Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Հանձնարարությո՞ւն, թե՞ ռևանշ. ՀՅԴ-ն աղ է լցնում արցախցիների վերքին, Շահրամանյանը՝ «լեզու դնում» Ալիևի բերանը armtimes.com armtimes.com

time
Հանձնարարությո՞ւն, թե՞ ռևանշ. ՀՅԴ-ն աղ է լցնում արցախցիների վերքին, Շահրամանյանը՝ «լեզու դնում» Ալիևի բերանը

«Հայկական ժամանակ»-ի զրուցակիցն է իրավագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտաշես Խալաթյանը:

- Պարո՛ն Խալաթյան, Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերի, հատկապես TRIPP-ի կոմպոնենտի մասով ընդդիմությունը չի դադարում պնդել, թե հայկական կողմը «միջանցք» է հանձնել: Կարկառուն ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, թե «օրակարգային է դարձել Սյունիքի մարզի պահպանման հարցը. իշխանական քարոզիչները երրորդ կողմի վերահսկողությամբ Ադրբեջանին «անխոչընդոտ հաղորդակցության»՝ միջանցքի տրամադրումը ներկայացնում են որպես Սյունիքը պահպանելու միակ տարբերակ»։

Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ընդդիմությունը նման պնդումներ անում, միտում նկատո՞ւմ եք, և իրականում ի՞նչ է ենթադրում TRIPP-ը:

- TRIPP-ը ենթադրում է նախևառաջ խոշորամասշտաբ մասնավոր ներդրում, և այդ առումով պետք է տարբերակել Նոյեմբերի 9-ով նախատեսված կարգավորումներից: Անկեղծ լինենք, Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ՀՀ-ին պարտադրվել էր պատերազմով պայմանավորված իրողությունների բերմամբ, գործնականում՝ միջանցքային տրամաբանությամբ, և կողմերը գիտակցաբար արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունը, կամ, եթե կուզեք, Արցախի ինքնապաշտպանական ուժերի պարտությունը տարածեցին ՀՀ-ի վրա՝ ՀՀ-ին դե յուրե ներքաշելով այդ կոնֆլիկտի մեջ: Նոյեմբերի 9-ով հստակ նախատեսվում էր Սյունիքի Մեղրու շրջանի որոշակի հատվածից օտարում ռուս-ադրբեջանական ուժերին, որտեղ Ադրբեջանը ստանալու էր անվերահսկելի տարանցման հնարավորություն ՀՀ տարածքով, իսկ այդ անվերահսկելիության երաշխավորը պետք է լինեին ՌԴ անվտանգության ուժերը:

Ի տարբերություն այդ տրամաբանության՝ TRIPP-ը ենթադրում է հայ-ամերիկյան կոնսորցիում, որը ապահովելու է նախևառաջ Հայաստանի տարանցիկ ներուժի բացահայտումը կոնկրետ այդ ճանապարհով: Այո, այդտեղ կա Ադրբեջանին անխոչընդոտ մուտքեր և ելքեր տրամադրելու կետ, սակայն դա ավելի շատ ենթադրում է, որ Հայաստանը չպետք է քաղաքական կամ որևէ այլ պատճառաբանությամբ արգելափակի Ադրբեջանի տարանցման իրավունքը: Սա չի ենթադրում, որ չի լինելու մաքսային կամ անձնագրային հսկողություն, այսինքն՝ Ադրբեջանը չի կարող, օրինակ, մաքսանենգությամբ զբաղվել, ասենք՝ զենք, թմրամիջոց կամ ՀՀ օրենսդրությանը հակասող որևէ ապրանք տարանցել ՀՀ տարածքով, և այստեղ շատ կարևոր է, որ այդ կոնսորցիումի հսկիչ փաթեթը (51 տոկոսը) պատկանելու է ՀՀ-ին․ դա նշանակում է, որ ՀՀ-ում գործող մի շարք ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներից, օրինակ, գազատարները, երկաթգիծը, որտեղ Հայաստանը «Գազպրոմ»-ի, երկաթգծի պարագայում դե ֆակտո չունի որևէ ներազդեցություն ռուսական կողմի վարքագծի վրա, ունենալու է եզրափակիչ վճռական խոսքի իրավունք:

Քանի որ սա մասնավոր ներդրում է, բնականաբար, ԱՄՆ-ն բազմամիլիոնանոց ներդրումային փաթեթ է պատրաստելու, որով մի կողմից արդիականացվելու է ՀՀ Սյունիքի մարզի նշածս ճանապարհահատվածը, նույնիսկ ավելին՝ ես կարծում եմ՝ այդ ներդրումները առնչվելու են ամենատարբեր ոլորտներին, որոնք վերաբերում են լոգիստիկ հանգույցի բնականոն գործառույթին, գուցե նաև տուրիստական ներուժի բացահայտում, վերջացրած քաղաքային ենթակառուցվածքների զարգացմամբ, այդ թվում՝ սոցիալական ծրագրերի միջոցով, որովհետև խոսքը վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզին ընդհանրապես և Մեղրուն մասնավորապես, որոնք պետք է դառնան ստրատեգիական հանգույց միջին միջանցքի համար: Եվ, ըստ էության, սրանով ԱՄՆ-ն պաշտպանում է Հայաստան տարանցիկ պետության հիմնարար իրավունքները՝ թույլ չտալով, որ Հայաստանից տարածք խլվի: Պետք է հստակ մատնանշել, որ սա ՀՀ անկախությունը երաշխավորող գործարք է:

- Այդ դեպքում ինչո՞ւ է ընդդիմությունը պնդում, որ սա ոչ միայն խաղաղություն չի բերելու, այլ հակառակը՝ մեծացնում է ռիսկերը, ավելին՝ ասում են, որ Սյունիքը հիմա ուղիղ վտանգի տակ է:

- Նախ պետք է հասկանալ, որ այդ ուժերն ունեն հստակ աշխարհաքաղաքական նախընտրություն, և քանի որ այստեղ խոսքը արևմտյան ընդլայնվող ներկայության մասին է, դրանով է բացատրվում այդ ուժերի, այսպես ասեմ, բացասական վերաբերմունքը TRIPP-ի հանդեպ: Սակայն օբյեկտիվության համար պետք է նշել, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի հետ ինստիտուցիոնալ խաղաղություն մենք չունենք, ունենք Նոյեմբերի 9-ի փաստաթղթին փոխարինող փաստաթուղթ, որը Հայաստանի դե ֆակտո խաղաղությունը որոշակի ինստիտուցիոնալ մակարդակի է բարձրացնում, պաշտպանում այդ խաղաղությունն ու անվտանգությունը, ինչը, բնականաբար, վերջնական հանգրվան լինել չի կարող:

Իմ համոզմամբ՝ այս իրավիճակը կարող է ձգվել տարիներ, բայց հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն ներկա է լինում՝ շատ հնարավոր է ստիպի Ադրբեջանին, որ ապաշրջափակումը և ՀՀ տնտեսական ակտիվությունը որպես տարանցիկ երկիր ապահովվի առանց անգամ վերջնական պայմանագրի կնքման: Այսինքն՝ կստացվի, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ երաշխավորվում է Հայաստանի տարանցիկ ներուժի լիարժեք իրականացումը, իսկ ԱՄՆ ներկայությունը զսպելու է Ադրբեջանին:

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր արցախյան շարժում չի լինելու, ընդդիմությունը կա՛մ հակադրվում է, կա՛մ պարզապես շարունակում պնդել, որ ԼՂ էջը փակված չէ, ավելին՝ Շահրամանյանը կրկնել է ավելի վաղ արած հայտարարությունը, թե ԼՂ լուծարման փաստաթուղթը իրավական ուժ չունի. ստորագրել է ժողովրդին փրկելու համար, հետո անվավեր ճանաչել: Իսկապե՞ս այդ փաստաթուղթը անպետք իր է, ինչպես կարելի է ենթադրել Շահրամանյանի խոսքից:

- Ընդհանրապես առիթ ունեցել եմ ասելու, որ պետություն լուծարելը իրավական անգրագիտություն է, պետությունը ՍՊԸ չէ, որ լուծարես: Նոնսենս է Շահրամանյանի կողմից թե՛ այդ փաստաթղթի ստորագրումը, թե՛ դրա չեղարկումը: Մենք գործ ունենք միջազգային քաղաքական իրողության հետ, այն է՝ որ ՀՀ անվտանգային երաշխավորման ներքո գտնվող Արցախի ժողովուրդը միջազգային հանրության բավարար երաշխիքների չտրամադրման պայմաններում առերեսվեց Ադրբեջանի բիրտ ռազմական ուժին և պարտություն կրեց, դրանից հետո տեղի ունեցավ արցախահայության էթնիկ զտումը, և հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կար արտաքին քաղաքական որոշակի ճնշում Արցախի իշխանությունների վրա՝ նրանք որոշակի քաղաքական հնարավորություններ բաց թողեցին Սոֆիայում, Բրատիսլավայում բանակցությունների հնարավորությունը Ադրբեջանի հետ, այսինքն՝ ամբողջովին կորցվեց ինքնորոշման իրավունքների շրջանակում անգամ նվազագույն հնարավորություն կամ երաշխիք ստանալը Ադրբեջանի կողմից, և այստեղ մենք ավելի շատ գործ ունենք դրա հետ:

Այսինքն՝ այստեղ հարցը ոչ թե Շահրամանյանի կողմից այդ փաստաթուղթը ստորագրել-չստորագրելն էր, այլ այն, որ անկախ ամեն ինչից՝ Արցախի ժողովուրդը պատրաստ չէր ապրել Ադրբեջան պետությունում և դառնալ Ադրբեջանի քաղաքացի: Շահրամանյանի հայտարարությունը գուցե նպատակ է հետապնդում վնասելու հայ-ադրբեջանական փխրուն խաղաղությանը, որը ունի արտաքին քաղաքական շահառուներ, այդ թվում՝ Ադրբեջանը, որովհետև այդ նարատիվը թույլ կտա Ադրբեջանի հետ կանգնել իր պայմանավորվածություններից՝ խոսելով ՀՀ-ում իբրև թե ռևանշիստների առկայության մասին:

- Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք:

- Ընդհանուր առմամբ Արցախի հարցում կա միջազգային կոնսենսուս, իսկ կոնսենսուսը ի վնաս մեզ է: Դա նաև միջազգային իրավահամակարգի խորքային ձևախեղման գործընթացների արդյունք է, և միջազգային իրավունքը այլևս գոնե այս պահին մարդակենտրոն չէ, և մերկանտիլ աշխարհաքաղաքական իմպերիալիստական շահեր է հետապնդում․ սա մենք պետք է հաշվի առնենք:

Հիմա սա չեն ցանկանում ընդունել. արցախցիների պարագայում հասկանում եմ, որովհետև, ի վերջո, այդ մարդիկ հայրենիք են կորցրել, ինչ վերաբերում է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը, ապա խորապես կասկածում եմ, որ այդ մարդիկ չեն գիտակցում այդ ամենը, և աղ լցնելով արցախահայերի վերքի վրա՝ ներքաղաքական դիվիդենտներ են փորձում շահել, կամ գուցե արտաքին հանձնարարություն են կատարում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test