PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի Հանրապետության հռչակման 34-րդ տարեդարձին՝ նշելով, որ սեփական հայրենիքում ապրելու իրավունքը հնարավոր չէ վերացնել։
Նա հավելել է, որ հայ ժողովուրդը երբեք չի հրաժարվելու արդարությունից և իրավունքից։
«Սեպտեմբերի 2-ը պատմական օր է. 1991 թվականին այս օրն Արցախը հռչակեց իր անկախությունը՝ իրավական հիմքով, ժողովրդավարական կամքով և իրավունքների համար պատմական արդարությամբ։ Բայց այսօր, ավելի քան երեք տասնամյակ անց, տասնյակ հազարավոր արցախահայեր ստիպողաբար լքել են իրենց տները՝ թողնելով հիշողություններ, նախնիների շիրիմներ, եկեղեցիներ և մի ամբողջ ժողովրդի հազարամյակների պատմություն»,-գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ, սեպտեմբերի 2-ին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ ծաղիկներ է խոնարհել անմահացած հերոսների շիրիմներին՝ Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ։
Թաթոյանը կարևորել է արցախահայության իրավունքների շարունակական պաշտպանությունը։
«2020-2023 թթ. Ադրբեջանն Արցախում իրականացրեց էթնիկ զտում. տասնյակ հազարավոր մարդիկ անցան տառապանքներով, ենթարկվեցին վայրագությունների ու էթնիկ զտումների, դարձան փախստական ամբողջ աշխարհի աչքի առաջ՝ առանց որևէ հետևանքի։
ՀՀ իշխանություններն անգամ չդատապարտեցին այս ցեղասպան գործողությունները։
Արդյունքում՝ Արցախում այլևս հայ չի ապրում, սակայն սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը հնարավոր չէ վերացնել։ Եվ այսօր՝ Արցախի անկախության հռչակման օրը, մենք միշտ հիշելու ենք, որ պատմությունը չի վերջանում, այն շարունակվում է քանի դեռ կ կա հիշողություն, իրավունքների համար պայքար և պատմական արդարության հարց։
Այսօր ադրբեջանական իշխանությունը շարունակում է զավթողական պահանջներն «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի ներքո ամբողջ Հայաստանի Հանրապետության, այդ թվում հայկական եկեղեցիների ու մշակութային կոթողների նկատմամբ։ Սա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական պահանջները հլու հնազանդ կատարվում են ՀՀ իշխանության կողմից հանուն սեփական իշխանության»,–ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test