Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իշխանությունները պետք է հստակ բացատրեն՝ ով է վերահսկելու Սյունիքով ճանապարհը. Կարեն Միրզոյան news.am news.am

time

Թուրքիան, ԱՄՆ-ն, ամբողջ միջազգային հանրությունը ոգևորված են վաշինգթոնյան համաձայնություններով, ասում են, որ դա նոր էջ է բացում, ՀՀ իշխանությունները եւս նշում են, որ սա մի նոր հիմնաքար է լինելու, որի վրա կկառուցվի անկախ, անվտանգ և ծաղկող Հայաստանի ապագան։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Միրզոյանը։

«Իրոք, առաջին հայացքից շատ հետաքրքիր և գրավիչ տեսարան է, մի ճանապարհ է բացվում, որը թույլ կտա շատ կարճ ժամանակահատվածներում և բավականին մատչելի գներով, ցածր ծախսերով փոխադրել բեռներ ամբողջ այդ Եվրասիական մայրցամաքի մի ծայրից մյուսը։ Սակայն կա մի հին խոսք, որ սատանան մանրուքներում է։ Այս ընդհանուր էյֆորիայի ֆոնին դեռևս շարքային Հայաստանի քաղաքացիների համար մնում է անհայտ, թե ի՞նչ պայմաններով, ինչպես, ինչի դիմաց է այս ճանապարհը կառուցվելու, գործելու, ի՞նչ առավելություններ է դա տալու Հայաստանին։ Մենք տեղյակ ենք, թե ինչ առավելություններ է դա տալու Թուրքիային, ԱՄՆ-ն իր շահն ունի, իր շահը ունի Ադրբեջանը, կարծես թե բոլորը ունեն, բայց ո՞րն է մեր շահը, ի՞նչ է դա մեզ տալիս, որքանո՞վ է դրանից ամրապնդվում մեր անվտանգությունը, որքանո՞վ է բարելավվում մեր բարեկեցությունը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք ցավոք չունենք»,–ասաց նա։

Հարցին՝ ինչ է թաքնված Ադրբեջանի և Նախիջևանի միջև «անխոչնդոտ կապ» արտահայտության մեջ, Կարեն Միրզոյանը պատասխանեց. «Եկեք չզբաղվենք բախտագուշակությամբ, գեղեցիկ բառեր են, բայց այս պահի դրությամբ դա անիմաստ բառակույտ է, որը առայժմ չի գտել իր արտահայտությունը որևէ կոնկրետ ձևով։ Խնդիրը շարունակում է մնալ հետևյալը: Ի՞նչ կարգավիճակով է գործելու այդ ճանապարհը: Ի վերջո, ո՞վ է վերահսկելու այդ ճանապարհի ողջ երկայնքը: Նույնիսկ առկա հայտարարությունների համատեքստում այդ հարցը կարծես թե աղոտ է մնում։

Ալիևը շատ անկեղծ խոստովանել է, որ դա այն է, ինչ որ մենք առաջարկել ենք և հայերը համաձայնել են։ Այս դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ ենք մենք պահում այսքան դիվանագետներ, ԱԳՆ, մի շարք խորհրդականներ, որոնք գաղտնիության շղարշը քաշած կարծես թե գործ են անում։ Բավարար է ունենալ մեկ հոգի, որը գրի կառնի ադրբեջանական կողմի պահանջները և դրանով կբավարարվենք։ Այստեղ մի այլ նուրբ հարց կա, որքանո՞վ է դա համապատասխանում Հայաստանի օրենսդրությանը և Սահմանադրությանը»։

Անդրադառնալով նրան, որ Վաշինգտոնյան համաձայնություններից հետո անհանգստություններ են հնչել Ռուսաստանից ու Իրանից, նա նկատեց. «Ռուսաստանը հիշեցնում է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, նաև հիշեցնում է, որ նոյեմբերի 9–ի փաստաթուղթը դեռ կա, դեռ կան եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ։ Ռուսաստանը բազմաթիվ տարբերակներ ունի հակազդելու, որովհետև այսօր Հայաստանը այնպիսի մի իրավիճակում է, որ նրանից որևէ բան կախված չէ, չունի որևէ լուրջ լծակ ազդելու որևէ այլ երկրի վրա։

Տարածաշրջանում տեղի են ունենում աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ։ Առաջին անգամ այստեղ հայտնվում է մի նոր երկիր՝ ԱՄՆ–ն, որը կարծես թե որոշել է նաև իր ազդեցությունը այստեղ տարածել։ Նախկինում ԱՄՆ-ն այստեղ ներկա էր իր պրոքսի պետությունների միջոցով, բայց այսօր ԱՄՆ-ն անմիջապես այստեղ է մուտք գործում։ Պարզ է, որ այդ քայլը առաջացնելու է տարածաշրջանի հնաբնակների հակադարձ ինչ-որ քայլերը, ինչը բնական է։ Ինչպես դա կարող է արտահայտվել մեզ վրա, կարելի է միայն երևակայել։ Կան որոշակի ազդանշաններ, երբ որ մեզ բացատրում են, որ գիտեք դուք ձեր տնտեսությունը այսօր գոյատևում է հիմնականում ԵԱՏՄ-ի շնորհիվ և չի կարելի անել քայլեր, որոնք ուղղակի հակասում են ԵԱՏՄ-ի սկզբունքներին և շահերին»։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test