2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ մշտական խորհուրդը որոշում ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված կառույցների փակման վերաբերյալ։ Դեռ օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը, ապա նաև՝ ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։
Մինչ ադրբեջանական կողմը հերթական զիջումների դիմաց Հայաստանին վաճառում է նույն ապրանքը՝ «խաղաղություն»-ը, հայաստանյան տարբեր քաղաքական ու հանրային շրջանակներ ուղղակի ահազանգում են՝ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից հրաժարումն Ադրբեջանի կողմից Արցախը բռնազավթելու, Արցախի էջը փակելու պրոցեսը լեգիտիմացնելու փորձն է։
Սահմանադրագետ, իրավապաշտպան Գոհար Մելոյանը շեշտում է՝ ԵԱՀԿ ՄԽ լուծարումը հերթական տապանաքարն է Նիկոլ Փաշինյանի իշխանության լեգիտիմության վրա։
«1992 թվականից գործող ՄԽ գործունեության նպատակներն էին՝ խաղաղության գործընթացի առաջմղումը՝ ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայման միջոցով, հակամարտության կարգավորման համար համապատասխան շրջանակի ապահովումը՝ Մինսկի խմբի կողմից աջակցվող բանակցային գործընթացի միջոցով, զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագրի կնքմանը հասնելը․․․։ Եվ, փաստորեն, այս ձևաչափից հրաժարումը հրաժարում է Արցախյան հակամարտությունից, Արցախյան հարցից՝ իր բոլոր կոմպոնենտներով»,- 168․am-ի հետ զրույցում նշեց Գոհար Մելոյանը։
Իրավապաշտպանը հիշեցրեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից հրաժարվելու օրակարգը պաշտոնական Բաքուն հրապարակայնորեն ու ակտիվորեն սկսել է շրջանառել 2025 թվականի հունվարից։
«Հիշենք՝ պաշտոնական Բաքուն հատկապես 2016 թվականի Քառօրյա պատերազմին հաջորդող շրջանում բազմիցս արձանագրել է Մինսկի խմբի գործունեության՝ ադրբեջանական կողմի համար անտանելիությունը։
Այս համատեքստում առավել ուշագրավ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2017 թվականի հայտնի հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ փակ դռների հետևում իրեն ստիպում են փաստաթղթեր ստորագրել և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, և, որ մի շարք դիվանագիտական կանոններից ելնելով՝ ինքը չի կարող փակագծեր բացել։ Բնականաբար, այս հարցազրույցի ուղերձի թիրախներից մեկն էլ հենց Մինսկի խումբն էր»,- հավելեց նա։
Սահմանադրագետը նկատեց, որ ձևաչափը լուծարելու հարցն Ալիևի կողմից օրակարգ նետվելուց անմիջապես հետո՝ Նիկոլ Փաշինյանը մաս դարձավ դրան։
«Մենք, ի վերջո, ականատես եղանք վաշինգտոնյան հռչակագրին, որի հակահայկական դրույթներից մեկը հենց ԵԱՀԿ ՄԽ լուծարման շուրջ համաձայնեցումն էր,- արձանագրեց Գոհար Մելոյանը, ապա անդրադառնալով այս հարցի ու Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության կապին՝ մանրամասնեց,- ՀՀ կառավարության 2021-2026 թվականի ծրագիրը, որը հիմնականում ընդունվել է նույն ՔՊ նախընտրական խոստումների հիման վրա, ուղղակիորեն ամրագրված դրույթներ ունի ՄԽ ձևաչափի առնչությամբ։
Օրինակ, ծրագրում կա հստակ անդրադարձ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, որով ընդգծվում է դրա կարևոր դերակատարությունը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման, ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցման, տարածաշրջանային կայունության և ամրապնդման գործում։ Նշվում է նաև, որ Հայաստանը նպաստելու է այդ ձևաչափի արդյունավետ գործունեությանը։
Բացի այդ՝ արտաքին քաղաքականությանը նվիրված բաժնում հստակ ասվում է, որ կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են՝ պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովուրդի իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղությունը։
Հստակ սահմանված է նաև, որ առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ ԵԱՀԿ ՄԽ ներքո։
Այսինքն՝ այս իշխանությունը հերթական անգամ ուղղակիորեն հրաժարվում է ժողովրդի հետ կնքած իր պայմանագրից, իսկ կառավարության ծրագիրը, նախընտրական խոստումները լեգիտիմության բարձիկներն են, որոնք տվյալ իշխանությունն ունենում է»։
Սահմանադրագետն ամփոփելով նկատեց, որ վաշինգտոնյան թղթին տրված ամպագոռգոռ դրույթների համատեքստում մենք հայտնվել ենք իրականությունում, որտեղ օրվա իշխանությունը հրաժարվեց ոչ միայն Արցախի անվտանգության, արցախահայության ինքնորոշման իրավունքի երաշխավորումից, ոչ միայն բռնի տեղահանման ու էթնիկ զտման մասին արձանագրումներից ու դրանց հետևանքների ճանաչման սկզբունքից, այլև այն կոմպոնենտից, որն առանցքային էր՝ թեկուզ առնվազն Արցախի հետագա ճակատագրի, արցախահայության իրավունքների պաշտպանության հարցերի հանգուցալուծումների ճշգրտման տեսանկյունից։
«Կառավարության ծրագրի կարևորությունն ամրագրված է մեր Սահմանադրությամբ, ու դրա չկատարումը տվյալ կառավարության լուծարման ու նոր ընտրությունների անցկացման հիմք է»,- հիշեցրեց սահմանադրագետը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test