«Հայկական ժամանակ»-ի զրուցակիցն է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ասոցացված փորձագետ Էլեն Հոխիկյանը:
- Տիկի՛ն Հոխիկյան, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, հատկապես՝ Վաշինգտոնում երեք երկրների ղեկավարների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը և դրա շրջանակում մի շարք փաստաթղթերի, այդ թվում՝ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը: Համակարծի՞ք եք արդյոք իշխանության ընդդիմախոսների այն պնդումների հետ, որ TRIPP-ը կարող է վտանգավոր միտում ունենալ ՀՀ-ի համար:
- Վաշինգտոնյան վերջին զարգացումները՝ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը և Հռչակագիրը, իհարկե, ընդդիմությունն ասում է, որ ընդամենը հռչակագիր է նպատակների մասին, լուրջ փաստաթուղթ համարվել չի կարող, սակայն ես առհասարակ չեմ կիսում այս տեսակետները, քանի որ եթե այդպես լիներ, այդքան չէին խառնվի իրար մի փաստաթղթի պատճառով, որը, ըստ իրենց, որևէ լեգալ ուժ չունի: Արձանագրենք, որ չի կարող անլուրջ լինել մի բան, որը ստորագրվում է ԱՄՆ-ի ներկայությամբ, ինչպես Ալիևը նշեց, աշխարհի համար առաջին օֆիսում: Չեմ կարծում, որ այս պահին աշխարհում կա երկիր, որ կուզենա հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ վատացնել, այսինքն՝ գնալ պայմանավորվել, հետո այդ պայմանավորվածությունները չպահել:
Ինչ վերաբերում է TRIPP-ին, ինձ հետաքրքիր է, թե որն է աղմկող ընդդիմության առաջարկած այլընտրանքը․ Նոյեմբերի 9-ի փաստաթո՞ւղթը, որում ասվում էր, որ տվյալ միջանցքը կամ ճանապարհը պետք է վերահսկեն երրորդ երկրի հատուկ ծառայությունները, տվյալ պարագայում՝ ФСБ-ն: Ներկայիս փաստաթղթում նման պնդում չկա, ավելին՝ ասվում է, որ ճանապարհը և ոչ միայն՝ նավթամուղները, մալուխներ և այլն, և այլն, պետք է կառուցվեն և գործեն բացառապես ՀՀ ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականությունը հարգելու կոնտեքստի մեջ: Չեմ հիշում, որ նման մոտեցում լիներ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, և հիշեցման կարգով ասեմ, որ 2022 թվականին ФСБ-ն նամակ էր ուղարկել ՀՀ համապատասխան մարմիններին՝ խնդրելով տրամադրել հողատարածքներ, որպեսզի կառուցեին ցանկապատ՝ շրջապատելով այն ճանապարհը, այսպես ասած, «Զանգեզուրի միջանցք»-ը, որը պիտի միացներ Ադրբեջանը Նախիջևանի հետ:
Միայն այն հանգամանքը, որ այս ճանապարհը գործելու է ՀՀ իրավազորության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականությունը հարգելու շրջանակներում, առհասարակ որևէ տեղ չի թողնում համեմատելու այն Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթղթի հետ:
- Իշխանության ընդդիմախոսները պնդում են, որ իշխանափոխության դեպքում չեղարկելու են այս փաստաթուղթը: Այս առումով վտանգավոր միտում չե՞ք տեսնում, այն է՝ հրաժարվել խաղաղության թեկուզ նախաստորագրված փաստաթղթից, ինչպես նաև նախաստորագրված փաստաթուղթը կդառնա՞ ստորագրված Խաղաղության պայմանագիր վերջնակետում:
- Ընդդիմությանը գալու հիմնական նպատակներից մեկը հենց դա է՝ չեղարկել պայմանագրերը և թույլ չտալ Հայաստանին շրջափակումից դուրս գալ, որովհետև եթե հետևենք իրենց ընդհանուր մտքերի զարգացմանը, ի՞նչ են քարոզում, որ ՀՀ-ն որևիցե բան չպետք է փոխի, պիտի շարունակի ՌԴ-ին հավատարիմ մնալ՝ անկախ նրանից, թե ՌԴ-ն ինչ է անում: Աչք են փակում բոլոր այն գործողությունների կամ գործողությունների բացակայության վրա, որոնք որպես դաշնակից ՌԴ-ն պետք է աներ, սակայն չի արել: Ռուսական քարոզչամեքենան Լուկաշենկոյի շուրթերով հայտարարեց, թե «ուր պիտի փախչեն հայերը»: Պարզվեց, սակայն, փախչելու տեղ կա: Հիմա պետք է ամեն կերպ թույլ չտան, որ Հայաստանն անկախանա:
ՀՀ-ին, այնուամենայնիվ, հաջողվում է իր ինքնիշխանությունը պաշտպանել և չդառնալ բոլոր կողմերից գրեթե շրջափակված երկիր, քանի որ եթե իրենց կոչած «Զանգեզուրի միջանցք»-ը իրականություն դառնար, մենք Իրանի հետ սահմանն էլ կկորցնեինք:
- Ինչո՞ւ են այդպես վարվել նախորդ իշխանությունները, այսինքն՝ նվազեցրել են Հայաստանի ինքնիշխանությունը, կարևոր ենթակառուցվածքներ են տվել «դաշնակցին», այժմ էլ ընդվզում են նոր իրողությունների դեմ:
- Նախկինում իշխանությունները լեգիտիմություն չունեին, և բանից պարզվեց, որ այն թվերը, որ կային, հիմնականում նկարվում էին, իսկ լեգիտիմություն չունեցող որևէ ուժի հույսը հիմնականում դրսի աջակցության վրա է: Տվյալ պարագայում այդ դրսի ուժը (ագենտը) եղել է ՌԴ-ն, որից աջակցություն են ստացել իշխանությունը պահելու հարցում, և այդ նպատակով միշտ օգտագործվել է ղարաբաղյան կոնֆլիկտը: 2013 թվականին, երբ չստորագրվեց Եվրոասոցացման պայմանագիրը, և մի գիշերվա մեջ դարձանք ԵԱՏՄ անդամակցության գնացող երկիր, ՌԴ-ն հերթական անգամ շահարկեց կոնֆլիկտի քարտը՝ ֆիքսելով, որ եթե այդ ճանապարհով չգնանք, հետևանքներ կլինեն: Այժմ այդ կոնֆլիկտը չկա, Ռուսաստանի համար ամբողջ խնդիրը հենց դրանում է, որովհետև կոնֆլիկտն էր այն լծակը, որը Հայաստանի վրա օգտագործում էին անհրաժեշտ պահին՝ իրենց ուզած դաշտ բերելու համար: Երբեմն էլ այդ նույն կոնֆլիկտն օգտագործելով՝ ճնշում էին Ադրբեջանին առնվազն մինչև գոնե 2020 թվականի պատերազմը: Այսինքն՝ հստակ լճակ էր կոնֆլիկտը:
Արձանագրենք, որ տարածաշրջանում ո՛չ մենք ենք եղել ՌԴ-ի դաշնակիցը, ո՛չ էլ հավանաբար Ադրբեջանը. կոնֆլիկտն է եղել:
- Ինչո՞ւ Ռուսաստանը այդպես վարվեց Հայաստանի հետ, որը մշտապես իրեն հավատարիմ է եղել:
- Նախկին իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե «օգնեք գանք իշխանության, մենք ձեզ կծառայենք, ինչպես ժամանակին», իսկ ՌԴ-ին, անշուշտ, դա շատ ձեռնտու կլինի: Եթե վաշինգտոնյան պայմանավորվածությունները չեղարկվեն, Հայաստանը առհասարակ կկորցնի սուվերենությունը, անկախության մնացորդները, կլինի ՌԴ-ի հպատակը, իսկ ժամանակի ընթացքում հնարավոր է նաև ՌԴ-ի մաս դառնա:
- Հռչակագրի կարևոր կետերից մեկն այն է, որ պետք է գնալ սահմանների բացման, ինչի վերաբերյալ նույնպես հստակ դիրքավորում կա: Ընդդիմության որոշ հատվածը փորձում է հանրությանը համոզել, թե փակ սահմաններով ավելի ապահով է, մասնավորապես, եթե սահմանները բացվեն, Թուրքիան մեզ կկլանի, Ադրբեջանի հետ կսկսեն ազգամիջյան վեճեր: Համակարծի՞ք եք այս պնդումների հետ:
- Փակ սահմանները նորմալ չեն․ աշխարհում շատ կան երկրներ, որոնք ունեցել են պատերազմներ, այն էլ՝ երկարատև, նույն եվրոպական երկրները 150-200 տարի առաջ իրենց ուժային բալանսի խախտում թույլ չտալու համար պարբերաբար պատերազմել են իրար դեմ: Ես հասկանում եմ, որ մենք խնդիրներ ենք ունեցել Թուրքիայի հետ, երբ պետականություն չենք ունեցել, դրանից հետո՝ Ադրբեջանի հետ, բայց մնացած վախերը, կարծում եմ, ավելի շատ պրոպագանդիստական քարոզի հիմք են, քան ռեալ, ռացիոնալ վերլուծությունների: Բնականաբար, ռիսկեր կան, բայց կառավարելի են:
Ինչ վերաբերում է նրան, թե սպասում են՝ սահմանները բացվի, որ գան գրավեն, աբսուրդ է, որովհետև 80-միլիոնանոց Թուրքիային որևէ բան չի խանգարի գրավել մեր երկիրը, եթե նման նպատակ ունենա: Ավելին, եթե չեմ սխալվում, վերջերս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ ՀՀ-ում ամենաշատը թուրքական ընկերություններ բացվել են հենց նույն Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման օրոք: Իհարկե, 2018 թվականից հետո էլ են բացվել թուրքական կապիտալով ընկերություններ, սակայն դրանք անգամ համեմատելի չեն այն թվերի հետ, որոնք եղել են Քոչարյանի և Սարգսյանի օրոք: Անշուշտ, պետք է հաշվարկել ռիսկերն ու կառավարելի դարձնել, բայց հարևանների հետ փակ սահմաններ ունենալը աբսուրդ է, մանավանդ այն մեկնաբանմամբ, թե մեզ կուլ կտան: Այն, ինչ մենք շահում ենք, շատ ավելի շատ է, քան բոլոր այն ռիսկերը, որոնք ստանում ենք:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test