Սեպտեմբերի 3-ին Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստան վերադարձի նպատակով ավելի քան 100.000 մարդու՝ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների» գրանցման թեմային, իր ֆեյսբուքյան էջում նշել էր․
«Ադրբեջանական իշխանությունը շարունակում է տրամադրել ID-ներ (ապագա անձնագրեր), որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արևմտյան Ադրբեջան» և Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը…»:
Ասվածի համատեքստում Թաթոյանը կցել էր մի լուսանկար, որն այդ կազմակերպության անդամներից մեկի անդամատոմսն է:
Ավելի ուշ՝ սեպտեմբերի 4-ին արված ֆեյսբուքյան հրապարակմամբ Թաթոյանը պարզաբանել էր, թե, երբ նշում է՝ «ադրբեջանական իշխանություններն այսպես ասած ID քարտեր են բաժանում «Արևմտյան Ադրբեջան»-ի «ապագա» բնակիչների համար, ևս իրականություն է, քանի որ այդ կազմակերպությունը վերահսկվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից»։
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Արման Թաթոյանի պնդումն ու պարզել, որ գրառմանը կից ներկայացված լուսանկարն «Արևմտյան Ադրբեջան համայնք» հասարակական կազմակերպության անդամատոմսերից մեկն է, որը պաշտոնական փաստաթուղթ չէ:
Կցված վկայականում նշված է․
FIP.am-ը պարզել է, որ «Արևմտյան Ադրբեջան համայնքը» ոչ պետական, հասարակական կազմակերպություն է։ Կազմակերպության տրամադրած անդամատոմսերը արտաքինով նման են ID քարտի, սակայն դրանք հավաստում են միայն տվյալ ՀԿ-ին անդամակցությունը և ոչ ավելին։ Այսինքն՝ դրանք իրավական որևէ հիմք չունեն:
Միևնույն ժամանակ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ՀԿ-ն վայելում է Ադրբեջանի իշխանությունների բացահայտ աջակցությունը և իր գործունեությամբ ծառայում է պետական քաղաքականությանը։
«Արևմտյան Ադրբեջան» տերմինը Ադրբեջանում օգտագործվում է պաշտոնական և քարոզչական մակարդակով՝ Հայաստանի տարածքների նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու համար։ Կազմակերպությունն էլ ծառայում է այդ օրակարգի առաջմղմանը՝ միջազգային հարթակներում «վերադարձի իրավունքի» պահանջը լեգիտիմացնելու նպատակով։
Նկատենք, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ նախագահ է հանդիսանում ադրբեջանական Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին։
2022 թվականի դեկտեմբերի 2-ին Բաքվում գտնվող կազմակերպության շենք այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել էր, որ շենքը կառուցվել է իր հրամանով և նախկինում ծառայել է ներքին տեղահանվածների կազմակերպությանը, իսկ այժմ փոխանցվում է «Արևմտյան Ադրբեջան համայնքին»։
Ալիևը շեշտել էր. «Կարծում եմ, որ այսուհետ շատ կարևոր է բոլորիս համար՝ ինչպես Արևմտյան Ադրբեջանի բնակիչների, այնպես էլ ողջ ադրբեջանցի ժողովրդի համար, որ Արևմտյան Ադրբեջանի համայնքը գործի ավելի կազմակերպված ձևով»։
Վերջինս մատնանշել է ՀԿ-ի գործունեության կարևորությունը ոչ միայն ներքին, այլև արտաքին ու միջազգային հարթակներում․
«Համայնքի գործունեությունը պետք է ավելի տեսանելի լինի երկրի ներսում։ Ամեն դեպքում, նրա ակտիվությունը Ադրբեջանի ներսում կարող է շատ կարևոր լինել։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ համայնքը պետք է գործի նաև միջազգային մակարդակով, ինչը ոչ պակաս կարևոր է։ Մենք պետք է այս ճշմարտությունները փոխանցենք համաշխարհային հանրությանը՝ ճիշտ այնպես, ինչպես փոխանցեցինք Ղարաբաղի մասին ճշմարտությունը»։
Նշենք, որ «Արևմտյան Ադրբեջան համայնքը» իրավահաջորդն է 1989 թվականին ստեղծված «Ադրբեջանի փախստականների ընկերություն» ասոցիացիայի։ 2022 թվականի օգոստոսի 3-ին այն վերանվանվեց «Արևմտյան Ադրբեջան համայնք»։ Կազմակերպությունը պաշտոնապես իր նպատակ է հռչակել «Հայաստանի տարածքից արտաքսված ադրբեջանցիների հայրենիք վերադառնալու համար պայմաններ ստեղծելը և այնտեղ վերադառնալուց հետո նրանց անհատական և կոլեկտիվ իրավունքներն ապահովելը»։
Այսպիսով, կազմակերպության տրամադրած անդամատոմսերը որևէ պետական կամ միջազգային իրավական ուժ չունեն։ Այդուհանդերձ, պետք է ընդգծել, որ դրանց ձևավորումն ու հանրայնացումը, ինչպես նաև կազմակերպության պետական մակարդակով հովանավորումը, վկայում են, որ «Արևմտյան Ադրբեջան համայնքը» գործնականում հանդիսանում է Ադրբեջանի իշխանությունների տարածքային քաղաքական օրակարգը սպասարկող գործիք։
Գայանե Մարկոսյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test