Քաղաքագետ Թևան Պողոսյանի համար որևէ տարբերություն չկա այս և նախորդ տարիների օգոստոսի 8-երի միջև՝ չնայած իշխանությունների պնդումներին, որ օգոստոսի 8-ից ապրում են բոլորովին նոր Հայաստանում, և, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ շատ բացասական ներքին զգացողություն ունի, որովհետև նախկինում օգոստոսի 5-20-ը մշտապես ընտանիքով այցելում էին Արցախ. «Այն ժամանակ հնարավորություն ունեի վերադառնալու տուն, շրջագայելու և ավելի բարի տրամադրությամբ առիթներ նշելու, քան այսօր: Չգիտեմ՝ ում համար ինչ է, բայց խաղաղությունը պարզապես բառ չէ, այլ բովանդակություն է:
Օգոստոսի 8-ից մի քանի նկար ավելացավ իրենց մոտ, բացի նրանից, որ հերթական պարտությունը բերեցին՝ բոլոր նկարագրերով: Նույնիսկ միջազգային փորձագետներն են կասկածի տակ դնում վաշինգտոնյան իրադարձությունները: Իշխանությունները բա ի՞նչ պետք է ասեն, հո չե՞ն ասելու, որ սխալ են արել: Պարտություն բերողը եթե ասում է՝ պարտությունը հաղթանակ ընկալեք, նույն ձևով էլ պետք է լինի»:
Թևան Պողոսյանը մանիպուլյատիվ է համարում Փաշինյանի այն ձևակերպումը, թե եթե ժողովուրդը հեղափոխություն չի արել, ուրեմն՝ իր նման հասկացել է՝ առանց Արցախը հանձնելու՝ խաղաղության հնարավոր չէ հասնել:
«Հերթական մանիպուլյացիան է: Եթե այդպես է, ապա 2021թ. նախընտրական ծրագրում ինչո՞ւ էիք գրել Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի մասին: Քաղաքացիները սեպտեմբերի 2-ին կարող են իրենց դիրքորոշումն արտահայտել գործողությամբ, օրինակ՝ այդ օրն անպայման այցելել Արցախի ներկայացուցչություն, Արցախի պատկերներ տեղադրել սոցիալական ցանցերում, դարձնել արցախյան օր: Առնվազն, արցախյան թեման եթե պահենք, դա փոխանցելու ենք սերունդներին»:
Դիտարկմանը՝ չի՞ վերածվի Արևմտյան Հայաստանի, երբ էմոցիոնալ մակարդակում, երգերում մնացել է, բայց հստակ քայլեր չեն արվում այդ ուղղությամբ, նա այսպես արձագանքեց. «Նույնը Արցախի պարագայում եթե նայենք, ապա պետք է ասենք, որ 1921թվականից այդ հարցն էլ չպետք է լիներ, բայց խոսում էին, և ինչ-որ մի բան ստացվեց 90-ականներին: Անցած ճանապարհից դասեր չքաղե՞նք: Երբ ասում եք՝ նույն Արևմտյան Հայաստան, իսկ միգուցե այդտեղ էլ է պետք հասկանալ, իսկ ի՞նչ պետք է անեինք: Որո՞նք էին մեր սխալները՝ փոքր դեմոգրաֆիան, ազգային անմիասնությունը, պառակտվածությունը, շքեղ կյանքի հետևից գնալը: Հիմա մարդիկ, որ թողնում արտագաղթում էին ԱՄՆ կամ այլ երկրներ և երբ դառնում էին այդտեղի քաղաքացի, արդեն հիշատակը մնում էր նկարով, պատմությամբ, երեխաներին այնուամենայնիվ դաստիարակում էին: Մի մասի մոտ ստացվում էր՝ Մոնթե Մելքոնյանը, եկել է, հայ ազատագրական պայքարին մասնակցել է, երեխաներ են եղել, որ չի ստացվել: Հիմա, պետք է նայել՝ ոնց պետք է անեինք, որ այդ ազգային միասնության գաղափարը լիներ: Մենք ինչո՞ւ ենք անպայման բացասականի օրինակը վերցնում»:
Անդրադառնալով Ալիևի պահանջով Սահմանադրությունը փոխելու իշխանությունների պատրաստակամությանը և մյուս զիջումներին, Թևան Պողոսյանը հետևյալն ասաց.
«Ծեծված մարդուց ի՞նչ եք ուզում: Ծեծված մարդուց շատ բան ուզել չի կարելի»:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է իր նշած ծեծված մարդը շարունակում մնալ իշխանության, նա պատասխանեց. «Որովհետև միակ ճիշտ բանը, որ ասել է, հետևյալն է՝ ժողովուրդը որ չցանկանա՝ մի օր էլ չի մնա: Դրա համար մանիպուլյացիա է անում՝ համաձայն չեք՝ հեղափոխություն արեք: Մենք պետք է հասկանանք, որ երբ ընկնում ենք փնտրտուքի մեջ, թե՝ սա լավն է, նա վատն է, ավելի շատ ուզում ենք ասել, թե ինչու մենք չենք ցանկանում որևէ բան անել: Մենք ազգային հաղորդակցության խնդիր ունենք: Սփյուռքում երբ մեկն ինչ-որ տեղ տուժում է, ինչքան ենք ցավ զգում: 1988-ի շարժումը կողքի հայի ցավն զգալու և արթնացման մասին էր: Մոնթեի մոտ այդ ցավը շատ ուժեղ էր: Իսկ հիմա անգամ հայտնի «ցավդ տանեմ» արտահայտությունն է կորում, սերն է կորել: Բագրատ Սրբազանի հանդեպ մեծագույն վախը հենց դա էր, որովհետև նա փորձում էր հայի մեջ կողքինի հանդեպ սերը վերականգնել: Սրբազաններին կալանավորելով՝ փորձում են այնպես անել, որ նրանք սերը չքարոզեն, ուզում են բաժան-բաժան անեն և տիրեն. Իշխանությունը պահելու ամենահարմար բանն է»:
Նա հավելեց. «Հենց ինչ-որ մեկը որևէ բան անելու է կանչում, սկսում են քննարկել՝ բոյը կարճ է, նախկին է, էս է, էն է… Է, լուսնից իջեցրեք ձեր առաջնորդին, ես ի՞նչ ասեմ: Մեկի անունն են միշտ փնտրում, որ հետո մեղքն ամբողջովին իր վրա գցեն: Դուք դարձեք էդ առաջնորդը»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test