Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Pax Americana-ն ու «ռազմավարական ամնեզիան» Կովկասում mediamax.am mediamax.am

time
Pax Americana-ն ու «ռազմավարական ամնեզիան» Կովկասում

Ներկայացնում ենք միջազգային հարաբերությունների «Չեթեմ հաուս» բրիտանական թագավորական ինստիտուտի Ռուսաստանի եւ Եվրասիայի ծրագրի գիտաշխատող Լորենս Բրոերսի US intervention opens new page in Armenia–Azerbaijan peace talks but challenges remain հոդվածի հայերեն թարգմանությունը:Լորենս Բրոերս Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում նոր էջ բացվեց օգոստոսի 8-ին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ եռակողմ գագաթնաժողովից հետո։Օվալաձեւ գրասենյակում հանդիպման ժամանակ ստորագրվեցին մի քանի փաստաթղթեր (այլ ոչ իրական խաղաղության պայմանագիր)։ Երկրների միջեւ վերջին պատերազմն ավարտվեց 2020 թվականին Ադրբեջանի թերի հաղթանակով, որին հաջորդեցին մի շարք սրացումներ եւ գագաթնակետին հասան 2023 թվականին, երբ Ադրբեջանը գրավեց Լեռնային Ղարաբաղը եւ ամբողջ հայ բնակչությունը զանգվածաբար տեղահանվեց։Սպիտակ տան գագաթնաժողովի եւ դրա հետեւանքների վերաբերյալ քննարկումներում գերիշխում են աշխարհաքաղաքական ընկալումները։ Սակայն վերջին հաշվով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների նորմալացումը ավելի շատ կախված կլինի ներքաղաքական տեղաշարժերից, որոնց նպատակն է հրաժարվել խոր արմատներ ունեցող հակամարտության պատումներից։Կարգավորման նախաստորագրումԳագաթնաժողովը հանգեցրեց խաղաղության գործընթացի երկու կարեւոր, բայց նախնական արդյունքների։ Առաջինը հարաբերությունների կարգավորումը կառավարող 17 հոդվածից բաղկացած պայմանագրի տեքստի նախաստորագրումն է։ Սա նոր կամ ամերիկյան միջնորդությամբ մշակված տեքստ չէ, այլ Բաքվի եւ Երեւանի միջեւ 2023 թվականից ընթացող եւ այս տարվա մարտին ավարտված երկկողմ բանակցությունների արդյունք։ Պայմանագրի տեքստը հրապարակվեց օգոստոսի 11-ին, ինչն ինքնին կարեւոր արդյունք է, որն «ամրագրում է» բովանդակությունը եւ թույլ է տալիս հանրային քննարկում սկսել։Պայմանագրի տեքստն ինքնին շատ անակնկալներ չի պարունակում։ Այն հիմնականում տեխնիկական փաստաթուղթ է, որի հիմքում Խորհրդային Միությունից ժառանգած հանրապետական սահմաններն են, եւ այն հաստատում է միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը՝ բացառելով նման պահանջների առաջ քաշումը ապագայում (հոդված 2)։

Սպիտակ տանը լուծվեց ստորագրման համար Ադրբեջանի կողմից ներկայացված նախապայմաններից մեկը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ առաջարկը։Սակայն մնում է Ադրբեջանի մեկ այլ պահանջ, ըստ որի Հայաստանի սահմանադրությունը պետք է վերանայվի եւ դրանից պետք է հանվեն Լեռնային Ղարաբաղի հետ միավորման անուղղակի հղումները։ Այս նախապայմանի կատարման խոչընդոտը Հայաստանի անկանխատեսելի ներքին քաղաքականությունն է։Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղին (TRIPP)Ամերիկյան ներդրումն ավելի կարեւոր է երկրորդ արդյունքի համար, որը համաձայնություն է ճանապարհային կապի վերաբերյալ բարդ տարաձայնությունները լուծելու շուրջ։ 2020 թվականից ի վեր Ադրբեջանը կապում էր իր հեռանկարները 27 մղոն երկարություն ունեցող հարավային երթուղու հետ, որը միացնում է Ադրբեջանը իր Նախիջեւան էքսկլավի հետ եւ անցնում է Հայաստանի եւ Իրանի սահմանի երկայնքով։ Բաքուն այս երթուղին անվանում է «Զանգեզուրի միջանցք» եւ պատկերացնում է այն առանց հայկական մաքսային եւ անվտանգային ստուգումների։ Հայաստանը հակադարձել էր այդ ծրագրին իր «Խաղաղության խաչմերուկով», որի հիմքում են ազգային ինքնիշխան վերահսկողությունը եւ ճանապարհային կապի փոխադարձության սկզբունքներ։ԱՄՆ միջամտությամբ այժմ հարավային երթուղին վերաձեւակերպվում է որպես «Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման ուղի» (TRIPP)՝ որը ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ համատեղ ձեռնարկություն է։ ԱՄՆ մասնավոր ձեռնարկություններին երկարաժամկետ վարձակալության պայմանագրի համաձայն՝ TRIPP-ը կպահպանի Հայաստանի ինքնիշխանությունը եւ «անարգել» կապ կապահովի մայրցամաքային Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ։ Երեք առաջնորդները համաձայնության եկան Ադրբեջանի տարածքով հայկական տարանցման «փոխադարձ օգուտների» վերաբերյալ, չնայած դեռեւս պարզ չէ, թե խոսքն ինչի մասին է։ TRIPP համաձայնագիրը նախնական է, քանի որ գործնական իրականացման եղանակները դեռեւս պետք է մշակվեն։ Շատ բան կախված կլինի ԱՄՆ հետեւողականությունից եւ ապագա վարչակազմերի հանձնառությունից։Հօգուտ TRIPP-ի պետք է ասել, որ այն մարմնավորում է մեկ ընդհանուր դիրքորոշում, որը Հայաստանն ու Ադրբեջանը կիսել են վերջին 35 տարիների ընթացքում.երկուսն էլ չեն ցանկանում, որ Ռուսաստանը մենաշնորհ ունենա իրենց հակամարտությունը կառավարելու հարցում։ TRIPP համաձայնագիրն ավելորդ է դարձնում հարավային երթուղու ռուսական վերահսկողությունը, ինչպես համաձայնեցված էր 2020 թվականի Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարի ժամանակ։Pax Americana/Ամերիկյան խաղաղությո՞ւնՇեշտադրել այս արդյունքների նախնական բնույթը նշանակում է ճանաչել դրանց իրականացման ռիսկերը: Նախ՝ Հարավային Կովկասի խիստ մրցակցային աշխարհաքաղաքականության մեջ Pax Americana-ի ընկալումները, հավանաբար, կառաջացնեն արձագանքներ պարտվող կողմ համարվողների մոտ:Այս ռիսկն ակնհայտորեն վերաբերում է Ռուսաստանին՝ հաշվի առնելով Մոսկվայի պատմական գերիշխանությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդության գործում: Մոսկվան արդեն դժգոհություն է հայտնել «արտատարածաշրջանային» ներգրավվածությունից: Կարելի է սպասել, որ Ռուսաստանը TRIPP-ի նկատմամբ շարունակաբար թշնամանք կարտահայտի, գուցե նաեւ փորձի ճնշել Ադրբեջանի էներգետիկ ենթակառուցվածքների, Եվրասիական միությունում Հայաստանի առեւտրի եւ Ռուսաստանում երկու ազգությունների համայնքների վրա:Զգալիորեն ավելի քիչ լծակներ ունեցող Իրանը նույնպես մտահոգություն է արտահայտել է իր սահմանի երկայնքով ամերիկյան ներկայության ամրապնդման վերաբերյալ, նույնիսկ եթե առաջարկվող լուծումը բավարարի Իրանի մտահոգությունները՝ միջազգային սահմանները հարգելու վերաբերյալ:Երկրորդ վտանգն այն է, որ ժամանակի ընթացքում ամերիկյան հետաքրքրությունը կթուլանա: TRIPP-ի աշխարհաքաղաքական դրոշմը կարող է տպավորություն ստեղծել, որ այն պարզապես իրավիճակային որոշում է, որը կարող է բավականաչափ երկար չտեւել երթուղին ավարտելու համար։: Նախաձեռնությունն ավելի մեծ հավանականությամբ հաջողությամբ կպսակվի, եթե դրան նախեւառաջ աջակցեն Թուրքիան (մասնավորապես՝ Անկարայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթացը), ու Եվրամիությունը։ Շարունակականությունը պահպանելու համար անհրաժեշտ կլինի տարածաշրջանի ներսում եւ դրանից դուրս գտնվող ուժերի լայնածավալ կոալիցիայի կայուն հանձնառությունը, երբ խնդիրները անխուսափելիորեն սկսեն կուտակվել։Ռազմավարական ամնեզիաԵրկրների ներսում արմատացած հակամարտության պատումները վերափոխելու ջանքերին սատարում է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ակնհայտ պատրաստակամությունը՝ կնքելու «մոռացության պայմանագիր», որը խաղաղության անցումը հեշտացնելու քաղաքական ռազմավարություն է՝ պատասխանատվությունից խուսափելու միջոցով: Ըստ պայմանագրի 15-րդ հոդվածի՝ ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում կողմերը հրաժարվում են հակամարտության հետ կապված միջազգային արդարադատության մեխանիզմներին դիմելու ցանկացած իրավական ձեւից:Պրագմատիկ փաստարկներով՝ անցումային արդարադատության արդյունավետ մեխանիզմների կիրառումն անհավանական է, առնվազն երկու երկրների հարաբերությունների այս փուլում: Այնուամենայնիվ, ռազմավարական ամնեզիայի քաղաքականությունը ենթադրում է, որ բազում մարդիկ կտուժեն այս գործընթացից. հարյուր հազարավոր հայեր եւ ադրբեջանցիներ, որոնք վերջին չորս տասնամյակների ընթացքում մարդկային եւ նյութական կորուստներ են ունեցել: Նրանց խնդրում են հրաժարվել արդարադատության ցանկությունից եւ տնտեսապես օգուտ քաղել ճանապարհային սխեմաներից, որոնց հիմքում մրցակցային աշխարհաքաղաքականությունն է եւ որոնց իրականացումը ժամանակ կպահանջի:Այս խոչընդոտը կամրապնդի Հայաստանի ընդդիմությունը եւ կհանգեցնի պայքարի սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Նիկոլ Փաշինյանի ժողովրդականությունը ամենացածր մակարդակի վրա է, ուստի նրա ճակատագիրն այժմ կապված է Օվալաձեւ գրասենյակի համաձայնագրերի կատարման հետ եւ, հետեւաբար, աշխարհաքաղաքականության հետ, որից նրա ղեկավարած 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը փորձում էր խուսափել: Փաշինյանի գոյատեւումը կախված կլինի նաեւ Բաքվի հռետորաբանության փոփոխությունից։Ադրբեջանի ավտորիտար իշխանության կառուցվածքն ապահովագրված է հասարակական արձագանքներից: Այստեղ Սպիտակ տան համաձայնագրերը բախվում են այլ խնդրի. 2020-ից հետո ռազմական հաղթանակը ղեկավարության լեգիտիմության կարեւոր բաղադրիչ դարձավ եւ միաձուլվեց նոր տարածքներ նվաճելու պատումին։Բարձր մակարդակով պարբերաբար հնչող պատումները, որ Հայաստանը «Արեւմտյան Ադրբեջան» է, թափ էին հավաքում, բայց այժմ լիովին հակասում են պայմանագրի պայմաններին եւ ռազմավարական ամնեզիային: Անկախ նրանից, թե դա ճնշման մարտավարություն է, թե ապահովագրություն հայկական պահանջներից, «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթի մարումը պայմանագրի հեռանկարի համար ոչ պակաս կարեւոր կլինի, քան աշխարհաքաղաքական արդյունքները։ Թարգմանությունը՝ Մարիա ՍադոյանիԱյս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test