Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կսկսվեն սեպտեմբերից. վարչապետ azatutyun.am azatutyun.am

time
Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կսկսվեն սեպտեմբերից. վարչապետ

Վարչապետը հայտարարում է՝ Վաշինգտոնում ամրագրված պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կսկսեն սեպտեմբերից թե՛ ամերիկյան, թե՛ ադրբեջանական կողմերի հետ:«Ոչ մի քննարկում այս պահին չկա, որովհետև պայմանավորվել ենք, որ քննարկումները կսկսենք սեպտեմբերից», - այսօր ասաց նա:

Նոյեմբերի 9-ին վերադառնալու կարիք Փաշինյանն ընդհանրապես չի տեսնում: 2020-ի ռազմական գործողությունների ավարտն ազդարարող այդ փաստաթղթում նաև ապաշրջափակման պայմանավորվածություն կա, որով տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը վերապահվել էր ռուս սահմանապահներին: Հենց այս ձևակերպման մեկնաբանության շուրջ Երևանն ու Մոսկվան տևական ժամանակ տարաձայնություններ ունեին:

Ապաշրջափակման պայմանավորվածությունը կա, սկզբունքները, որ երկու երկրների համար հաղորդակցությունը կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգմամբ ևս, բայց ոչ անցման, ոչ ստուգումների պայմաններն են հայտնի, ոչ էլ՝ ինչ են ենթադրում հայ-ամերիկյան պայմանավորվածությունները:«Թրամփի ուղու» կյանքի կոչման հարցով Երևանի և Վաշինգտոնի համատեղ աշխատանքի մասին մի հիշատակում կա 3 ղեկավարների ստորագրած հռչակագրում: Կա նաև երկկողմ հուշագիր՝ հայ-ամերիկյան՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին: Առաջինը հրապարակված է, երկրորդը՝ ոչ: Ինչո՞ւ. այս հարցը 20 օրից ավելի է՝ հնչում է՝ հուշագրի բուն տեքստը չի հրապարակվում ու առաջ բերում օբյեկտիվ հարց՝ ի՞նչ է գրված այնտեղ: Փաշինյանն էլ ասաց՝ գաղտնի փաստաթուղթ չէ, ուստի ի՞նչն է ձգձգման պատճառը:«Պիտի արձանագրեմ, որ դրանցից որևէ մեկը առնվազն ուղիղ չի վերաբերում «Թրամփի ուղուն», այլ վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ»-ին, միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, արհեստական ինտելեկտի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը: Դա ուղղակի աշխատանքային պայմանավորվածության հարց է եղել, և մենք աշխատանքային պայմանավորվածություն ենք ունեցել, որ կհրապարակենք բովանդակությունը, բայց ոչ տեքստը, բայց քանի որ հետաքրքրությունը մեծանում է մեր հանրության շրջանում, կարծում եմ, որ մենք առաջիկայում, քանի որ դա երկկողմ փաստաթուղթ է, ամերիկյան գործընկերների հետ համաձայնություն ձեռք կբերենք նաև այդ փաստաթղթերը», - ասաց նա:

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հենց Վաշինգտոնում՝ Հայաստանի վարչապետի ներկայությամբ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի տված խոստման մասին, որ միջանցքի զարգացման հայ-ամերիկյան «բացառիկ գործընկերությունն» առնվազն 99 տարով կլինի, այսօր Փաշինյանն ասաց՝ ոչ մի ֆիքսված պայմանավորվածություն չունեն, այդ թվում՝ 99 տարվա վերաբերյալ:«90 տարով, 50 տարով, 10 տարով, մի ամսով... այն, ինչ որ տեղավորվում է 5 արտահայտությունների մեջ՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն և փոխադարձություն, այդ ամեն ինչը քննարկելի է, և մենք այսօր էլ ունենք այդպիսի պայմանագրեր 40 տարով, 30 տարով, և որևէ արտառոց բան այդպես չկա: Բայց, այս պահին մենք որևէ ֆիքսված պայմանավորվածություն չունենք, այդ թվում՝ 99 տարով», - ընդգծեց Փաշինյանը:

Նույնը արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հանրայինին տված հարցազրույցում, որը երեկ երեկոյան է հրապարակվել, հայտարարում էր, որ 99 տարվա մասին խոսակցությունն առայժմ իրականության հետ աղերս չունի. «Ո՞վ է ասել 99 տարի: Այդ հողը, որով անցնելու է ենթակառուցվածքը մեր ՀՀ տարածքում, որից օգտվելու են այդ թվում և ադրբեջանական գնացքներն, օրինակ, պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը: Երկրորդ՝ 99 տարվա մասին խոսակցությունը առայժմ որևէ աղերս չունի իրականության հետ: Ինչո՞ւ եմ ասում առայժմ, ուզում եմ նորից շեշտել՝ պայմանավորվածություն կա այն բաների մասին, որը գրված է և հրապարակված: Ժամկետ, որևէ այլ տեխնիկական մանրամասներ դեռ պիտի քննարկվեն: Հողի սեփականությունը չի կարող վիճարկվել»:

Մինչ չկան բազմաթիվ հարցերի պատասխաններ, այդ թվում՝ հայտնի չէ կոնկրետ ի՞նչ պայմաններով է Հայաստանի տարածքը տրվելու ենթակառուցվածքներ կառուցելու պատրաստ ընկերություններին, ընդդիմադիրները հարցեր են հնչեցնում:«Ո՞ւմ հավատանք: Կարո՞ղ ա՝ Փաշինյանն ու Միրզոյանը չեն էլ հասկանում, ինչ են բանակցել»,- Ֆեյսբուքում գրել է ընդդիմադիր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ, չնայած իշխանության հայտարարություններին, պնդում է՝ փոխադարձության սկզբունքը պահպանված չէ:

«Ադրբեջանցիները մտնելու են Հայաստան, դուրս են գալիս Նախիջևանում, բայց այն, որ հայկական գնացքներն իրավունք են ստանում մտնել Նախիջևան, գնան, հասնեն Սադարակ, Երասխով մտնեն ՀՀ, նման արտահայտություն այդ փաստաթղթում չկա: Որ կարող են դուրս գալ Սադարակ, հետո գնալ Թուրքիայով Իգդիր, Կարս, նման արտահայտություն չկա: Արարատ Միրզոյանն ասում է՝ «իմ տրամաբանությամբ՝ երբ խաղաղության պայմանագիրը կնքվի, Թուրքիան էլ իր սահմանները, ճանապարհները կբացի»: Չի ասում, որ Թուրքիան հաստատ կբացի»:

Վարչապետն այսօր Ադրբեջանի նախագահ երեկվա հայտարարություններից մտահոգված չէր: Իլհամ Ալիևն այդ թվում՝ ռազմական սպառնալիք էր տվել Հայաստանին, եթե երբևէ կասկածի տակ դրվի նրանց տարածքային ամբողջականությունը:

Փաշինյանը կարծում է՝ լրատվամիջոցներն են գույները խտացնում. «Ես հասկանում եմ, որ ցանկությունը մեծ է հայտարարություններն այլ կերպ ներկայացնել, բայց ասվել է, որ «մենք փոխադարձաբար ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, եթե Հայաստանը այդ դիրքորոշումը վերանայի, մենք էլ կվերանայենք»: Այսինքն՝ ցանկացած 2 երկիր կարող են տենց հայտարարություններ անել»:

Հայաստանի վարչապետը փոխարենն անթաքույց դժգոհեց Բայդենի վարչակազմից, երբ անդրադառնում էր ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Օ’Բրայենի հայտարարությանը, որ շահողն այս պայմանավորվածության մեջ միջանցք ստացած Ադրբեջանն էր, իսկ Հայաստանը հայտնվեց խոցելի վիճակում:

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի իշխանությունից նախորդ ամիսներին հրապարակավ նույնիսկ ծաղրական տոնով դժգոհում էր Ադրբեջանի նախագահը:

«Նա հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան, և այս դիրքորոշումից արդեն պարոն Օ’Բրայենի ասածը մի կողմից շատ տարօրինակ է, մյուս կողմից էլ բացարձակապես տարօրինակ չէ: Եթե պարոն Օ’Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ ցավոք, Հայաստանը ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում: Ես ուզում եմ հիշեցնել 2023 թվականի իրադարձությունները, 2022թ. իրադարձությունները, 2021թ. իրադարձությունները և պիտի ասեմ, որ մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ Միացյալ Նահանգների այդ պահին գործող վարչակազմն իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար», -ասաց վարչապետ Փաշինյանը:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test