Նախորդ տարի հանրակրթական դպրոցներում ուսումնական տարին մեկնարկել էր առանց մի քանի դասագրքերի, տպագրված նոր դասագրքերն էլ, ըստ փորձագետների՝ բազմաթիվ սխալներով էր հասել դպրոցներ։ Այս տարի ևս մի քանի դասագրքերի պակաս կա դպրոցներում։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ 10-ից ավելի դասագրքեր չեն լինելու։
«Այստեղ շատ վատ վիճակում է, օրինակ, ֆրանսերենը, 5-11-րդ դասարաններում ֆրանսերենի դասագիրք չկա։ Կարելի է ասել, որ այդ առարկայի դասագիրք ունենք միայն կրտսեր դպրոցում՝ 4-րդ դասարանում, իսկ դրանից բարձր դասարաններում առարկան դասագիրք չունի, պատկերացնո՞ւմ եք՝ 7 տարվա դասագիրք։ Չկան նաև «Հայոց պատմություն» առարկայի դասագրքեր 10-11-րդ դասարաններում՝ «Քիմիա» և «Կենսաբանության» առարկաների դասագրքեր, կրկին ավագ դպրոցում՝ «Հանրահաշիվ» առարկայի դասագիրք՝ 11-րդ դասարան, «Ռազմագիտություն» առարկայի 11-րդ դասարանի դասագիրք նույնպես չկա։ Այսինքն՝ կրկին 10-ից ավելի դասագրքերի պակաս է լինելու այս պարագայում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Սերոբ Խաչատրյանը։
Փորձագետն այս խնդիրների առակայությունը մտահոգիչ է համարում հատկապես ավագ դպրոցների դեպքում, քանի որ առանցքային մի քանի առարկաներ՝ «Հանրահաշիվ», «Հայոց պատմություն», «Քիմիա», «Կենսաբանություն», դասագրքեր չեն ունենալու, այսինքն՝ առանցքային 4-5 առարկաներից դասագրքեր պարզապես չկան։
«Դասավանդվելու է ինչ-որ ուսումնական նյութերով, հին դասագրքերով։ Ինչ վերաբերում է մյուս դասագրքերին, ապա, կարծում եմ, դրանք շուտ կհասնեն դպրոցներ, քանի որ այս տարի մրցույթը շուտ էր հայտարարվել, և արդեն հուլիս ամսին շատ դասագրքեր պատրաստ էին։ Միայն «Հայոց պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքի արդյունքն է հայտարարվել օգոստոսի սկզբին, դա էլ ժամանակին կհասցնեն, այնպես որ՝ ուշացումներ դժվար թե լինեն, եթե, իհարկե, ինչ-որ խնդիրներ չառաջանան»,- նշեց Սերոբ Խաչատրյանը։
Թե դասագրքերի բացակայության պարագայում ի՞նչ պետք է անեն դպրոցում աշակերտներն ու ուսուցիչները, փորձագետը ենթադրում է, որ, օրինակ, ֆրանսերեն լեզվի առարկայի պարագայում կարող են օգտվել հին գրքերից։ Բայց այս դեպքում էլ կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ են օգտագործում հին գրքերը, եթե նոր չափորոշիչներ են մշակել։
«Կարծում եմ՝ որոշ առարկաների դեպքում հին դասագրքեր կօգտագործեն, բայց, օրինակ, «Հայոց պատմություն» առարկայի չափորոշիչը կտրուկ փոխվել է, և հին գրքերով չեն դասավանդի։ Ուսուցիչները կրկին ամեն շաբաթ, ամեն օր, պետք է մասնակցեն ինչ-որ վերապատրաստումների, որտեղ նրանց կներկայացվեն ուսումնական նյութեր, որոնցով իրենք կդասավանդեն»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է նոր տպագրված դասագրքերի որակին, Սերոբ Խաչատրյանը նկատեց՝ դասագրքերը շատ տարբեր են՝ կան երկու ծայրահեղությամբ գրված դասագրքեր։ Առաջին ծայրահեղությունն այն է, որ ուսումնական նյութը չափազանց քիչ է, դրա փոխարեն աշակերտներին ասում են՝ որոշակի նյութեր կարդացեք, հետո քննարկեք։
«Վատն այն է, եթե նորմալ բան չեն սովորել, ի՞նչն են քննարկում, հորինո՞ւմ են իրենցից, ի՞նչ են անում։ Մյուս ծայրահեղությունն էլ այն է, որ որոշ դասագրքեր հին ձևով կրկին չափազանց ծանրաբեռնված են։ Չկա հետևողականություն, նոր մոտեցումները շատ ցաքուցրիվ են գրված։ Կարծում եմ՝ սա մեծ խնդիր է»,- ընդգծեց Սերոբ Խաչատրյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test