Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Ես անելիք ունեմ Արցախում, ուզում եմ որդիներիս հարսանիքը Շուշիում լինի՝ Ղազանչեցոցի զանգերի ներքո». Մանուշ Փաթյան 168.am 168.am

time

2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ գրեթե մեկ ամսվա տարբերությամբ արցախցի Մանուշ Փաթյանը կորցրել է և՛ ամուսնուն, և՛ եղբորը։ Եղբայրը՝ Կարեն Փաթյանը, Պաշտպանության բանակում ծառայում էր՝ որպես բժիշկ, ամուսինը՝ Գեորգի Ծատրյանը, կամավոր էր մեկնել մարտի դաշտ, պատերազմի սկզբի օրերին դիրքերում գտնվող զինվորներին մեքենայով հաց էր հասցնում, հետո կռվի ամենաթեժ պահին որոշել է կամավորագրվել և զենք վերցնել։

«Ես անելիք ունեմ Արցախում, ուզում եմ որդիներիս հարսանիքը Շուշիում լինի՝ Ղազանչեցոցի զանգերի ներքո». Մանուշ Փաթյան

32-ամյա Մանուշը մասնագիտությամբ մանկավարժ է, իր խնամքին ունի երկու անչափահաս տղա, ապրում է նրանցով ու նրանց համար՝ չկորցնելով Արցախ վերադառնալու հույսը։

Արդեն 5 տարի է՝ Մանուշը և իր ընտանիքն անցնում են ծանր փորձություններով, բայց փորձում են արժանապատիվ ապրել, որպեսզի արժանի լինեն այն տղաներին, որոնք զոհվեցին հանուն Արցախի։

168.am-ը Մանուշ Փաթյանի հետ զրուցել է «Եռաբլուրում»։ Վարդերի 2 կապոցով նա այցելել էր եղբոր շիրիմին, վարդերից մեկն իր սիրելի եղբոր համար էր, մյուսը՝ ամուսնու, որի շիրիմն այդպես էլ մնաց օկուպացված Արցախում։ Վարդերի փունջը մտովի նա խոնարհում է Արցախում գտնվող ամուսնու շիրիմին։

Սկզբում Մանուշը պատմեց՝ եղբոր, հետո՝ ամուսնու մասին, երբեմն՝ ցավով, երբեմն էլ՝ հպարտությամբ։

«Ես անելիք ունեմ Արցախում, ուզում եմ որդիներիս հարսանիքը Շուշիում լինի՝ Ղազանչեցոցի զանգերի ներքո». Մանուշ Փաթյան

Երբ պատերազմը սկսվեց, արցախցիները մտածում էին, որ քառօրյա պատերազմի նման կտևի 3-4 օր

«Հադրութի Մեծ Թաղեր գյուղից եմ, 2012 թվականին ամուսնացել ու ապրում էի Ստեփանակերտում։ Առաջին անգամ Հայաստան տեղափոխվեցինք 2020 թվականի հոկտեմբերի 3-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ օրը՝ եղբորս հրահանգով։ Երբ պատերազմը սկսվեց, արցախցիները մտածում էին, որ քառօրյա պատերազմի նման կտևի 3-4 օր, բայց երբ հասկացան պահի լրջությունը, Կարեն զանգահարեց ու ասաց՝ ամուսնուդ ասա՝ ձեզ քաղաքից դուրս հանի, քաղաքն ավելի վտանգավոր է։ Այդ ժամանակ հայրս գյուղից Կարենի կնոջն ու երեխային հանել էր, բայց ինքը մայրիկիս հետ մնացել էր գյուղում։

Երեխաների հետ վերցրել եմ ընդամենը մեկ շիշ ջուր, մի հատ հաց ու մի շոր։ Ասում էին, որ Ստեփանակերտի ավտոկայանից են տարհանում մարդկանց, բայց ճանապարհին մի տարիքով մարդ ասաց, որ գնանք հրապարակ, այնտեղից են տարհանում։ Երբ տեղ հասանք, տեսանք՝ բազմաթիվ մարդիկ էին հավաքված, զինվորական համազգեստով մի մարդ եկավ, ասաց, որ խուճապի չմատնվենք, հերթով բոլորին կտարհանեն։ Փոքր տղաս գրկիս էր, առաջ եկա, ասացի՝ կլինի՞ փոքրից մեծ տեղավորեն ավտոբուսում։ Զինվորական համազգեստով մարդը մոտեցավ ինձ, ասաց, որ քաղաքում այդ տարիքի երեխա չի մնացել, մենք որտե՞ղ ենք եղել։ Բարձրացանք ավտոբուս, 2 երեխաների հետ չգիտեմ՝ ուր եմ գնում, արդյո՞ք ճիշտ եմ անում։ Հայաստան եկանք Լաչինով, այնտեղ կամուրջ կար, ասում են՝ «Լաչինի մոստ», այդ կամուրջն անցանք, ու պայթեցրին։ Ավտոբուսի վարորդը տարիքով պապիկ էր, իջավ ավտոբուսից ու սկսեց լացել, չէր հասկանում՝ դա ուրախության լաց էր, վախից էր…»։

Տարհանվելուց հետո Մանուշը 2 երեխաների հետ հաստատվում է Արմավիրում՝ բարեկամի տանը։ Ամեն օր զանգահարել է թե՛ եղբորը, թե՛ ամուսնուն, սպասելով, որ ուր որ է՝ պատերազմը կավարտվի։ Եղբայրը ծառայում էր Վարանդայում՝ թեժ կետերից մեկում, և պատերազմի այդ թեժ օրերին էլ գնացել է Մեծ Թաղեր գյուղում գտնվող մոր մոտ՝ ասելով, թե շենում որևէ կին չի մնացել, ինչո՞ւ է ինքը մնացել, ու ճանապարհել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ։

Մինչև հեռախոսի անջատելն ասաց. «Մանուշ, քո բնավորությունը հեշտ է, իմ խոխին լավ կնայեք»

«Ես անելիք ունեմ Արցախում, ուզում եմ որդիներիս հարսանիքը Շուշիում լինի՝ Ղազանչեցոցի զանգերի ներքո». Մանուշ Փաթյան
«Ես անելիք ունեմ Արցախում, ուզում եմ որդիներիս հարսանիքը Շուշիում լինի՝ Ղազանչեցոցի զանգերի ներքո». Մանուշ Փաթյան

«Եղբայրս հոկտեմբերի 6-ին տուն էր եկել, մայրիկիս ասել էր, որ շտապում է, մեքենայում զինվորների դիեր կան, պետք է տեղ հասցնի։ Երբ մայրս ասել է, որ զգույշ լինի, Կարենն ասել էր, որ 1000 հոգու կյանք է փրկել, Աստված իր ուսերին նստած է։

Երբ զանգահարում էի Կարենին, սովորաբար 20 վայրկյան էի խոսում։ Հոկտեմբերի 13-ին առավոտյան երեխաներին դպրոց տարա, դպրոցի բակում նստած էի, նորից զանգահարեցի, խոսեցինք։ Մինչև հեռախոսի անջատելն ասաց. «Մանուշ, քո բնավորությունը հեշտ է, իմ խոխին լավ կնայեք», հետո արդեն հեռախոսահամարը դարձավ անհասանելի։ Պատերազմի 17 օրերի ընթացքում Կարենի հեռախոսն առաջին անգամ անհասանելի էր…

Կարենը վիրավորներին տարհանելիս զանգահարում է բժշկին, ներկայացնում իրավիճակը, ու վիրավորներին տարհանելու ճանապարհին դիպուկահարի կրակոցը կպնում է նրա սրտին»,- պատմում է Մանուշը։

Զոհվելուց հետո Կարենին հուղարկավորել են հայրենի գյուղում՝ Մեծ Թաղերում, դրանից հետո գյուղն անցել է թշնամու հսկողության տակ։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Կարեն Փաթյանի ընտանիքն իմացել է, որ գյուղում հուղարկավորված տղաներից շատերին արտաշիրմում են և տեղափոխում այլ վայր։ Դրանից հետո Կարենին հանում են իր ծննդավայրից և 2021 թվականի փետրվարին վերահուղարկավորում «Եռաբլուր»-ում։

«Ես անելիք ունեմ Արցախում, ուզում եմ որդիներիս հարսանիքը Շուշիում լինի՝ Ղազանչեցոցի զանգերի ներքո». Մանուշ Փաթյան

Որ հողի համար կյանք տվեցին, այդ հողին էլ արժանացան. Սա սփոփանք է

«Մենք հավատում էինք, որ տարածքները պետք է հետ վերադարձնենք, բայց հայրս երևի կանխազգում էր, կամ այդպես էր ցանկանում, որ Կարենին հուղարկավորենք հենց «Եռաբլուր»-ում։ Լավ եղավ, որ գոնե Կարենն է այստեղ…

Ցավալի է, որ բազում քաջորդիների գերեզմաններ մնացին Արցախում, բայց միևնույն ժամանակ, որ հողի համար կյանք տվեցին, այդ հողին էլ արժանացան, սա սփոփանք է։

Ամուսինս մինչև նոյեմբերի 5-ը տարբեր տեղերում էր եղել, նոյեմբերի 4-ին Շուշիից իջել էր Ստեփանակերտ, այդ ժամանակ արդեն Լիսագոր, Շուշիից վերև հատվածներում էին։ Բոլորս հավատում էինք հաղթանակին, ասում էինք՝ սա վերջին պատերազմն է, անկախության հիմքն է։ Նոյեմբերի 5-ին արդեն մտել էին Շուշի, ամուսինս պետք է հետ գար, ասել էին, որ Քարվաճառով վերադառնա, ոչ մեկին չէր լսել, իջել էր Շուշիից, ու Լիսագորի ճանապարհին դեմը դուրս է եկել «բլիժնի բոյ», կրակել էին սրտի հատվածին։ Հետո տեսանյութ գտանք, որ մեքենայից թշնամին հանել է իրեն ու մի քանի տղաների և բոլորին ճակատային մասից կրակել…

Նոյեմբերի 5-ի գիշերը համոզվեցի, որ ամուսին արդեն երկնքում է, որովհետև դրանից առաջ զանգահարել էր, ասաց, որ երեխաներին լավ նայեմ, ասաց. «Ջիգյար, էլ չեմ գալու»։ Սառը ցնցուղ էր ինձ համար, ասում էր՝ «դու չես պատկերացնում՝ այստեղ ինչ կռիվ է»։ Երեխաներիս հետ էլ խոսեց, մեծ տղայիս ասաց, որ՝ մայրիկիդ կլսես։ Իր խոսելու ժամանակ ես կրակոցների ձայները լսում էի, տպավորություն էր, որ իմ կողքին էին կրակում։ Վերջում էլ ասաց՝ «կաբլուկներդ կկենաս, քեզանից գոհ կքայլես, ամուսինդ պադվալի կռիս չի եղել, պատիվս բարձր կպահես, դե լավ»։

Երբ պատերազմը նոր էր սկսվել, ամուսինս սկզբում շատ կատակներ էր անում, ասում էր՝ «կուզե՞ս զոհվեմ, դառնաս զոհվածի կին»։ Մտածում էի՝ իր բնավորությունն է, այս անգամ էլ է կատակ անում, գուցե ծանր ապրումներից է»։

«Ես անելիք ունեմ Արցախում, ուզում եմ որդիներիս հարսանիքը Շուշիում լինի՝ Ղազանչեցոցի զանգերի ներքո». Մանուշ Փաթյան

Եղբոր և ամուսնու զոհվելուց հետո Մանուշը մտածում է, որ նրանք այնքան լավն են, որ Աստված իր մոտ է տարել։

Արցախի շրջափակումն ու 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմն ու Արցախի հայաթափումն էլ երկրորդ ամենամեծ հարվածն է եղել երիտասարդ կնոջ ու նրա ընտանիքի համար։ Մանուշ Փաթյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 19-ին, սկսվել է պատերազմը, այդ օրերին նա երեխաների հետ Հայաստանում էր, ծնողները և բոլոր հարազատները՝ Արցախում։

Երբ «Եռաբլուր» եմ գալիս, այստեղի տղաներից ներողություն եմ խնդրում մեր ապրած օրերի, սխալների համար

«Ինձ պահում է Արցախ վերադառնալու հավատը և երեխաներս։ Եղբորս և ամուսնուս զոհվելուց հետո, 2 օրը մեկ շտապօգնություն էր գալիս մեր տուն, հիշում եմ՝ մի անգամ ինձ այցելած տարիքով բժիշկներից մեկը ծնոտիցս բռնեց ու ցույց տալով երեխաներիս՝ ասաց՝ այս երեխաները, քեզանից բացի, որևէ մեկին պետք չեն, այդ խոսքերն ինչ-որ չափով ինձ սթափեցրեցին։ Ամուսնուս զոհվելուց հետո երկար ժամանակ տղաս չէր խոսում, առհասարակ որևէ բան չէր ասում, դա ևս ինձ սթափեցրեց։ Ինչ-որ փուլում ինձ մոտ «պրինցիպ» առաջացավ, ասացի՝ դիմացինս չպետք է տեսնի, որ ես լացում եմ կամ տխուր եմ։

Ամեն անգամ, երբ «Եռաբլուր» եմ գալիս, այստեղի տղաներից ներողություն եմ խնդրում մեր ապրած օրերի, սխալների համար։

Ես չեմ ուզում Արցախ վերադառնալը երգի տողերի նման լինի, որ եթե ես չտեսնեմ, թոռիս թոռը տեսնի՝ ո՛չ, ուզում եմ այդ ամենը ես տեսնեմ, որովհետև ես անելիք ունեմ Արցախում, ուզում եմ որդիներիս հարսանիքը Շուշիում լինի՝ Ղազանչեցոցի զանգերի ներքո, հավատում եմ, որ լինելու է։

«Ես անելիք ունեմ Արցախում, ուզում եմ որդիներիս հարսանիքը Շուշիում լինի՝ Ղազանչեցոցի զանգերի ներքո». Մանուշ Փաթյան

Շուշիից մի մարդ կար, երկու որդիներից մեկը զոհվել էր Շուշիում, երբ ասում էին՝ Շուշին պետք է հետ վերցնենք, այդ մարդն ասում էր. «Եթե մեծս պետք է գնա, որ փոքրիս արյունը մաքրի, թող ինքն էլ գնա»։ Սկզբում մտածում էի՝ այդ մարդը գժվել է, բայց հետո հասկացա, թե ինչքան խորն է խոսում, որ մեծ տղան էլ թող զոհվի, որ կրտսեր որդու թափած արյունը մաքրվի։ Իսկապես պետք է այդ հողը մաքրվի, անմեղ արյուն է թափվել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test