Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Փաշինյանին պետք է հեռացնել, ի՞նչ ընտրություններ… Դիագնոզը դրված է՝ Հայաստանը գնում է դեպի կործանում. Քաղաքագետ 168.am 168.am

time

Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանը լավատես չէ, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Նիկոլ Փաշինյանի և Ալիևի կողմից «Խաղաղության պայամանագրի» նախաստորագրումից հետո հնարավոր է խաղաղություն ակնկալել: Նա շեշտեց՝ իրավապայմանագրային հիմքով խաղաղություն ընդհանրապես չի հաստատվում։

Նրա խոսքով՝ խաղաղություն հաստատվում է մեկ տրամաբանությամբ՝ եթե կա ուժային հավասարակշռություն, եթե չկա այս տրամաբանությունը, ապա խաղաղությունը մնում է ստորագրված թղթի վրա, որն առհասարակ խաղաղության երաշխիք չի տալիս։

«Ըստ Նիկոլ Փաշինյանի և մնացածի՝ խաղաղությունն այն է, երբ բացակայում են ռազմական գործողությունները։ Բայց մենք արդեն խոսել ենք այն մասին, որ պատերազմը կարող է լինել ուղղակի և անուղղակի գործիքակազմով։ Եթե մենք խոսում ենք ռազմական գործողությունների բացակայության մասին, ապա տեսնում ենք, որ վերջին ժամանակներում նման միջադեպեր չկան։ Բայց Ադրբեջանի կողմից պատերազմը շարունակվում է, ուղղակի ուրիշ գործիքակազմով է շարունակվում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ խոսելով Վաշինգտոնում նախաստորագրված «Խաղաղության պայմանագրի», Բաքվում պահվող գերիների, Արցախի խնդրի և Հայաստանում իշխանափոխություն անելու հրատապ խնդրի մասին։

Ըստ նրա, այսօր հայկական իրականության մեջ այն խոսույթն է, որ ամեն գնով պետք է հասնել խաղաղության, բայց ամեն գնով խաղաղության հասնելը դեռևս չի նշանակում իրատեսական խաղաղություն։ Այս ամենին զուգահեռ՝ տեսանելի է, որ Ադրբեջանը պահպանում է ուժային պրոյեկցիա անելու հնարավորությունը, իսկ հայկական կողմն ասում է՝ պետք է ամեն գնով հասնել նրան, որպեսզի Ադրբեջանն ուժային խոսույթից հրաժարվի։

Նույնիսկ վաշինգտոնյան այցից հետո Ալիևը Բաքվում հայտարարեց, որ ռազմական ուժի ավելացումը և ցանկացած պահի պատերազմի պատրաստ լինելը մնում է Ադրբեջանի ռազմավարական օրակարգում։

«Եթե այս ամենը դիտարկեք իրական քաղաքականության տրամաբանության տեսանկյունից, ապա Ալիևի ասածները բացարձակ իրատեսական են։ Այս դեպքում տեսնում ենք, որ Ադրբեջանն ուժային պրոյեկցիայի հնարավորությունով ինչ-որ հարթակներում ստացավ այն, ինչ ցանկանում էր։

Ուզում էր Սյունիքով անխափան ելք ու մուտք Նախիջևան՝ ստացավ, ի՞նչ է ստանում հայկական կողմը՝ ոչինչ, միայն այդ ճանապարհով գնացող-եկող տարբեր տրանսպորտային միջոցների փոշին շնչելու հնարավորություն։ Այդ տնտեսական օգուտները, որոնց մասին խոսում են, հեքիաթի ժանրից է։ Դնել ու չափել ինչ-որ տնտեսական բաներ, որոնք Ադրբեջանի համար առհասարակ տնտեսական չեն, այլ կրում են ստրատեգիական բնույթ, որոնցով փորձում է իր շահերը բավարարել՝ իմաստ չունի»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Փաշինյանին պետք է հեռացնել, ի՞նչ ընտրություններ… Դիագնոզը դրված է՝ Հայաստանը գնում է դեպի կործանում. Քաղաքագետ

Այս համատեքստում Վազգեն Հովհաննիսյանը նշեց, որ այդ նախաստորագրված փաստաթղթով ժամանակ է ձգվում, հայկական կողմը ստանում է պսևդո խաղաղություն, որի արդյունքում պատերազմն այլ գործիքակազմով Հայաստանի դեմ շարունակվում է Ադրբեջանի կողմից։

Քաղաքագետը վստահ է՝ եթե 2020 թվականին Հայաստանում փոխվեր ղեկավարությունը, ապա հայ ազգը հնարավորություն կունենար փոխելու պարադիգման։ Մինչդեռ այսօր Հայաստանում մոդայիկ է դարձել հայտարարել, թե գնում են «արժանապատիվ խաղաղության», արդյունքում՝ հայկական կենսական շահերը զիջվում են, չկա որևէ «կարմիր գիծ»։

«Հեռատես քաղաքական գործիչը կարողանում է կառավարելի դարձնել վտանգը, բայց այսօր դիագնոզը դրված է՝ Հայաստանը գնում է դեպի կործանում, սակայն որևէ մեկը որևէ բան չի անում։ Մաքիավելին ասում էր՝ «ցանկացած պատերազմից կարող ես խուսափել, բայց դա լինելու է քո թշնամու օգտին»։

Հիմա շատերը կասեն՝ ռազմատենչ հայտարարություն եմ անում, բայց սա ռազմատենչ հայտարարություն չէ, պատերազմը ցանկությունից չի կախված։

2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած՝ մեր պետությունը գնում է անկման, բայց բոլոր հեռուստաընկերություններում կա նարատիվային խոսակցություն, որ պետք է Ադրբեջանի հետ խաղաղ ապրել»,- շեշտեց քաղաքագետը։

Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, ապա Վազգեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ հայկական կողմն ամբողջապես հրաժարվել է Արցախի հարցից, նույնիսկ կարծում է, որ ինչ-որ ժամանակ հետո կարող է Արցախի մասին խոսելն իշխանությունները դարձնեն քրեորեն պատժելի։

«Բաքվում պահվող գերիների ու պատանդների խնդիրը մեր իրական ցավն է, տեսնում ենք՝ ինչ կտտանքների են նրանք ենթարկվում, բայց էմպատիա չունենք, չենք հասկանում, որ մեզ են ստորացնում։ Գերիների վերադարձը մեզ համար պետք է լինի օրակարգային հարց, բայց այն շրջանցվում է։ Ալիևի նպատակն այդ մարդկանց «պատժելն» է, որպեսզի մյուսների համար օրինակ լինի։ Եթե այսպես շարունակվի, Ալիևը կարող է ցուցակ կազմել, մարդկանց անուններ տալ, ասել՝ «ռազմական հանցագործներ են», մեր նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին հետախուզման միջոցով վերցնել ու պատանդ տանել, նախկին նախագահներին, նախարարների։

Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել, ի՞նչ ընտրություններ, ովքեր քաղաքական հայտ են ներկայացնում, պետք է մեթոդաբանությունը մշակեն։ Բոլոր միջոցներով այս մարդուն օր առաջ պետք է հեռացնել և Ադրբեջանի նկատմամբ ստանձնել դիմակայունության քաղաքականություն»,- ընդգծեց Վազգեն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test