Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի կողմից «Խաղաղության պայմանագրի» նախաստորագրումից և առհասարակ այդ փաստաթղթից Արավուսի նախկին ղեկավար, Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանը որևէ ակնկալիք չունի։
Ասում է՝ խաղաղությունը ոչ թե թղթի կտորի վրա ստորագրելով է, այլ՝ բանակն ուժեղացնելով ու զարգանալով։ Ավելին՝ նա չի պատկերացնում, թե, օրինակ, ԱՄՆ նախագահն ինչպես է 2 մայրցամաք այս կողմ Հայաստանում, այդ թվում՝ Սյունիքում, խաղաղություն ապահովելու։
Արգամ Հովսեփյանը, որպես պարզ օրինակ՝ նշում է, թե ինչ ռազմատենչ ելույթ էր ունենում Ալիևը Քարվաճառում օգոստոսի 8-ից հետո, երբ այդ փաստաթուղթն արդեն նախաստորագրված էր։
«Ի՞նչ են պատրաստվում Ադրբեջանի հետ ստորագրել, ի՞նչ խաղաղություն, ո՞ր խաղաղության համար, որ մեր գերիներին ու պատանդներին արդեն հե՞տ են տվել, որ ՀՀ սուվերեն տարածքները վերադարձրե՞լ են, դրա համա՞ր են ստորագրում։ Ադրբեջանցին մտավ Կապան, մեր հային սպանեց, 2 օրում հանցագործին հետ տվեցին, բայց մեր անմեղ գերիներն ու ռազմագերիները մնացել են Բաքվում։
Բա խաղաղության գնացող կողմերը Վաշինգտոնում ինչո՞ւ անդրադարձ չկատարեցին հայ պատանդներին ու գերիներին, սա՞ է իրենց խաղաղությունը, վայ հայ ազգին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արգամ Հովսեփյանը։
Արգամ Հովսեփյանը վստահեցնում է՝ այս ճանապարհով խաղաղություն չի լինելու, եթե կուզեն՝ թող 7 նման փաստաթուղթ նախաստորագրեն ու ստորագրեն։
«Լսե՛ք Ալիևի հայտարարությունները, չե՞ք լսում, Ալիևն այսպե՞ս է գնում խաղաղության, ես այսպես խաղաղություն չեմ տեսել։ 5000 զոհերի, 12.000 հաշմանդամություն ունեցողների խաղաղությո՞ւնն է, թե՞ Արցախում տեղի ունեցած ցեղասպանության, ես չեմ հասկանում այս «խաղաղությունից»»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Սյունիքով անցող «Թրամփի ուղուն», Արգամ Հովսեփյանը նկատեց՝ եթե Թրամփը 2 օվկիանոս կհաղթահարի ու կգա Սյունիք և խաղաղություն կբերի՝ միայն ուրախ կլինի, բայց նման բան չի՛ լինելու։
«Մեր սուվերեն տարածքում ինչո՞ւ պետք է լինի «Թրամփի ուղի», թող Մոնթեի կամ Վազգեն Սրագսյանի ուղի բացեին։
Այդ ո՞ր մի սյունեցին կուզի ադրբեջանցին մտնի Սյունիք ու դուրս գա՝ ո՛չ մեկը։
Վստահ եմ՝ ամեն ինչ էլ հնարավոր է անել՝ Արցախն էլ հետ բերել, Նախիջևանն էլ, բայց իշխանությունն ու ՀՀ ներկայիս դիվանագիտությունը պետք է փոխվի, ճիշտ բանակցող է պետք։ Եթե չփոխվեց իշխանությունը ու ճիշտ բանակցող չեղավ, ավելի խայտառակ վիճակում ենք հայտնվելու, քան հիմա ենք»,- ընդգծեց Արգամ Հովսեփյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test