Գուլբենկյանի նախկին վիրաբուժականը, 2012 թվականից սկսած, այսինքն՝ բժիշկների հեռանալուց հետո, մնաց դատարկ, բայց շատերի ուշադրության կենտրոնում: Անցնող 13 տարիներին մեկը շենքը վաճառել ուզեց, մյուսը՝ մասնավորեցնել, Գյումրու պատմական միջուկում գտնվող շենքը հյուրանոցի վերածելու ցանկություն ունեցող էլ եղավ:
Բայց ոչ մեկի ցանկությունը, թերևս, այնքան բուռն չեղավ, որ հնարավոր դառնար այդ շենքը փրկել միայնակ ծերանալու ճակատագրից, շահագործել ու պահպանել:
2013-ին ՀՀ կառավարությունը մերժեց Գյումրու ավագանու խնդրանքը
2013 թվականին, երբ Գյումրիում շահագործման հանձնվեց նոր բժշկական կենտրոնը՝ «Գյումրի» ԲԿ-ն, և Գյումրու ինչպես այս շենքում, այնպես էլ տարբեր կառույցներում գործող բուժհաստատությունները տեղափոխվեցին նոր շենք, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի նախաձեռնությամբ Գյումրու ավագանին 2013 թվականի ապրիլի 16-ին ուղերձով դիմեց ՀՀ վարչապետին, խնդրեց Գյուլբենկյանի հիվանդանոցի շենքն ամբողջությամբ կամ մասնակիորեն հատկացնել Շիրակի երկրագիտական թանգարանին:
Խնդրանքը, սակայն, Կառավարությունը մերժեց: Արդյունքում Գյուլբենկյանը մնաց լքված, 1930 թվականին հիմնված թանգարանը շարունակեց գոյատևել վթարային, ոչ թանգարանային խայտառակ պայմաններում՝ աշխատակիցների անձնվեր աշխատանքի շնորհիվ: Ցուցանմուշները մնացին պահոցներում մինչ օրս:
Դիմում եմ Ձեզ Շիրակի երկրագիտական թանգարանը փրկելու խնդրանքով. Լևոն Բարսեղյան
2013-ի կառավարական մերժումից 5 տարի անց Հայաստանում նոր օրեր եկան:
2018-ին նույն խնդրանքով Լևոն Բարսեղյանը դիմեց ՀՀ մշակույթի այդ տարիների նախարար Լիլիթ Մակունցին: Պատկերավոր պատմեց թանգարանային դառը կյանքի ճշմարտությունների մասին, տեղեկացրեց, որ վթարային մի տան մեջ ծվարած Շիրակի երկրագիտական թանգարանն իրական գանձարան է, որը սակայն գործում է ինչպես ցուցանմուշների պահեստ:
Նախարարին հուշեց, որ գրվածի ճշմարտացիության մեջ կարելի է համոզվել ընդամենը մեկ կարճ այցով ընդամենը:
Մակունցը ժամանակ չկորցրեց, 2018-ի հուլիսի 9-ին Գյումրիում էր: Եկավ, ասաց, որ մշակույթի նախարարը դեմ չէ, որ թանգարանը տեղափոխվի հիվանդանոցի շենք, ավելին՝ կդիմի պետգույքին այդ հարցով: Հետո լսեց պատմություններ թանգարանի մասին, տեսավ ցուցանմուշներ, զարմացավ, հիացավ, ժպտալով ու վստահ հրաժեշտ տվեց թանգարանի անձնակազմին:
Գնաց, բայց գործը ո՛չ թանգարան ունենալուն հասավ, ո՛չ կարմիր ժապավեն կտրելուն:
Այդ օրերին այնքան կարևոր համարված այս իրադարձության մասին այօր հիշեցնում է միայն «Շիրակի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ գրառումով ցուցանակը:
Ընդամենը:
Կառույցի դուռը բաց է, ներսում կիսավեր հիվանդասենյակներ, գետնին ընկած լամպեր, շուռ եկած բուժսարքավորումներ և այլ իրեր: Կարծես տարածքից նախկին տնօրինողները ոչ թե հեռացել, այլ առանց հետ նայելու ինչ-որ աղետից մազապուրծ փախել են, փրկվել:
Պատմությունը՝ պատմական շենքի պահոցներում. Շիրակի երկրագիտական թանգարանի ցուցանմուշներն անհասանելի են
2022-ի հոկտեմբերից է Մերուժան Մինասյանը թանգարանի տնօրեն:
1930-ին հիմնադրված թանգարանը մինչ 1988-ի աղետը գործել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի նախկին շենքի նկուղային հարկում, դրանից հետո մինչ օրս պատսպարվել ներկայիս վթարավտանգ բնակելի տան մի քանի սենյակում: 88-ին թանգարանն ունեցել է մոտ 8000 ցուցանմուշ, հիմա արդեն խոսքը 25 հազար 300 ցուցանմուշի մասին է:
Այս արժեքավոր ֆոնդի պահպանությունը գնալով դժվարանում է: Փորձում են սեփական ջանքերով հնարավորության սահմաններում ապահովել կոնսերվացիայի գործընթացը:
Գորգերի և այլ ցուցանմուշների մաքրման, պահպանման մասնագիտական աշխատանքներն այս տարվա համար արդեն ավարտել են: 100-ից ավելի գորգ, կարպետ ու այլ ցուցանմուշ մեկիկ-մեկիկ հանել, մաքրել, արևին դրել, հավաքել, կրկին շարել են համապատասխան արկղերի ու դարակների մեջ, փակել:
Մշտական ցուցադրության հնարավորություն տան մեջ գտնվող թանգարանը չունի: Շիրակի գանձերը ցուցադրվում են հիմնականում տարբեր թանգարաններում: Այս տարի արդեն մի քանի նման ցուցադրություն են ունեցել: Երկուսը տեղում, թանգարանի 2 փոքրիկ սենյակներում են անցկացվել՝ Թանգարանային գիշեր միջոցառման ժամանակ: Ցուցադրել են հին դրամները: Եվս մեկն էլ Սարդարապատում մայիսի 28-ին է եղել, ցուցադրել են Անդրանիկի ժամացույցը, զինվորներից երկուսի զենքերը: Համապատասխան թույլտվություններով տարել, հետ են բերել: Գյումրիում Ցեղասպանության թեմայով ցուցադրություն էլ են ունեցել:
«Եթե մենք շենք ունենանք, այդ 25.000 ցուցանմուշներից առնված 15.000-ը կցուցադրվի: Եղակի ցուցանմուշներ են և դրանց ցուցադրումը կբերի մեծ փոփոխություն և թանգարանին և Գյումրիին՝ հանրահռչակման առումով: Այն ցուցանմուշները, որոնք որ այսօր ուղղակի պահեստավորված են, հնարավորություն չունենք այսօր ի ցույց դնելու, կամ ցուցադրելու: Ժամանակավոր ցուցադրությունների ժամանակ ճիշտ է որոշ մասը տեղափոխվում, ներկայացվում են, բայց դա ամբողջական ուսումնասիրություն հնարավորություն չի տալիս մարդուն»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց թանգարանի տնօրենը:
Թե ինչու մինչ օրս շենքային պայմանների հարցը չի լուծվում, տնօրենը չգիտի: Ձեռքի տակ առկա է փաստաթուղթ, որ 2018-ին Կառավարության որոշմամբ Գյուլբենկյանի վիրաբուժականն իրենց է հատկացվել:
«2024-ին ավագանու ինչ-որ որոշում է եղել և շենքն ավագանու որոշմամբ պետք է տրամադրվեր Լոզանի համալսարանին: Ես իհարկե գրություն չեմ ստացել, որոշման մասին ուղղակի լսել եմ հեռուստատեսությամբ, լուրերով: Այսօր դեռևս փաստաթղթով Գյուլբենկյանի շենքը պատկանում է Երկրագիտական թանգարանին նաև կադաստրային և պետգույքի փաստաթղթով»,- ասում է Մինասյանը:
Ըստ Մինասյանի, խնդրի մասին պատասխանատուները տեղյակ են, գիտեն նաև Կառավարությունում: Ասում է՝ նպատակահարմար է, որ հենց Գյուլբենկյանի շենքը մնա իրենց, քանի որ արդեն հանգանակությամբ հավաքված 15 մլն դրամը ծախսել են էսքիզ-նախագծի համար: Այն ամբոջությամբ պատրաստ է, հենց գումար լինի փորձաքննություն կանցնի, և երբ Կառավարության որոշումն էլ լինի 1-2 տարում շենքը լիարժեք պատրաստ կլինի ծառայել որպես թանգարան:
Ժամանակին հաշվարկ էլ կար. Գյուլբենկյանի վիրաբուժականը թանգարանի հնարավոր էր վերածել 1 մլրդ 200 մլն դրամ գումարով:
Երկրագիտական թանգարանից անցում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի մասնաճյուղի. շենքը ո՞ւմ բաժին կհասնի
Երկրագիտական թանգարանի տնօրենի ձեռքին շենքի պատկանելիության փաստաթուղթ կա, քաղաքապետարանի ձեռքին՝ թանգարանին հանձնված շենքը համայնքին վերադարձնելու որոշում, որից հետո Գյուլբենկյանը, համաձայն այդ որոշման պետք է նվիրաբերվի «Հայաստանում շվեյցարական կազմակերպության ակադեմիա» ՓԲԸ-ին՝ Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի (Ecole hôtelière de Lausanne) մասնաճյուղ հիմնելու համար։ Ավագանին 2024 թվականին նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գրություն-առաջարկությունը։
Դեռ 2023-ին է վարչապետի մոտ քննարկվել Գյումրիում Լոզանի հյուրանոցային կառավարման դպրոցի մասնաճյուղ հիմնելու ծրագիրը: 2025-ի հունվարին ևս Նիկոլ Փաշինյանը հանդիպել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշի հետ և հատուկ ուշադրություն դարձրել այդ նախաձեռնությանը:
Լոզանից ձայն չկա, թանգարանը շարունակում է նեղվել ու դիմանալ, Գյուլբենկյանը դեռ գյումրեցիների համար սև հիվանդանոցն է, դռները բաց ու ավերված: Այսինքն, մինչ պատմական ցուցանմուշները մեռնում են պահոցներում, դրանց համար այնքան անհրաժեշտ անտեր մնացած սենյակներում քամին ու մկներն են պար բռնել
Եթե Կառավարությունը նպատակահարմար գտնի այդ շենքն այլ հաստատության տալ, Երկրագիտական թանգարանը կարտահայտի իր դժգոհությունը, բայց առանց վիճաբանության: Կքննարկեն, կփորձեն փոխհատուցում ստանալ թեկուզ մեկ այլ շենքի տեսքով:
«Այս թանգարանը երկրինն է, մեր սեփականությունը չէ, իսկ երկրի հարստությունն այսօր մշակութային առումով շատ կարևոր է: Զբոսաշրջության առումով այն մեծ արձագանք կունենա: Շատերն են գալիս թանգարան, բայց մենք մարդկանց իրավունք չունենք ֆոնդերին հասանելի թողներ, գրքերով, լուսանկարներով ցույց ենք տալիս, պատմում ենք, ինչն այնքան էլ արդյունավետ չէ: Սակայն պարզ է, որ մարդը կուզեր անձամբ տեսնել դրանք»:
Երկրագիտականը գործում է զուտ պետական ֆինանսավորմամբ, կողմնակի եկամտի աղբյուր չունեն, քանի որ այցելու չունեն: 12 աշխատակից կա՝ սպասարկող անձնակազմը ներառյալ:
Անդրանիկի ժամացույցը, զենքեր, Էրզրումի խաչը, Գյումրու ծննդականը և այլն. բացառիկ նմուշները տեսնելու հնարավորություն չկա
Ստեղծված անորոշ վիճակին զուգահեռ մեր խնդրանքով տնօրենը առանձնացնում է եզակի մի քանի ցուցանմուշ, որոնք կարողանում է այդ պահին մտաբերել՝ Անդրանիկի ժամացույցը, 1890-ականների գորգ ու կարպետ, եզակի զենքերը 2-3 հատ, Էրզրումի Սուրբ Նշան եկեղեցու խաչը, որը գաղթի ժամանակ բնակիչներն են իրենց հետ բերել, որպեսզի որտեղ բնակություն հաստատեն, խաչը դնեն, սակայն մեծ լինելու պատճառով այդպես էլ մնում է թանգարանում, լուսանկարներ, նամակներ, դիմումներ, նաև քաղաքի ծննդականը:
Իսկ հենց մուտքի մոտ՝ դռան դիմաց նստարան հիշեցնող քարե հսկա կտորը պարզվում է դագաղ է եղել, պեղումներից եկել, հասել է թանգարան, տեղ չկա, դրսում է տեղակայվել մի քանի նման գտածոյի հետ:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test