Փաշինյանը պաշտոնից ազատեց միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարին
sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիպարիտ Դրմեյանին ազատեց միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։ Այդ մասին նա այսօր համապատասխան
որոշում է ստորագրել։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով Լիպարիտ Դրմեյանին ազատել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Կառավարությունը ես եմ, չի՛ կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ։ Եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող հենց հիմա դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ՝ ես իրենց կհանեմ»։
Նա այսպես էր արտահայտվել` պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ՀԷՑ–ի մասով Ստոկհոլմի արբիտրաժի վճիռները պարտադիր կատարման ենթակա լինելու մասին հաստատել է նաև կառավարությանն առընթեր միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։
Գործարար Սամվել Կարապետյանի պաշտպանական խորհուրդը հուլիսի 23-ին հայտնեց, որ Կարապետյանի ընտանիքը
հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Կառավարությունն
արձագանքեց միջազգային դատարանի վճռին` նշելով, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
Օգոստոսի 15–ին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը
հայտարարել էր, որ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման։