ԱՄՆ վարչակազմն ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերջնական պայմանագիրը կարող է ստորագրվել և վավերացվել մինչև 2026 թվականի տարեվերջ: Այդ մասին, ինչպես հայտնում է Բաքվի իշխանական haqqin.az կայքը, դիվանագիտական աղբյուրներին հղելով՝ գրել է ամերիկյան Foreign Policy պարբերականը:
Ըստ այդմ՝ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունները հետխորհրդային տարածքում ազդեցություն ամրապնդելու ուղղությամբ ԱՄՆ ամենախոշոր փորձերից մեկն են: Պարբերականի իրազեկ աղբյուրներն, ընդսմին, հերքել են տպավորությունը, թե Դոնալդ Թրամփի վարչակազմը ձգտում է Կրեմլին ազդեցության ոլորտ փոխանցել:
Ամերիկյան պարբերականն այնուհետև Վաշինգտոնի պայմանավորվածություններն անվանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև շրջանակային համաձայնագիր, որ վերջնական խաղաղության, սահմանների վերականգնման, դիվանագիտական հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում առևտրային երթուղիների բացման ճանապարհ է բացում:
Միևնույն ժամանակ ամերիկյան պարբերականը գտնում է, որ երկրների միջև անվստահությունը պահպանվում է, առկա մտահոգություն, որ տարածաշրջանում ավանդական ազդեցություն ունեցող Ռուսաստանը և Իրանը կարող են հակազդեցություն ունենալ:
Ըստ էության՝ այս հրապարակման համատեքստը կարելի է ամփոփ ձևակերպել այնպես, որ Վաշինգտոնում մտահոգություն ունեն, որ Ռուսաստանը և Իրանը կարող են հակազդել Վաշինգտոնի «շրջանակային համաձայնությանը» և հորդորում են վերջնական ստորագրումը չհետաձգել, պայմանագրի վավերացումն ի կատար ածել մինչև եկող տարեվերջ:
Եթե նկատի ենք ունենում իրողությունը, որ պայմանագրի ստորագրման և վավերացման հարցում Հայաստանը թերևս ամենաշահագրգիռ կողմն է, ապա ստացվում է, որ ԱՄՆ վարչակազմի ուղերձի հասցեատերն Իլհամ Ալիևն է, որին նախագահ Դոնալդ Թրամփն օրերս անվանել է «խիզախ առաջնորդ»: Չոր արդյունքում ստացվում է, որ Թրամփն Ալիևին «հորդորում է» մի կողմ թողնել Հայաստանի սահմանադրության հետ կապված «մտահոգությունները» և ստորագրել Հայաստանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրը: Իհարկե, մի պարբերականի հրապարակման շեշտադրումների վրա կառուցված եզրակացությունն իրական քաղաքականության ռեժիմում կարող է փորձություն չանցնել, բայց այդ դեպքում տեղեկատվական արտահոսքն ինչո՞ւ է կազմակերպվել, և Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցն ինչո՞ւ է այն ադրբեջանական տիրույթ բերել: Վաշինգտոնը, կարելի է ասել, «միացրել է Ալիևի խիզախության ծանրաչափը»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test