«Այսօրվա եզրափակիչ ելույթի մասին խոսեմ՝ ընդհանրապես քրեական վարույթը նախաձեռնելու, այդ վարույթի ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ բազմաթիվ փաստեր կան, օրենքում ինչքան հնարավոր կարգավորում կա, այդ բոլոր կարգավորումները խախտված են, եւ դրա մասին մանրամասն ներկայացրեցինք։ Դա նշանակում է, որ ամբողջ քրեական վարույթը ոչ իրավաչափ է, կոպիտ ասած՝ ապօրինի քրեական գործ է սա։ Հիմա, եթե սա ապօրինի է, դրանից բխող ով ինչ է արել, ամեն ինչ անօրինական է։ Եվ չի կարող անօրինական քրեական գործով անձը դատապարտվել։ Իսկ օրենքն ասում է, որ այս դեպքում դատարանն անմիջապես պետք է քրեական հետապնդումը դադարեցնի»,- Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով ամփոփիչ դատական նիստից հետո լրագրողներին ասաց Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Այսօրվա դատական նիստում կողմերը հանդես եկան եզրափակիչ ելույթներով, հաջորդ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին, եզրափակիչ ելույթները կշարունակվեն։ Երեմ Սարգսյանն ասաց, որ հավանաբար Միքայել սրբազանը եւս եզրափակիչ ելույթով հանդես կգա։
Երեմ Սարգսյանի խոսքով՝ խախտվել է նաեւ ընդդատության կանոնը, իսկ օրենքը նախատեսում է, որ այդ դեպքում Վերաքննիչ դատարանը պարտադիր բեկանում է այս դատական ակտը։ Դատարանը, հստակ իմանալով, որ մեղսագրվող արարքը կատարվել է Գյումրի քաղաքում, իմանալուց հետո պարտավոր էր գործն ըստ ընդդատության ուղարկել։ «Բայց ինքը չուղարկեց, որ ինքը քննի եւ այս արագությամբ քննի։ Հիմա, ընդդատության կանոնը խախտվեց, նորից ամբողջ դատաքննությունն ապօրինի է, իսկ ապօրինի դատաքննության պարագայում հետազոտված ապացույցներն էլ են ապօրինի, եւ պետք է արդարացվի»,- ասաց նա։
Երեմ Սարգսյանն ասաց, որ դատավորների վրա ճնշումներ կան։ «Եթե խոսում եմ Արմինե Մելիքսեթյանի մասին, երբեմն նույնիսկ հասկանում են նրան, որովհետեւ ոչ բոլոր մարդիկ են ի վիճակի այդ ճնշումները հաղթահարել։ Բոլորը տեսնում էին, թե ինչ էր անում ԲԴԽ-ն՝ թիրախավորել էին բոլոր այն դատավորներին, ովքեր չէին ենթարկվում եւ փորձում էին իրենց կամ հեռացնել, կամ քրեական հետապնդման ենթարկել։ Իսկ այն դատավորները, ովքեր ենթարկվում են իրենց, պաշտոնի առաջխաղացում են ունենում։ Եթե նույնիսկ իրենց ուղիղ չհանձնարարեն էլ, այսօր մեր դատավորների մեծամասնությունը օդից մթնոլորտը փորձում են բռնել եւ տեսնում են, թե ինչ են ցանկանում քաղաքական իշխանությունները, ԲԴԽ-ն եւ դրանից ելնելով՝ անում են այն, ինչ ցանկանում են»,- նշեց Երեմ Սարգսյանը։
Միքայել սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այսօրվա իրավիճակին, երբ դատական նիստերի դահլիճում Միքայել սրբազանին չէին թույլատրել շփվել հոգեւորականների հետ։
«Հոգեւոր հայրերը մոտեցան հրաժեշտ տալու, բայց արգելեցին, արգելել էին նույնիսկ բարեւելը, ես հաջորդ դատական նիստում շատ խիստ նախատելու եմ դրա համար եւ միջոցներ եմ ձեռնարկելու, որ մեր վստահորդը իրեն բարեւելու ցանկություն ունեցող անձանց հետ շփվելու հնարավորություն ունենա։ Նախորդ նիստերից մեկում շփումների սահմանափակումները վերացվեցին, եւ միայն լրատվամիջոցների հետ անմիջական շփումն է արգելվել։ Հետեւաբար, այսպիսի գռեհիկ վերաբերմունքը որեւէ իրավական կարգավորում չունի, հաջորդ դատական նիստում ես սրան հատուկ կանդրադառնամ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝ Միքայել սրբազանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «ունենալով արքեպիսկոպոսի հոգեւոր աստիճան եւ հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետեւորդներ եւ հետեւաբար նաեւ՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին եւ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաեւ՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test