PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, խոսելով Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, հայտարարել է, որ ՀՀԿ-ն վճռական է տրամադրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացում, և բաց չի թողել քաղաքական համախմբման հնարավորությունը։
«Փաշինյանը բավարարել է Ադրբեջանի հերթական պահանջը»,- հայտարարել է նա, հայտնում է «Ազատությունը»։
Սարգսյանը նշել է, որ «կապիտուլյացիան շարունակական երևույթ է, և այդ ընթացը հնարավոր է կասեցնել, միայն եթե փոխվեն այդ կապիտուլյացիայի պատճառ հանդիսացած և այդպիսի փաստաթուղթ ստորագրած իշխանությունները»։
Երրորդ նախագահն ընդգծել է, որ Հանրապետական կուսակցությունը շարունակում է առաջ տանել Փաշինյանին անվստահության օրակարգը, չնայած իր ուժին չի հաջողվել այդ նախաձեռնության շուրջ լայն համախմբում ապահովել։ Սարգսյանը նաև բաց չի թողել փողոցային պայքարի տարբերակը։
Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն կմասնակցի՞ 2026-ի ընտրություններին, և եթե այո՝ ի՞նչ ձևաչափով, Սարգսյանը պատասխանել է, որ ընդդիմադիր կուսակցությունն այդ հարցով վերջնական որոշում դեռ չունի։
«Մեր օրակարգը անվստահություն հայտնելն է, հետո կերևա», – հավելել է նա։
Սարգսյանը նաև անդրադարձել է բարերար, գործարար Սամվել Կարապետյանի հետ հնարավոր գործակցությանը՝ ընդգծելով, որ ՀՀԿ-ն տեսնում է գործակցության ուղիներ ցանկացած ընդդիմադիր ուժի հետ, եթե «այդ գործակցության ձևերն ու մեթոդները մեզ համար ընդունելի են»։
«Ինչ վերաբերում է պարոն Սամվել Կարապետյանին, ապա ես պիտի ասեմ բացահայտ, որ Սամվել Կարապետյանին ես եմ խնդրել, որ ռուսական մեկ այլ ընկերությունից ինքը ձեռք բերի «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որովհետև «էլեկտրական ցանցերը» իրոք շատ վատ վիճակում էին, և պետք էր մարդ, ով սրտացավություն ցուցաբերեր, պետք էր մարդ, ով կցանկանար տևական ժամանակ շահույթ չհետապնդել, այլ ներդրումներ անել, ինչը գոնե մինչև 18 թվականը Սամվել Կարապետյանը կատարել է, ես չգիտեմ՝ դրանից հետո շարունակվել է, թեև կարծում եմ, որ շարունակված կլինի»,- նշել է նա։
Ավելի վաղ Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ մեծահարուստ գործարարի հիմնելիք քաղաքական նոր ուժը մտադիր չէ գործակցել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի թիմերի հետ։
Սերժ Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցության հնարավորությունը՝ շեշտելով․ «Ես առնվազն 2 անգամ խնդրել եմ, որ ինձ Ռոբերտ Քոչարյանի մասին հարցեր չտաք: Ռոբերտ Քոչարյանին հանգիստ թողեք: Իչ վերաբերում է իմփիչմենթին, մենք շարունակելու ենք, իսկ ո՞վ կարող է բացառել, որ միացողներ կլինեն: ԱՄՆ նախագահ Ռուզվելտի տիկնոջն են վերագրում այս միտքը, որ «ավելի լավ է մի մոմ վառել, քան հավերժ անիծել խավարը»: Այսինքն՝ ավելի լավ է մի ստորագրություն դնել, քան թե հավերժ անիծել այս իշխանություններին»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test