Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երգող-պարող տարեցները. ինչպես Թերեզա տատը 86 տարեկանում սոցցանցերի աստղ դարձավ sputnik sputnik

time
Հնարավո՞ր է մի ամբողջ կյանք ապրել ու, ասենք, 70 տարեկանում բացահայտել, որ երգել գիտես կամ էլ 80 տարեկանում մանկության երազանքն իրականացնել ու սկսել պարել։ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության Շենգավիթի ցերեկային խնամքի կենտրոնի շահառուներից շատերի պատմությունը ցույց է տալիս, որ հնարավոր է։
Կենտրոնը դեռ 90-ականներից կա․ այն տարիներին գործում էր բարեգործական ճաշարանը, և տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց տնային խնամք էր տրամադրվում։ Մոտ 10 տարի առաջ էլ կենտրոնում տարբեր խմբակներ սկսեցին գործել՝ խոհարարության, կերպարվեստի, ձեռքի աշխատանքի, պարի, երգի և այլն։ Ամեն շաբաթ կազմակերպվում են հանդիպումներ քահանայի, բուժքրոջ, սոցիալական աշխատողի հետ, տարբեր միջոցառումներ, գրական երեկոներ են անցկացվում, էքսկուրսիաների են գնում։ Կենտրոնի շահառուները տարեցներն են (65 տարեկան և բարձր) ու 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձինք։ Այս պահին կենտրոնն ավելի քան 30 շահառու ունի, որոնց մեծ մասն այս դռներից ներս մոռանում է տարիքի, ժամանակի, խնդիրների մասին ու մտովի երիտասարդ տարիներ տեղափոխվում։ Ասում են՝ ժամանակի մեքենան անխափան է աշխատում երգի դասերին։
Արդեն մոտ 3 տարի է՝ Շենգավիթի ցերեկային խնամքի կենտրոնում գործում է «Գոհարներ» երգի խումբը։ Ղեկավարը Գոհար Հարությունյանն է, սակայն խումբն այսպես է կոչվել ոչ թե նրա պատվին, այլ որովհետև, ինչպես նա է ասում, խմբի յուրաքանչյուր անդամ մի գոհար է (ազնիվ քար խմբ․)։ Գոհարը մասնագիտությամբ քիմիկոս է, պրոֆեսիոնալ երաժիշտ չէ, սակայն միշտ սիրել է երգել ու նվագել։
«Կարծես հոգու պարտք կամ առաքելության պես մի բան լիներ․ ամեն ամիս կամավոր սկզբունքով այցելում էի Երևանի և մարզերի ծերանոցներ, մանկատներ, շահառուների հետ երգում, նվագում։ Աշխատելու մասին երբևէ չեմ մտածել, դե որովհետև ես երաժիշտ չեմ։ Մի օր էլ զանգահարեցի Տարեցների խնամքի կենտրոն, կրկին առաջարկեցի գալ, շահառուների համար երգել։ Քանաքեռ-Զեյթունում գտնվող կենտրոն էի գնացել»,- հիշում է Գոհարը։
Օրն այնքան լավ անցավ, տարեցներն այնքան ոգևորված էին, որ կարճ ժամանակ անց Գոհարն ինքը զանգ ստացավ՝ աշխատանքի առաջարկով։
«Այնքան ակնառու է իրենց փոփոխությունը․ մինչև գալն ու մասնակցելն ամեն մեկն իրեն զգում էր ծեր, հիվանդ, կարծում էր, թե կյանքը վերջացել է, մայրամուտին են մոտեցել։ Հետո սկսում են հիշել երիտասարդության երգերը, աչքերին փայլ է գալիս, այն նույն ապրումներն են ունենում, ինչ այն տարիներին էր»,- ասում է Գոհարը։
Խմբակը երաժշտական թերապիա է դարձել շահառուների համար, երեքշաբթիներին անհամբերությամբ են սպասում․ տարեցներից մեկը՝ 75-ամյա Հակոբ Մելիքյանը, նույնիսկ ժամերն է հաշվել, թե որքան է ամեն երգի դասի ավարտից հետո մնում հաջորդ հանդիպմանը՝ 167 ժամ։
«Որ ես որ եկա այստեղ, վատառողջ էի, ինձ շատ հիվանդ էի զգում, բայց երգը բուժիչ է, անկեղծ եմ ասում, հիմա ինձ շատ լավ եմ զգում»,- ասում է Հակոբ պապը, իսկ խմբակիցներն էլ կատակում են՝ սկսել է հաճախ սիրահարվել։
Ասում են՝ այստեղ երիտասարդացել են, կյանքն ուրիշ գույներով է ներկվել, նոր իմաստ ստացել։
Երգի առաջին հնչյունների հետ 86-ամյա Թերեզա տատի թևերը նազանքով բարձրանում են, հետո ոտքի է կանգնում ու վերհիշում հեզաճկուն նաիրուհու շարժումները։
Թերեզա տատիկին տնային խնամքի էին ուղեգրել, մինչև որ առաջին անգամ կենտրոն եկավ, սկսեց երգել, հետո պարել ու դարձավ սոցցանցերի աստղ։ Խմբի ղեկավար Գոհարը պարզապես մի անգամ նկարահանեց Թերեզա տատի պարը, հրապարակեց իր էջում: Ժամերի ընթացքում տեսանյութը տարածվեց, միլիոնավոր դիտումներ գրանցեց, Թերեզա տատիկին էլ ամենուր սկսեցին ճանաչել, ասում է՝ իրեն «ֆեյսբուքի լավ պարող տատիկ» են անվանում։
Պարելը տատիկի համար 7 տասնամյակից ավելի երազանք է եղել։
«Փոքր աղջիկ էի՝ 7-8 տարեկան, պարի էի գնում, շատ էի սիրում պարել, մի օր մեծ եղբայրս եկավ պարապմունքի, տեսավ, որ տղայի հետ եմ պարում, ասեց՝ վերջ, էլ պարի չես գնում։ Ես էլ ենթարկվեցի, իմ մեծ եղբայրն էր, շատ էի իրեն հարգում, ամոթից աչքերի մեջ նայած չկամ»,- պատմում է Թերեզա տատն ու պատմությանը զուգահեռ կարծես փոքրանում, մի բուռ դառնում։
Փոքր ժամանակ Մարոյի դերն է տարել, դերասանական տաղանդը հիմա էլ է տեղը․ հենց որ սկսում է ասմունքել, կերպարի մեջ է մտնում, ամեն բառը ոչ թե արտասանում է, այլ ապրում։ Եթե երիտասարդի դերում է, այնքան է տարվում կերպարով, որ թվում է՝ կյանքում շատ բան տեսած կնճիռներն են անգամ հարթվում։
Այս կենտրոնի շահառուները միշտ չէ, որ սոցիալական անապահով պայմաններում ապրող կամ միայնակ տարեցներ են։ Ցանկացած դեպքում կարիքի գնահատում է արվում։ Կենտրոնի տնօրեն Գայանե Փասալյանն ասում է՝ նպատակն է տարեց և/կամ հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց համար ապահովել զբաղվածություն, ինքնադրսևորման, շփման հնարավորություն ստեղծել, որ կարողանան նոր հմտություններ ձեռք բերել և այլն։ Ասում են՝ սկզբում մի քիչ կասկածամտությամբ են գալիս կենտրոն՝ չպատկերացնելով, թե իրենց այստեղ ինչ է սպասում։ Իսկ երբ գալիս են, սկսում շփվել տարեկիցների հետ, նոր ընկերներ գտնում, նոր հմտություններ սովորում, այս ամենն արդեն իրենց առօրյայի մասն է դառնում, սկսում են հավատալ սեփական ուժերին և ընդունում, որ կյանքը թարմ գույներով կարելի է ներկել ցանկացած տարիքում, միայն թե ցանկություն է պետք։
Այկիդոյի սենսեյ 81-ամյա պապիկը, բարձրակրունկներով 80-ամյա տատիկն ու ֆիտնեսի մարզումները

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test