Նախարարը հաստատեց․ սեպտեմբերի 3–ին Փարաքարում ձերբակալվել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը
sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik․ Երեկ` սեպտեմբերի 3–ին, Փարաքարում ոստիկանները ձերբակալել են ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանի եղբորը՝ Մկրտիչ Մկրտչյանին։ Փրկարարի օրվա առիթով կազմակերպված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հաստատեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
«Երբ ոստիկանության ստորաբաժանումը ձերբակալություն է իրականացնում, սա երբեք չի կարող ընկալվել որպես ծածկադմփոց կամ որևէ դեպք թաքցնել։ Եթե նախարարությունը որևէ դեպք կոծկելու նպատակ հետապնդեր, վստահեցնում եմ, որ ձերբակալման փաստը վրա չէր հասնի»,- ասաց Սարգսյանը։
Հաստատելով, որ վարորդը եղել է Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Սարգսյանը նշեց, որ նրա մոտ ոչինչ չի հայտնաբերվել։ Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուղևորը փախուստի է դիմել`նետելով իրեր, որոնց թվում եղել է թմրամիջոցի նմանվող զանգված և ատրճանակ, տրամաբանական է, որ այդ իրավիճակում Պարեկային ծառայությունը պիտի իրականացներ ձերբակալում։
«Ձերբակալումն իրականացվել է, անձին բերման են ենթարկել բաժին, որտեղ տվյալ անձի մոտ ոչինչ չի հայտնաբերվել, իսկ մյուս անձի որոնողական աշխատանքների մասով իրականացվում են պրոցեսներ»,- ասաց Սարգսյանը։
Արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե Մկրտչյանի եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել, որովհետև պայուսակը փոխանցել է մյուս ուղևորին, ներքին գործերի նախարարը նշեց՝ նախաքննություն է իրականացվում, որը կտա հարցի պատասխանը` արդյոք Նարեկ Մկրտչյանի եղբա՞յրն է իր պայուսակը փոխանցել ընկերոջը, թե՞ դա ընկերոջ պայուսակն է եղել։ Նրա խոսքով՝ այս պահին առկա տվյալներով հիմնավորվում է այն հանգամանքը, որ եղբոր մոտ ոչինչ չի հայտնաբերվել։
Ինչ վերաբերում է այն հարցին` Նարեկ Մկրտչյանի եղբայրն արդեն ազատ է արձակվել, թե ոչ, Սարգսյանը նշեց՝ տեղեկություններ չունի։
Հիշեցնենք` այսօր մի քանի լրատվամիջոցներ
հայտնել էին, որ թմրանյութ և ապօրինի զենք պահելու կասկածանքով գիշերը ձերբակալվել է ԱՄՆ–ում ՀՀ նորանշանակ դեսպան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նարեկ Մկրտչյանի եղբայրը` Մկրտիչ Մկրտչյանը։