Հայաստանում 5G–ին անցնելու հետ կապված խարդախության 19 դեպք է գրանցվել
sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Հայաստանում 5G կապի անցման հետ կապված հունվարից մինչև օգոստոս գրանցվել է խարդախության 19 դեպք։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։
«Բոլոր 19 դեպքերով արդեն հարուցվել են քրեական գործեր»,– նշեցին գերատեսչությունից:
Ավելի վաղ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտարարել էր, որ ակտիվացել են հեռախոսային խաբեբաները։ Մասնավորապես, չարագործները զանգահարում են քաղաքացիներին և առաջարկում անցնել 5G կապի։ Բոլոր դեպքերում առաջարկվում է կապ հաստատել «WhatsApp»–ի միջոցով, կատարել որոշ գործողություններ կամ ներբեռնել ծրագիրը:
Արդյունքում չարագործները հեռակա հասանելիություն են ստանում տվյալ անձի սարքին։ Նրանց հիմնականում հետաքրքրում են բանկային ծրագրերի միջոցով դրամական միջոցների փոխանցումը, և քանի որ նրանք արդեն հասանելիություն ունեն տվյալ անձի սարքին, տեսնում են այն ամենը, ինչ տեղի է ունենում անձի հեռախոսի էկրանին։ Արդյունքում նրանք հեշտությամբ կարողանում են որսալ SMS–ի և ազդանշանային ծանուցումների միջոցով եկող կոդերը: