Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Չինաստանում «առաջնորդահավաք» է՝ ՇՀԿ պատմության ամենամեծ գագաթնաժողովը. ինչ ակնկալիքներ ունեն ՀՀ-ն ու աշխարհը armtimes.com armtimes.com

time
Չինաստանում «առաջնորդահավաք» է՝ ՇՀԿ պատմության ամենամեծ գագաթնաժողովը. ինչ ակնկալիքներ ունեն ՀՀ-ն ու աշխարհը

Արդեն մի քանի օր է՝ համաշխարհային լրահոսի կենտրոնում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկօրյա գագաթնաժողովն է, որը տեղի կունենա Չինաստանի Տյանցզին քաղաքում: Այս գագաթնաժողովը ՇՀԿ-ի պատմության մեջ ամենամեծն է և մասնակցում են անսովոր մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, համաշխարհային առաջնորդներ:

Ինչու է ընտրվել հենց նման աննախադեպ կազմ և ինչ արդյունքներ կարելի է ակնկալել Չինաստանում ընթացող «առաջնորդահավաք»-ից:

Սկսենք սկզբից

Չինաստանը օգոստոսի 31-ին հյուրընկալել է և սեպտեմբերի 1-ին կշարունակի հյուրընկալել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ամենամյա գագաթնաժողովը, որը նշանավորելու է դաշինքի ամենամեծ հավաքույթը 2001 թվականին հիմնադրվելուց ի վեր։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Տյանցզինում կմիանա ավելի քան 20 երկրների ղեկավար, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Նրանց հետ միասին Չինաստանում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն, Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը: Հիշեցնենք՝ մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը:

ՇՀԿ-ն ներկայում ներառում է 10 երկիր՝ Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան, Պակիստան, Իրան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Ուզբեկստան և Բելառուս։ Վերջինս լիիրավ անդամ է դարձել 2024 թվականին։ Եվս 16 երկիր ունի դիտորդի կամ «երկխոսության գործընկերոջ» կարգավիճակ, ինչը նրանց թույլ է տալիս մասնակցել առանձին միջոցառումների՝ կազմակերպության անդամների հրավերով։

Այս կազմը թույլ է տալիս ՇՀԿ-ին պնդել, որ ներկայացնում է աշխարհի բնակչության մոտ 40%-ը և համաշխարհային տնտեսության գրեթե 30%-ը: Ձևականորեն սա ճիշտ է, չնայած ՇՀԿ-ի տնտեսական հզորությունը մեծապես կենտրոնացած է Չինաստանում և Հնդկաստանում: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը խոստացել է Տյանցզինում անցկացնել «բարեկամության, միասնության և արդյունավետ արդյունքների գագաթնաժողով»:

Ի՞նչն է դարձնում ՇՀԿ այս անգամվա գագաթնաժողովը յուրահատուկ

ՇՀԿ-ն գոյություն ունի գրեթե քառորդ դար: 2001 թվականին կազմակերպությունը հիմնադրվել է Չինաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կողմից: Դրանից առաջ՝ մի քանի տարի շարունակ, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը տարեկան հանդիպումներ էին անցկացնում «Շանհայի հնգյակ» անվամբ ձևաչափով:

ՇՀԿ հանդիպումներին միշտ չէ, որ գալիս են բարձրաստիճան պաշտոնյաներ: Տյանցզինում կայանալիք գագաթնաժողովը առանձնանում է նրանով, որ այն կլինի հնարավորինս ներկայացուցչական: Մասնավորապես, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին 7 տարվա ընթացքում առաջին անգամ կժամանի Չինաստան և կնստի նույն սեղանի շուրջ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Երկու երկրները, հիշեցնենք, վերջերս պատերազմի մեջ էին:

Տյանցզինի գագաթնաժողովի հյուրերից մի քանիսը, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինը, այնուհետև կմեկնեն Պեկին՝ սեպտեմբերի 3-ին կայանալիք ռազմական շքերթին մասնակցելու համար: Կմասնակցի նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, որի երկիրը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ չէ:

Չինաստանը մեծ ջանքեր է գործադրում և օգտագործում է իր ազդեցությունը՝ այս ՇՀԿ գագաթնաժողովը պատմության մեջ ամենամեծերից մեկը դարձնելու համար, գրում է Bloomberg-ը՝ հավելելով, որ այստեղ կա նաև մտադրություն Չինաստանի աճող հեղինակության ու ուժի ցուցադրման՝ հատկապես ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցակցության և երկրում տնտեսական խնդիրների վերաբերյալ ենթադրությունների համատեքստում։

Ի՞նչ քննարկումներ կան վերջին տարիներին ամեն տեղից «հեռացված» Պուտինի մասնակցության վերաբերյալ

ՇՀԿ առաջիկա գագաթնաժողովի պաշտոնական նպատակներից մեկը հաջորդ տասնամյակի զարգացման ռազմավարության հաստատումն է, սակայն որոշ քաղաքական գործիչների կուլիսային հանդիպումները ոչ պակաս կարևոր կլինեն, և գուցե նույնիսկ՝ ավելի կարևոր։

DW-ն գրում է, որ Վլադիմիր Պուտինի համար գագաթնաժողովը հնարավորություն կլինի անձամբ հանդիպելու Սի Ծինպինի և Նարենդրա Մոդիի հետ։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Չինաստանը և Հնդկաստանը սպառել են Ռուսաստանի էներգակիրների արտահանման կեսից ավելին։

Թեմաներից մեկը, ակնհայտորեն, կլինի Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքը։ Պուտինը նաև Հնդկաստանի վարչապետի հետ կքննարկի ռուսական նավթի մատակարարումների շարունակականությունը։

Ըստ Reuters-ի՝ Հնդկաստանը դեռևս չի պլանավորում կրճատել գնումները, չնայած այն հանգամանքին, որ ԱՄՆ-ն դրա համար նրան պատժել է լրացուցիչ առևտրային մաքսատուրքերով։ Ընդհակառակը, գործակալության աղբյուրները հայտնում են, որ Հնդկաստանը սեպտեմբերին օգոստոսի համեմատ կարող է ներմուծումը մեծացնել 10-20%-ով։ Ծինփինը և Պուտինը նաև կքննարկեն «Սիբիրի ուժը 2» գազատարի կառուցման հարցը, որը պետք է թույլ տա Ռուսաստանին զգալիորեն մեծացնել բնական գազի մատակարարումները Չինաստան և դրանով իսկ փոխհատուցել ԵՄ արտահանման արմատական կրճատումը։

Հայաստանը, Ադրբեջանն ու ՇՀԿ-ն

Տյանցզինում կայացած գագաթնաժողովից հետո պետք է հաստատվի ՇՀԿ-ի զարգացման ռազմավարությունը մինչև 2035 թվականը, պետք է ստորագրվեն ՄԱԿ-ի 80-ամյակին նվիրված համատեղ հայտարարություն, ինչպես նաև պետք է ստորագրվեն տնտեսության, անվտանգության և մշակութային փոխանակման ոլորտներում համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր: Հնարավոր է ՇՀԿ-ի ընդլայնում, որի մասին ևս հայտնի կդառնա վերջում. Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ ունեն, անդամակցության դիմումներ են ներկայացրել:

«Մենք և Ադրբեջանը հրավիրվել ենք որպես գործընկերներ առաջիկա գագաթնաժողովին: Մենք կմասնակցենք: Մենք կարծում ենք, որ և՛ մենք, և՛ Ադրբեջանը կարող ենք և պետք է միանանք այս կազմակերպությանը»,- ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանը:

Reuters-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովը կլինի «հզոր ցուցադրություն» Գլոբալ Հարավի պետությունների միջև համերաշխության՝ Միացյալ Նահանգների կողմից աճող ճնշման պայմաններում: ՇՀԿ միջոցառումներից հետո Չինաստանի նախագահ Սի Ծինպինը կմասնակցի Պեկինի Տյանանմեն հրապարակում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված շքերթին:

Արարողության պատվավոր հյուրերի թվում են Վլադիմիր Պուտինը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Չինաստանի համար հաղթանակի շքերթը ավանդաբար մեծ նշանակություն ունի. այս անգամ այն նախատեսված է նաև ցույց տալու երկրի դերը միջազգային հանրությունում: Հայաստանն էլ իր մասնակցությամբ ամրապնդում է բազմաբևեռ արտաքին քաղաքականություն վարելու գիծը՝ ինչպես հաճախ է նշվում «բալանսավորված և բալանսավորման քաղաքականությունը»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test