Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել գիտական աշխատություններով հայտնի ամերիկացի աշխարհագրագետ, պատմաբան Զարեդ Դայմոնդի ամենահայտնի գիտական «Զենքեր, մանրէներ և պողպատ»–ը գիրքը: Aravot.am-ի զրուցակիցը «Զենքեր, մանրէներ և պողպատ»-ի թարգմանիչ Մարիամ Հարությունյանն է:
-Վերջերս Անտարես հրատարակչությունը լույս է ընծայել «Հրազեն, մանրէներ և պողպատ» գիրքը՝ Ձեր թարգմանությամբ, որի կապակցությամբ շնորհավորում եմ Ձեզ։ Խնդրում եմ, ասեք, թե ինչ սկզբունքով եք վերցնում այս կամ այն գիրքը թարգմանության համար։
-Շնորհակալ եմ և ինքս էլ շնորհավորում եմ մեզ բոլորիս, որովհետև կարծում եմ՝ այս գրքի հրատարակումը կարևոր ձեռքբերում է առհասարակ մտածել սիրող բոլոր մարդկանց համար։ Գիրքն ի սկզբանե ինձ առաջարկել են Անտարես հրատարակչությունից, ես մի քանի օր թերթել եմ, ուսումնասիրել, և երբ հասկացա, որ ինձ իսկապես հետաքրքիր է, որոշեցի վերցնել։ Սա ծավալուն գործ է՝ ոչ միայն էջերի քանակով, այլև քննարկվող ոլորտների և գիտական հարցերի բազմազանությամբ, այնպես որ առանց ոգևորության անհնար կլիներ այս ջանքն ի կատար ածելը։
Թարգմանելիք գրքի ընտրության վրա ազդող շատ գործոններ կան՝ թեմայի հոգեհարազատությունը, տվյալ շրջանում իմ հոգեվիճակը, հեղինակի գրելաոճը, բայց թերևս ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, թե ինչքանով տվյալ գիրքն ինձ կհարստացնի՝ գիտելիքի ու հույզերի առումով, և ինչքանով ավելի լավ թարգմանիչ ես կդառնամ՝ լեզվական կամ արտալեզվական դժվարությունները հաղթահարելով։
Հեղինակ Ջարեդ Դայմոնդը շատ ինքնատիպ ոճ ունի, և թարգմանելիս ես յուրաքանչյուր նախադասություն «քանդում ու նորից էի հավաքում», որպեսզի խուսափեմ հայերենի արհեստական հնչողությունից։ Բացի այդ, մի շարք եզրույթներ կամ երևույթներ հասկանալու համար ես հետազոտել եմ հասանելի գրականությունը, խորհրդակցել տարբեր մասնագետների հետ և մի քանի նոր բառարան գնել։
-Համագործակցության ի՞նչ պատմություն ունեք Անտարես հրատարակչության հետ, ի՞նչ գործեր եք թարգմանել և ինչո՞ւ եք վերցրել այդ գործերը։
-Անտարես հրատարակչության հետ համագործակցությունը սկսել եմ 2020 թվից՝ Միչիո Կակուի «Ապագայի ֆիզիկան» գրքով։ Նախկինում գեղարվեստական թարգմանության փորձեր արել էի և չէի պլանավորում, որ առաջինը գիտահանրամատչելի գիրք կթարգմանեմ, բայց համաձայնեցի, որովհետև դեռ դպրոցական տարիքից սիրել եմ ֆիզիկան, ու դա հերթական մարզանքը եղավ ուղեղիս համար։
Ապա ասացի, որ ցանկանում եմ գեղարվեստական որևէ ծավալուն բան վերցնել, և առաջարկ ստացա թարգմանելու Այզեք Ազիմովի «Ակադեմիա» եռապատումը։ Մի կողմից՝ Ազիմովն այնպիսի ներդրում է ունեցել գիտական ֆանտաստիկայի (և ոչ միայն) ոլորտում, որ ինձ համար պատիվ էր որևէ կերպ նրա անվան հետ առնչվելը, իսկ մյուս կողմից՝ ես այնքան էլ լավ ծանոթ չէի այս ժանրի առանձնահատկություններին, և ընդհանուր առմամբ հայալեզու գրականության մեջ կարծես թե ժանրն այնքան էլ կայացած չէ։ Բայց ուրախությամբ պիտի փաստեմ, որ գիրքն ընթերցվում և շատ լավ արձագանք է ստանում հատկապես ոչ հումանիտար մասնագիտությունների տեր մարդկանց կողմից, որոնք մասնագիտական գրականությունից զատ ընդհանրապես քիչ են ընթերցում, այն էլ՝ հայերենով։
-Այս վերջին գիրքն ի՞նչ նշանակություն կարող է ունենալ Հայաստանի համար, ի՞նչ հետք կարող է թողնել հայաստանցի խելացի ընթերցողի վրա, և ինչքանո՞վ է դա կարևոր։
-Մենք՝ հայերս, սիրում ենք խոսել անցյալից քաղած ու չքաղած դասերի մասին, վկայակոչել պատմությունը, բայց միայն որևէ առանձին իրադարձություն դեռ պատմություն չէ։ Եվ այժմ էլ մենք ապրում ենք կարճ հոլովակների ժամանակաշրջանում, երբ ցանկացած մասշտաբի հարցի պատասխան փորձում են ստանալ մի քանի վայրկյանում։ Իսկ դրա պատճառով շատերը հետ են վարժվում իրավիճակի բազմակողմանիությունը տեսնելուց կամ խորքային պատճառները վերլուծելուց։
Այս գիրքը մոնումենտալ աշխատություն է, որ քննում է հիմնարար հարցեր ու փորձում տալ հիմնարար պատասխաններ։ Նույնիսկ եթե ընթերցողը չհամաձայնի հեղինակի այս կամ այն եզրահանգման հետ, նա, միևնույն է, լավ խթան կունենա մտածելու համար։ Կարծում եմ, որ չպետք է նման հնարավորությունը ձեռքից բաց թողնենք։
-Ինչո՞վ է պայմանավորված վերնագրում «հրազեն» բառի ընտրությունը, եթե անգլերենում guns է՝ «զենք»։
-Ի սկզբանե ես ինքս էլ առաջարկում էի «զենք» տարբերակը, հատկապես որ անգլերենում «հրազեն»-ի ուղիղ թարգմանությունը firearms-ն է։ Բայց գիրքն ընթերցելու ընթացքում պարզ դարձավ, որ խոսքը հենց պայթուցիկ նյութերի բռնկումով կրակող գործիքների մասին է, որոնց ստեղծումն ահռելի մրցակցային առավելություն է տվել դրանց չտիրապետող ժողովուրդների նկատմամբ։ Իսկ ահա «զենք» հավաքական գոյականը կարող է նշանակել նույնիսկ քար կամ փայտի կտոր։
Գրքում մի ամբողջ գլուխ («Հանդիպում Կախամարկայում») նկարագրում է իսպանացիների կողմից ինկերի կայսրության նվաճման բեկումնային կետը, երբ Պիսառոյի՝ 200 հոգու էլ չհասնող, բայց հրացաններով զինված զորքը կարողացավ հաղթել հնդկացիների 80 000-անոց բանակին։ Ի դեպ, դա գրքի ամենապատկերավոր մասերից է, որովհետև մեջբերվում են իրական դեպքերի մասնակից իսպանացիների թողած գրավոր վկայությունները։
-Գո՞հ եք արդյոք այսօր Հայաստանում թարգմանվող գրքերի որակից, ի՞նչ խնդիրներ կան, որ կարելի է շտկել, Դո՞ւք ինչ թերություններ եք ունեցել, որոնք նշվել են մամուլում կամ գրականագետների կողմից։
-Ընդհանուր գնահատական տալը դժվար է, որովհետև թարգմանվող գրքերի որակը ներկայումս մեծապես կախված է կոնկրետ թարգմանչի տաղանդից, ես ինչ-որ ընդհանուր միտում չեմ տեսնում։ Պատահում են գրքեր, որոնք մի քանի էջ կարդալուց հետո փակում եմ ու մի կողմ դնում, որովհետև չեմ ցանկանում թարգմանության պատճառով փչացնել տպավորությունը հեղինակից կամ գործից։
Երևի թե ամենատարածված խնդիրը, որ ինքս եմ նկատել, լեզվական ինտերֆերենցիան է, այսինքն՝ օտար լեզվի տրամաբանության ազդեցությունը սեփական լեզվի վրա։ Պատահում է, չէ՞, որ կարդում եք հայերեն բառեր ու նախադասություններ, բայց միտքը հայերեն չի հնչում. իմ խորին համոզմամբ՝ թարգմանիչը պիտի նախ լավագույնս տիրապետի իր մայրենի լեզվին և ամեն անգամ տեքստ ստեղծելիս փորձի այդ տեքստին նայել որևէ օտար լեզվի չտիրապետող մարդու աչքերով։
Ինչ վերաբերում է իմ թերություններին, դրանց մասին, ցավոք, միայն խմբագիրներից եմ լսել աշխատանքի ընթացքում, որովհետև մեր ոլորտում (կամ գուցե՝ հասարակությունում) ընդունված չէ առողջ քննադատություն տալը կամ ստանալը։ Ամենայն անկեղծությամբ՝ ես շատ կուզեի, որ գործընկերներս և պարզապես ընթերցողներն ասեին, թե ինչը կարող էի բարելավել, որ չթվա, թե համատարած անտարբերության մեջ ենք ապրում։ Կամ ինքս առանց երկնչելու կարծիք հայտնեի ուրիշների աշխատանքի վերաբերյալ։ Բայց ես լիահույս եմ, որ իրավիճակը դեպի լավն է փոխվում։
-Ի՞նչ հարց եք երազել, որ թղթակից ձեզ երբևիցե տա։
-Կցանկանայի, որ հարցնեին, թե ամենաշատն ինչն եմ սիրում իմ մասնագիտության մեջ, և ես կպատասխանեի, որ սիրում եմ դրա անկատարությունը։ Սրանով թարգմանիչը տարբերվում է ֆիզիկոսից, բժշկից, երգչից կամ պահակից։ Ինչպես որ ցանկացած երկու մարդ չեն կարող ամբողջությամբ հասկանալ մեկը մյուսին, այնպես էլ երկու լեզու չեն կարող լիարժեքորեն փոխանցել միևնույն միտքը, որովհետև նույնիսկ «սեղան» ասելիս տարբեր ազգության ներկայացուցիչների գլխում տարբեր սեղաններ են պատկերվում։ Իսկ եթե առաջադրանքն ի սկզբանե դատապարտված է ձախողման, ուրեմն ես ազատ եմ՝ լավագույն կերպով դա ձախողելու։
Զրուցեց՝ Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test