Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Նեթանյահուն հայկական հարցն օգտագործում է քաղաքական խաղերում hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Նեթանյահուն հայկական հարցն օգտագործում է քաղաքական խաղերում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամերիկացի զրուցավար Պատրիկ Բետ-Դեւիդի պոդքաստի շրջանակում առաջին անգամ հրապարակավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Հարցին, թե ինչու Իսրայելը չի ճանաչել հայերի, ասորիների, հույների ցեղասպանությունը, որը թուրքերն են իրականացրել, Նեթանյահուն նշել է. «Կարծեմ՝ Քնեսեթը համապատասխան բանաձեւ է ընդունել»: Ճշտող հարցին, թե ակնկալում են դա լսել հենց Նեթանյահուից, վերջինս արձագանքել է․ «Ես հենց նոր արեցի դա»:

Թեմայի շուրջ զրուցել ենք «Իսրայելահայեր» թերթի խմբագիր, Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանի հետ:

- Բացառիկ կամ առնվազն իրադարձային բան է տեղի ունեցել: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կարծես, առաջին անգամ հրապարակայնորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ է սա՝ իր պետության գործողությունները Պաղեստինում ցեղասպանություն հայտարարած Էրդողանին եւ Թուրքիային ատամնե՞ր ցույց տալ, թե՞ այլ բան:

- Ես սա բացառիկ ընդհանրապես չեմ համարում: Ինքն ասում է․ կարծում եմ՝ Քնեսեթն ընդունել է նման բանաձեւ, բայց իրականությունն այն է, որ Իսրայելի խորհրդարանը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամեն անգամ, երբ Թուրքիան հայտարարություններ է անում ՄԱԿ-ում Իսրայելի դեմ, մեղադրում է Իսրայելին պաղեստինցիների ցեղասպանության մեջ, ամեն անգամ հրեական կառավարությունը սկսում է հայկական հարցն օգտագործել իրենց կեղտոտ քաղաքական խաղերում՝ Թուրքիային ուղղակի ահ տալու համար:

- Այդուհանդերձ, Հոլոքոստ վերապրած Իսրայելը պաշտոնապես չի ճանաչել 20-րդ դարասկզբի առաջին ոճրագործությունը՝ Հայոց մեծ եղեռնը: Վարչապետի հայտարարությունը կարո՞ղ է պաշտոնական միս ու արյուն ստանալ հրեական կառավարության շրջանակում:

- Վստահ չեմ, որ միս ու արյուն կստանա այս հայտարարությունը: Նեթանյահուն արդեն ամիսներ շարունակ հրեա ժողովրդին վստահեցնում է, որ գերեվարվածներին հետ են բերելու, պատերազմն ավարտելու են, բայց նա ցանկություն չունի ո՛չ պատանդներին հետ բերել, ո՛չ էլ պատերազմին վերջ տալ: Նա իր քաղաքական նպատակներն ունի, եւ դրան հասնելու համար նրա կառավարությունը ցանկացած միջոցի դիմելու է: Ես վստահ չեմ, որ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

- Ինչպե՞ս է ընդունել Իսրայելի հայ համայնքը Նեթանյահուի այս հայտարարությունը. պարզ է՝ զգացմունքային ֆոնը մեծ է:

- Որպես Իսրայելի հայ համայնքի ներկայացուցիչ՝ իմ անձնական կարծիքը հետեւյալն է. Նեթանյահուի այս ելույթն ընդհանրապես որեւէ էմոցիա չառաջացրեց ինձ մոտ, եւ որեւէ դրական երեւույթ չտեսա ես այստեղ: Ուղղակի խոսելը քիչ է, գործով է պետք ապացուցել: Նորից եմ ասում՝ Նեթանյահուն ամեն անգամ հայկական հարցն օգտագործում է Թուրքիայի դեմ: Մենք դեռեւս 2019 թվականին ենք հանդես եկել հայտարարությամբ եւ ասել՝ թույլ չենք տալիս այլեւս, որ դուք մեր սրբադասված նահատակների շիրիմները խառնեք, հանգիստ թողեք մարդկանց հոգիները եւ մի օգտագործեք ձեր քաղաքական կեղտոտ նպատակների համար:

- Ուշագրավ է նաեւ այն, որ Իսրայելի վարչապետի հայտարարությունը հնչում է այնպիսի իրողությունների պայմաններում, երբ ՀՀ ներկայիս իշխանությունները փաստացի հրաժարվել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգից, այլեւ խոսում են Թուրքիայի հետ բարեկամանալու մասին: Իսկ Փաշինյանն էլ ամիսներ առաջ պարզապես կասկածի տակ դրեց մեր ժողովրդի դեմ Թուրքիայի իրականացրած մեծագույն ոճրագործության փաստականությունը, եղելությունը:

- Փորձում եմ զերծ մնալ ՀՀ իշխանություների հայտարարությունները կամ նրանց քայլերը մեկնաբանելուց, այդուհանդերձ կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ է հարաբերություններ ունենալ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ: Մեզ խաղաղության պայմանագիր պետք է, դա կարեւոր է տնտեսական, ներդրումային իմաստով նաեւ: Նրա համար, որպեսզի մեր երեխաները խաղաղ ծառայեն, ապրեն: Այլ մեկնաբանություն չունեմ: Ես՝ որպես սփյուռքի լրագրող, նշեմ, որ մենք մեր գործն անում ենք, ամեն տարի նշում ենք Ապրիլի 24-ը, համերգներ ենք կազմակերպում, Թուրքիայի դեսպանատների եւ հյուպատոսարանների առջեւ ցույցերը պարբերական բնույթ են կրում, մենք մեր աշխատանքներն անում ենք՝ առանց նայելու, թե ով ինչ կասի:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test