Պաշտոնական Երևանն առայժմ չի բացահայտում՝ երեկ հայ և ադրբեջանցի փոխվարչապետերը Հայաստանի ու Ադրբեջանի տարածքում կոնկրետ որտե՞ղ են փոխադարձ այցելություններ կատարել, նրանցից բացի ովքե՞ր են եղել պատվիրակությունների կազմում, և արդյոք սահմանազատման աշխատանքները շարունակելու շուրջ որևէ հստակ պայմանավորվածություն կա՞:
«Ազատությունը» գրավոր հարցմամբ դիմել է Հայաստանի փոխվարչապետի գրասենյակ, պատասխան առայժմ չունենք:
Ուրբաթ երեկոյան Երևանն ու Բաքուն միաժամանակ հաղորդեցին, որ սահմանազատման հանձնաժողովները գլխավորող Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Վաշինգտոնում մոտ մեկ ամիս առաջ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ քննարկել են սահմանազատման ու ականազերծման, ինչպես նաև ենթակառուցվածքների վերականգնման ու կառուցման և դրանց իրականացման ժամկետների հարցերը, որպեսզի սինխրոնիզացնեն գործողությունները հաղորդակցությունների ստեղծման ոլորտում:
Վաշինգտոնում Հայաստանը համաձայնեց Սյունիքով դեպի Նախիջևան անխոչընդոտ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին՝ փոխադարձ առավելություններով:
Մինչ օրս, սակայն, պարզ չեն «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհի դետալները, ավելին՝ թեև անձամբ ԱՄՆ նախագահն էր խոսել 99 տարով ամերիկյան մասնակցության մասին, վարչապետ Փաշինյանը և արտգործնախարարն ավելի ուշ պնդել էին, թե 99 տարվա մասին պայմանավորվածություն չկա: Իր վերջին ճեպազրույցում վարչապետ Փաշինյանն ասել էր՝ Վաշինգտոնում ամրագրված պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կսկսեն սեպտեմբերից թե՛ ամերիկյան, թե՛ ադրբեջանական կողմերի հետ:
«90 տարով, 50 տարով, 10 տարով, մի ամսով, այն, ինչ տեղավորվում է 5 արտահայտությունների մեջ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն, փոխադարձություն, այդ ամեն ինչը քննարկելի է: Բայց այս պահին մենք որևէ ֆիքսված պայմանավորվածություն չունենք, այդ թվում՝ 99 տարով», - ասել է վարչապետը:
Պաշտոնական հաղորդագրությունում նաև նշվում էր, որ փոխվարչապետերը մտքեր են փոխանակել սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման կազմակերպման շուրջ:
2024-ի գարնանը Տավուշի հատվածում մոտ 12 կմ սահմանազատելուց ու ադրբեջանին չորս գյուղ վերադարձնելուց հետո այս տարեսկզբին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե սահմանազատումը կշարունակեն հյուսիսից՝ այսինքն Տավուշից: Մինչ այս պահը, սակայն, այս ուղղությամբ որևէ գործնական աշխատանք չի կատարվել:
Ու մինչ պաշտոնյաներն առայժմ չեն բացահայտում՝ ինչ են կոնկրետ քննարկել, Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Տիգրան Գրիգորյանը չի բացառում, որ կողմերը փոխեն սահմանազատման հասցեն՝ հաշվի առնելով Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհի շուրջ պայմանավորվածությունը:
«Եթե մինչև վաշինգտոնյան հանդիպումը կողմերը պլանավորում էին սահմանազատումը շարունակել հյուսիսային հատվածում, այսինքն, Վրաստանի հետ սահմանի հատվածում, ապա վաշինգտոնյան հանդիպումը որոշակի փոփոխություններ է մտցրել այդ պլանների մեջ, որովհետև այս փուլում, իհարկե, կողմերը մտածում են, որ ապաշրջափակման հաջորդ քայլերն իրականացնելուց առաջ պետք է առաջին հերթին Սյունիքի հատվածում, այսինքն, հարավային հատվածում իրականացնեն սահմանազատում: Ամենայն հավանականությամբ հենց այս հարցի շուրջ էլ ընթացել են բանակցությունները», - ասաց Գրիգորյանը:
Քաղաքագետը, սակայն, չի շտապում գնահատականներ տալ պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ. «Կիրանցի հատվածում իրականացված սահմանազատումից հետո շատ մեծ էյֆորիայով հնչեցվեց, հայտարարվեց, որ սկսվել է սահմանազատումը, հիմա կշարունակվի այլ հատվածներում, բայց մեկ տարուց ավելի որևէ առաջընթաց այս գործընթացում չկա: Բայց այստեղ կա, իհարկե, այլ խնդիր, Հայաստանի օկուպացված տարածքների մասին է՝ արդյոք Ադրբեջանը հակված է լինելու, օրինակ, այդ հատվածներում իրականացնել սահմանազատում: Կարծում եմ, որ այդ հատվածներում դժվար թե սահմանազատում իրականացվի»:
Ի դեպ, երեկ Հայաստան ու Ադրբեջան պաշտոնյաների փոխայցելությունը միակ զարգացումը չէ հայ-ադրբեջանական հարաբերություններում: «Հետք»-ի հրապարակումից հետո վարչապետի մամուլի խոսնակն այսօր հաստատեց, որ Հայաստանի կառավարական ինքնաթիռը օգոստոսի 30-ին Ադրբեջանի օդային տարածքով է մեկնել արտերկրի և այս գիշեր վերադարձել Հայաստան:
«Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության հաստատումից հետո, Հայաստանի համապատասխան մարմինները Ադրբեջանից օդային անցում են հայցել ՀՀ վարչապետի օդանավի համար և ստացել դրական պատասխան։ Այս փաստը դիտարկում ենք որպես գործնական քայլ՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության օրակարգի առաջմղման և փոխվստահության մթնոլորտի ձևավորման համար», - գրել է Նազելի Բաղդասարյանը։
Ի տարբերություն հայկական ինքնաթիռների, ադրբեջանական «Ազալ»-ն, օրինակ, դեռ 2021-ից էր Հայաստանի երկնքով թռչում Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան, մի բան, որ ադրբեջանական կողմը չէր արել 2014 թվականից ի վեր:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test