«Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի մոնտաժային վերջին աշխատանքներն են ընթանում: Aravot.am-ին այս մասին տեղեկացրին արցախյան թեմայով ֆիլմի հեղինակները: Շուտով պատրաստ կլինի նաև ֆիլմի համար գրված երաժշտությունը, որի հեղինակն ամերիկաբնակ հայ երաժիշտ Արման Էլբերտն է:
«Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմում Արցախի 9-ամսյա շրջափակումը վերապրած, այնուհետև բռնի տեղահանված մարդկանց պատմություններ են: «Ֆիլմում ներկայացնում ենք 6 պատմություն, օրինակ, թե ինչպես օգնություն ստանալու, երեխաներին շոկոլադ բերելու համար Սառնաղբյուր գյուղից Ասկերան հասած բազմազավակ մայրը այդպես էլ չկարողացավ շոկոլադը հասցնել երեխաներին, քանի որ նրանցից երկուսին գտել են սպանված՝ մեկի կոկորդը, մյուսի ձեռքը կտրած, իսկ 3-րդ երեխայի գլխում մինչև հիմա բեկորներ են»,-պատմում է ֆիլմի պրոդյուսեր Արայիկ Սարգսյանը:
Ապա հավելում է. «Պատմությունները տարբեր են, բայց բոլոր հերոսներին միավորում է կարոտը, հայրենիքի ու հարազատների կորուստը եւ իրենց հանդեպ անարդարության զգացումը: Նրանք ամեն օր մտովի լսում են հայրենիքի ձայնը»:
Բոլոր 6 պատմություններն իրար է կապում Արցախից տեղահանված Մարտին Ալոյանը, որի կերպարի միջոցով են պատմությունները միահյուսվում իրար: «Ֆիլմի հերոսները սովորական մարդիկ են՝ արցախցիներ, որոնք պատմում են իրականությունը՝ ինչպես են հայտնվել գերության մեջ, ինչպես են սպանվել իրենց հարազատները՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին, կամ այրվել դրանից հետո՝ բենզինի պայթյունի ժամանակ: Այսինքն, ինչպես է մեկ օրում գլխիվայր շրջվել իրենց կյանքը»,-ասում է ֆիլմի ռեժիսոր Նիկոլայ Մելիքյանը:
«Հիշում եմ քո ձայնը» ֆիլմի պրեմիերան նախատեսված է աշնան երկրորդ կեսին: Հեղինակները ցանկություն ունեն այն ներկայացնելու միջազգային կինոփառատոններին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test