2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ ստորագրեց Բաքվին ռազմական օգնության տրամադրումը սահմանափակող 907-րդ բանաձևի կասեցման ժամկետը երկարաձգելու մասին հուշագիրը։
Ավելի ուշ, դրա հրապարակված տեքստում նշվում էր, որ «բանաձևի կասեցումը չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։
Հայաստանյան և ադրբեջանական տեղեկատվական տիրույթում բանաձևի կասեցման երկարաձգումը ներկայացվեց որպես առհասարակ «բանաձևի չեղարկում, վերացում», ինչպես նաև՝ որպես «ադրբեջանական դիվանագիտության աննախադեպ հաղթանակ»։
«Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է 907-րդ բանաձևի ընդունման, կիրառման ու կասեցումների պատմությունը, ինչպես նաև ներկայացնում է՝ ինչ օրենսդրական ընթացակարգեր է ենթադրում բանաձևի կասեցումը։
907 բանաձևը ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունվել է 1992 թվականին «Ազատության աջակցության ակտի» (Freedom Support Act) շրջանակում, որով արգելում էր ԱՄՆ դաշնային իշխանություններին ուղղակի ռազմական օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանը, քանի դեռ Բաքուն իրական քայլեր չի ձեռնարկել դադարեցնելու Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ կիրառվող շրջափակումն ու ուժի կիրառումը։
Ամեն ինչ փոխվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչական հարձակումից հետո: ԱՄՆ-ի հայտարարած ահաբեկչության դեմ գլոբալ պայքարն ու Աֆղանստանում պատերազմը թելադրում էին վերջինիս նոր գործընկերներ ձեռք բերել տարածաշրջանում և համագործակցել, այդ թվում՝ Ադրբեջանի հետ։
Այս գործոններից ելնելով, 2002 թվականին ԱՄՆ կոնգրեսը, չչեղարկելով բանաձևը, երկրի նախագահին տվեց օրենսդրական հնարավորություն ամեն տարի ըստ անհրաժեշտության այն կասեցնելու կամ շրջանցելու (waiver-անգլերեն)։
FIP.am-ը պարզել է, որ 2002 թվականից ի վեր բանաձևի կասեցման վերաբերյալ օրենսդրական սողանցքից օգտվել են ԱՄՆ բոլոր նախագահները (Բուշ, Օբամա, Թրամփ, Բայդեն)․ այն գրեթե միշտ կասեցվել է՝ մոտ 20 անգամ կամ երկու տասնամյակ շարունակ։
Բանաձևի կասեցում չի եղել միայն 2023-2024 թվականներին՝ պայմանավորված 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակմամբ ու հաջորդած էթնիկ զտմամբ․ այդ ժամանակ ՄՄՆ օրենսդիր մարմինը ընդունեց նախաձեռնություն, որով սահմանափակում էր ԱՄՆ նախագահի բանաձևը շրջանցելու իրավունքը։
Տեղեկատվական տիրույթում տարածվում է նաև սխալ պնդում (1, 2, 3), թե Թրամփն իր օգոստոսի 8-ի հուշագրով առհասարակ չեղարկել է բանաձևը, ինչը չի համապատասխանում իրականությանը։
ԱՄՆ նախագահն ԱՄՆ կոնգրեսից իրեն տրված իրավասության շրջանակում կարող է միայն կասեցնել բանաձևը ընդամենը մեկ տարով, բայց չի կարող չեղարկել այն․ այդ իրավասությունը տրված է բացառապես ԱՄՆ Կոնգրեսին, որը նման նախաձեռնությամբ հանդես չի եկել։
Այս առումով նախագահը գործում է բացառապես Կոնգրեսի սահմանած շրջանակում, որը կարող է նաև ըստ անհրաժեշտության սահմանափակել նախագահին տրված այդ իրավասությունը, ինչպես դա արեց 2023-2024 թվականներին։
Այսպիսով, թեև 907 բանաձևի կասեցումը հաճախ ներկայացվում է որպես դրա չեղարկում կամ դիվանագիտական աննախադեպ հաջողություն, փաստացի այն ընդամենը ժամանակավոր միջոց է, որը յուրաքանչյուր տարի կախված է ԱՄՆ նախագահի որոշումից և Կոնգրեսի սահմանած շրջանակներից։
Նանե Մանասյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test