Նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ՝ նախօրեին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով մի շարք առարկաների մասով բացակա դասագրքերի խնդրին, հանրության մտահոգությունները համարեց անտեղի՝ նշելով, որ անհարկի շահարկվում է այդ թեման: Ըստ նրա, դպրոցներն ունեն բոլոր անհրաժեշտ դասագրքերը՝ ուսուցումն իրականացնելու համար: Միաժամանակ չթաքցրեց, որ որոշ առարկաներից նոր դասագրքեր չկան եւ օգտագործվելու են դեռեւս հին դասագրքերը:
Ըստ Անդրեասյանի, դրանք մեծամասամբ վերաբերում են ավագ դասարաններին: Մասնավորապես, սեպտեմբերի 1-ից դասագրքեր չեն լինի 10-րդ եւ 11-րդ դասարանների «Քիմիա» առարկայից, 10-րդ եւ 11-րդ դասարանների «Կենսաբանություն»-ից, 11-րդ դասարանի «Հանրահաշիվ» առարկայից, 11-րդ դասարանի «Ռուսերեն», 9-րդ եւ 11-րդ դասարանների ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն), 5-11-րդ դասարանների «Ֆրանսերեն»-ից:
«Միայն 7 դասագիրք ֆրանսերենից չկա, քանի որ «Ֆրանսերեն» առարկայից 5-11-րդ դասարաններում գրքեր չկան,- ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ու հավելում,- իսկ այն փաստարկը, որ կարող են օգտվել հին դասագրքերից, համոզիչ չէ, որովհետեւ ստեղծվել են նոր չափորոշիչներ, իհարկե, հասկանալի է, որ նոր դասագիրքը ֆրանսերենի քերականական կանոնները կամ գրականությունը չի փոխելու, էլի նույն կանոններն են, ով էլ ֆրանսերենում գրի դասագիրքը, նույն բանն է սովորեցնելու, բայց չէ՞ որ չափորոշիչում փոխվել են մեթոդաբանական մոտեցումները, կան խաչվող հասկացություններ, առանցքային կարողունակություններ, ու եթե մենք ասում ենք, որ կարելի է հին դասագրքով աշխատել, ու դա նորմալ է, նշանակում է, որ մենք նոր չափորոշիչն արժեզրկում ենք: Եթե այդպես է, ուրեմն ինչո՞ւ ենք նոր չափորոշիչ ընդունել, կարող էինք բոլոր առարկաներն էլ հին գրքերով դասավանդել, էլ ինչո՞ւ փոխեցինք: Դրա համար այն փաստարկը, որ որոշ առարկաներ կդասավանդվեն հին դասագրքերով, ու դա նորմալ է` բնավ նորմալ չէ, որովհետեւ սկսենք նրանից, որ այդ դասագրքերը ֆիզիկապես մաշված են, քանի որ տպագրվել են մի քանի տարի առաջ: Ըստ այդմ` թե՛ ֆիզիկապես են մաշված, թե՛ նոր չափորոշչին չեն կարող համապատասխանել»:
Դասագրքերի մյուս խումբն այն առարկաներն են, որտեղ, ըստ փորձագետի, տեղի է ունեցել արմատական փոփոխություն, օրինակ, Հայոց պատմության չափորոշիչն արմատապես փոխված է, եւ նախկին գրքով անհնար է պարապել. «Հիմա, այս պարագայում ուսուցիչներին առաջարկում են ուսումնական թղթապանակներ, որոնցով պետք է աշխատեն: Հիմա հարց. ինչո՞ւ պետք է ուսուցիչն ամեն շաբաթ, իր աշխատանքային ժամերից դուրս ժամանակ տրամադրի եւ վերապատրաստվի: Մենք այդ ուսուցիչներին դնում ենք անհարմար իրավիճակի մեջ, ստացվում է՝ շաբաթը 3-4 ժամ, որ կարող էր օգտագործել այլ գործերի վրա, պետք է նստի ու վերապատրաստվի, թե ինչպես պետք է այդ ուսումնական նյութերը դասավանդի: 2-րդ․ այդ նյութերն ուսուցչին տրվում են օնլայն, ո՞նց պետք է դա աշակերտին հասնի, եթե, իհարկե, դպրոցն այն չտպագրի, բայց այստեղ էլ ասում են` ծնողներից չի կարելի գումար հավաքել, իսկ դպրոցն ի՞նչ բյուջեով տպագրի: Պատկերացրեք` ավագ դպրոց, ու մի քանի առարկայից դասագիրք չկա, ու եթե ամեն աշակերտի համար դու ամեն շաբաթ մի քանի ժամանոց առարկայի նյութ տպես, պատկերացրեք` ինչ ծախս է լինելու, այդ մարդիկ անընդհատ պետք է պատճենահանման քարթրիջ փոխեն, իսկ էլեկտրոնային տարբերակի դեպքում էլ, պարզ է` երեխաներն առանձնապես համակարգչից չեն օգտվելու, հեռախոսային տարբերակով էլ կիսատ-պռատ վիճակներով են ծանոթանալու: Այսինքն՝ դասագրքի բացակայությունն արդեն անլրջացնում է ուսումնական պրոցեսը: Առանց այն էլ մեր ավագ դպրոցներում վիճակը շատ վատ է, երեխաները չեն ուզում սովորել, մեծ մասը սկսել է աշխատել, մի հատ էլ երեխային ասում ենք` դասագիրք չկա, դա երեխաների համար բավական է, որ այդ առարկային անլուրջ վերաբերվեն»:
Նախարարի պնդմամբ, ուսումնական թղթապանակները մանկավարժներին հնարավորություն են տալիս՝ դասապրոցեսը վարելու ընթացքում ավելի ճկուն ու նորարար լինել։ «Մենք ընդհանրապես ուզում ենք ավագ դասարաններում հրաժարվել դասագրքի մոտեցումից, որովհետեւ շատ ավելի արդյունավետ է, երբ կարողանում ենք ունենալ ուսումնական նյութերի հավաքածուներ՝ այդ առարկաների ու դասընթացների համար»,- հայտարարել էր նա:
Բացակա դասագրքերից շատերի դեպքում հայտեր ներկայացվել են, բայց, ինչպես նկատել էր նախարարը, դրանք չեն հաղթահարել փորձաքննությունը։ «Իսկ մենք չենք ուզում գնալ կոմպրոմիսի»,- ասպես էր հիմնավորել ԿԳՄՍՆ-ն իր դիրքորոշումը, ինչի առնչությամբ կրթության փորձագետը նկատում է, որ այստեղ 3 կարեւոր գործոն կա, մինչդեռ նախարարությունը խոսում է միայն 2-ից եւ 3-րդը, որն իրենց դաշտում է, փորձում է անտեսել:
«Գործոն 1-ին․ պետք է լինեն դիմորդներ, եթե դասագրքի համար դիմորդ չկա, ո՞նց ընտրենք։ 2-րդ գործոն․ եթե կա դիմորդ, բայց ներկայացվել է անորակ դասագիրք, ես համաձայն եմ` չգնանք կոմպրոմիսի եւ չընտրենք: Սակայն կա 3-րդ գործոնը` իսկ ո՞վ է սահմանում դասագրքի մրցույթի կանոնները, գուցե դիմորդներ չկան, որովհետեւ կանոնները լավը չեն, կամ դիմորդների գրած դասագրքերի որակը վատն է, որովհետեւ ժամանակն են քիչ տվել: Նույն՝ Հայոց կամ Հայաստանի պատմության դեպքում գուցե մենք մասնագետների կարծիքն արհամարհել ենք, եւ իրենք չեն ուզում գրել` բոյկոտում են: Եկեք պարզ խոսենք, այս առարկայի անվանափոխությունն արվեց զուտ վարչական ռեսուրսով, ես նայել եմ, պատմաբանների 90 տոկոսից ավելին բացահայտ ասում էր ու հիմնավորում, որ, ճիշտ է՝ Հայոց պատմությունը, ինչը գիտական թեմա է, եւ կառավարությունը չպետք է որոշի, գիտնականները պետք է որոշեն իրենց առարկայի ճիշտ անվանումը, բայց այդ մարդկանց անտեսեցինք: Իսկ այն պատմաբանը, որն իբր դիմել էր վարչապետին այդ առաջարկով, մնաց անհայտ, մինչդեռ ազնիվ կլիներ՝ եթե գիտնական եք, ձեր առաջարկը բաց առաջարկեք, որովհետեւ գիտության խնդիրը ճշմարտությունն է, եթե դու գիտնական ես, ունես տեսակետ ու այն գաղտնի ես ներկայացնում, ուրեմն դա գիտություն չէ, դու էլ գիտնական չես: Այդ գիտնականն այդպես էլ չբացահայտվեց, եւ չիմացանք` ով էր այդ առաջարկն անողը։ 2-րդ․ պատմաբանների 90 տոկոսից ավելին դեմ արտահայտվեց այդ տարբերակին, բայց մենք արհամարհեցինք մարդկանց, ու հիմա նրանք արդարացիորեն ասում են` եթե դուք մեր կարծիքն անտեսում եք, ուրեմն մենք էլ չենք ուզում գիրք գրել»,- նշում է զրուցակիցս:
Ս. Խաչատրյանը հիշում է, որ առաջին տարում դասագրքաստեղծ պրոցեսից նույնիսկ հրատարակչություններն էին դժգոհում, քանի որ նախարարությունը փոխեց նաեւ վճարման պայմանները։ «Եվ արդյունքը եղավ այնպես, որ հոնորարները կտրուկ նվազեցին, մինչդեռ տարիներ առաջ մարդիկ մի քանի միլիոնի հասնող հոնորար էին ստանում, բայց այսօր ունենք դասագրքի հեղինակներ, որոնք շահած դասագրքի համար ստացել են 500-600 հազար դրամ հոնորար: Հիմա գուցե դուք այնքան եք նվազեցրել, որ ֆրանսերենի մասնագետն ու հրատարակիչը նստել հաշվել են, որ եթե իրենք դիմեն ու մրցույթը շահեն, այնքան քիչ է լինելու կոնկրետ ֆրանսերենի տպաքանակը, որ այդ գրքի համար իրենք ստանալու են, ասենք, 300 հազար դրամ հոնորար, ինչը քիչ մոտիվացնող է, որ նստես գրես դասագիրք եւ ուսուցչի ձեռնարկ»,- ասում է Խաչատրյանն ու նկատում, որ այս տեսակ առարկաների համար պետք է լինի տարբերակված մոտեցում, եւ ուրիշ քվոտաներ սահմանի նախարարությունը` դրանով շահագրգռելով հեղինակներին:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test