը և հետագայում քննիչների կողմից պատրաստված նյութերն իրար հետ բավականին մեծ հակասություններ ունեն:
Համոզված եմ, որ դրանով է պայմանավորված, որ մի շարք մեր հայրենակիցներ հայտարարել են, որ դատարանը պետք է հաշվի առնի ոչ թե նախաքննության փուլում տրված «ցուցմունքները», որոնք կեղծված են, այլ դատարանում իրենց կողմից տրվածները:
Բայց մեկ այլ հանգամանք էլ այստեղ է առաջ գալիս. դատավարական փուլում էլ եղան հրապարակային և մասնավոր ահազանգեր, որ դատական նիստերում հնչած հայտարարությունները, որոնք ադրբեջանական լրատվամիջոցներում ընտրովի են ներկայացվել, դարձյալ չեն համապատասխանում իրականությանը կամ դրանք խիստ շեղումներով են ներկայացվել:
Դրանով պայմանավորված՝ մեր հայրենակիցների կողմից պահանջ էր եղել ներկայացնել դատական նիստերի արձանագրությունները, որ հասկանային, թե որտեղ է կեղծիքն արտահայտված եղել՝ դատական արձանագրություններո՞ւմ, թե՞ մամուլում են այլ ձևով ներկայացրել: Սակայն ադրբեջանական դատարանը մինչև այս պահը հրաժարվում է այդ արձանագրությունները ներկայացնել:
Եվ ստեղծված իրավիճակում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը գոնե փորձում է ընտրել չարյաց փոքրագույնը, և ասում են, որ պետք է հիմք ընդունել դատարանում հնչեցված հայտարարությունները, չնայած որ, կրկնում եմ, դրանց հետ կապված էլ են եղել խնդիրներ»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Արցախի նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի բանտից ընտանիքին հեռախոսային ձայնագրություն էր փոխանցել, որտեղ նշում էր, որ ադրբեջանական լրատվամիջոցներով «տեղեկություն է դուրս եկել 1992թ. Իվանյանի դեպքերի մասին իմ ասածի լրիվ հակառակի մասին, նրանք մեկնաբանել են մի ձև, ես ասել եմ լրիվ հակառակ բան»:
«Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, և դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք: Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգև: Դա նույնպես սխալ է ձևակերպված: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ»,- ձայնագրության մեջ ասում էր Դավիթ Բաբայանը:
Իսկ ինչ վերաբերում է արդեն 2025 թվականի սեպտեմբերի 5-ին գեներալ Լևոն Մնացականյանի նշած և չհանրայնացված «առանձին դրվագներին», Տիգրան Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց.
«Ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված և չհայտնված տեղեկություններից պարզ է դառնում, որ գեներալ Լևոն Մնացականյանն իր նախաքննական «ցուցմունքներում» և դատարանում հիմնականում խոսել է իր ծառայության, ծառայության տարբեր փուլերի, իր զբաղեցրած պաշտոնների, ռազմական տարբեր գործողություններին իր մասնակցության մասին:
Եվ առանցքային է, որ Լևոն Մնացականյանը հաստատել է՝ Առաջին պատերազմին, 2016 թվականի Ապրիլյան պատերազմին իր մասնակցությունը, և բոլոր այն մարտական փուլերին, որոնք հարցադրումների միջոցով ադրբեջանական դատարանում հիշեցվել են: Միաժամանակ, ինձ հայտնի է, որ դատարանում գեներալի հնչած որոշ խոսքեր՝ տարբեր փուլերի հետ կապված, ադրբեջանական մամուլում բոլորովին այլ կերպ են ներկայացվել: Եվ ստեղծված իրավիճակում կա երկու տարբերակ, թե ինչով է դա պայմանավորված. Առաջինը, որ կեղծված են այդ «ցուցմունքները» և գործերում որպես արձանագրություն գնացել են հենց այդ կեղծված «ցուցմունքները», և կա երկրորդ հանգամանքը, որի մասին խոսվել է, դա թարգմանության հետ կապված խնդիրն է:
Այսինքն, չի բացառվում, որ ադրբեջանական կողմը կփորձի հետագայում այդ հակասությունները դնել թարգմանական խնդիրների վրա, փորձելով այն ներկայացնել՝ որպես տեխնիկական: Իսկ իրականում պարզ է, որ դա ադրբեջանական կողմի համար ունի կարևոր նշանակություն, և խնդիրը միայն թարգմանչական լիներ, ապա կներգրավեին բարձր որակի թարգմանիչներ: Բայց 2 դեպքում էլ՝ անկախ նրանից, թե խնդիրն արձանագրայի՞ն է, թե՞ թարգմանչական, ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները գնում են կեղծումների ճանապարհով, և Բաքվում գտնվող հայերի տարբեր փուլերում տրված «ցուցմունքները» քիչ առնչություն ունեն իրականության հետ»:
Ի դեպ, մենք արձանագրել էինք, որ ադրբեջանական լրատվամիջոցները դադարել են հանրայնացնել Արցախի նախկին պաշտոնյաների հարցերը, կոնկրետ դեպքում՝ դատարան գործուղված «տուժողներին» տրված:
Մի բան հստակ է՝ Բաքվի «դատավարությունը» Հայաստանի և ՀՀ զինված ուժերի դեմ է, և հարմար պահի կորզված «ցուցմունքները» կիրառվելու են ՀՀ-ի դեմ, իսկ այս պահին դեռ իրավաքաղաքական որոշակի ֆոն է ստեղծվում Հայաստանի շուրջ՝ որպես «ռազմական հանցագործի», «ցեղասպանի»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test