Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 41,4 տոկոսով՝ կազմելով 4 տրլն 500 մլրդ դրամ, արտահանումը կրճատվել է 48,3 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 771 մլրդ դրամ, իսկ ներմուծումը 7 ամսում կրճատվել է 35,8 տոկոսով՝ կազմելով 2 տրլն 728 մլրդ դրամ․ այս տնտեսական ցուցանիշները հրապարակել է Վիճակագրական կոմիտեն։
Պաշտոնական ցուցանիշներով նվազման միտումներ են արձանագրվել նաև արդյունաբերական արտադրանքի ծավալներում։ Աճերը, որոնք արձանագրվել են տնտեսության մեջ, վերաբերում են տնտեսական ակտիվության ցուցանիշին, շինարարության ծավալներին և գներին։ Ի դեպ, գնաճը 7 ամիսների ընթացքում կազմել է 3,9 տոկոս (սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 6.2 տոկոսով)։
Այս տնտեսական իրողությունները, սակայն, չեն խանգարում իշխանություններին ու նրանց մերձ շրջապատին՝ թմբկահարել կայուն զարգացման ու աճերի մասին հայտարարություններ։
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանն այս համատեքստում հիշեցրեց ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող տնտեսագետ Վահագն Խաչատուրյանի այն վստահեցումը, թե «փողի խնդիր» չունենք։
«Փաստերով խոսենք․ եթե փողի պրոբլեմ չունեք, այդ դեպքում ինչի՞ համար կենսաթոշակները չեն ավելանում։ Եթե ասում եք՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, այդ դեպքում ինչի՞ համար են ներմուծման և արտահանման ծավալները կրճատվել։ Ստացվում է՝ մենք գործ ունենք մի արհեստական ցուցանիշի հետ․ տնտեսական ակտիվության ցուցանիշով՝ ՏԱՑ-ով, իրենք անընդհատ գլուխ են գովում, մինչդեռ դա մի մանիպուլյացիոն ցուցանիշ է»,- 168․am–ի հետ զրույցում նշեց Հայկ Ֆարմանյանը։
Տնտեսագետը մատնանշեց նաև այն գործոնները, որոնք փաստացի իշխանությունների, տնտեսության պատասխանատուների գործառույթների դաշտում են և ազդում են տնտեսական ցուցանիշների՝ հատկապես արտահանման ցուցանիշի վրա։
«Ամենահաճախը խոսվում է Վրաստանում հանդիպող խոչընդոտների մասին, որոնք որոշակի ռիսկեր են առաջ բերում, հիմա, երբ նայում ենք պրակտիկ կյանքը, բազմաթիվ տնտեսվարողներ կան, որոնք խուսափում են արտահանումներից, մարդիկ արտահանումները կրճատում են։ Քաղաքական ջանքը չի գործադրվում, և այդ խնդիրը դեռևս մնում է օդում կախված․ ինչքան էլ էկոնոմիկայի նախարարն ասի, որ 25, 26 բեռնատար անցավ, լուրջ չեմ համարում այդ խոսակցությունները, քանի որ իրենք ակնհայտ որևէ ջանք չեն գործադրել։
Նրանք չեն կարող մատնացույց անել ինչ-որ էական գործողություն, որի արդյունքում էդ 26 բեռնատարն անցավ․ բիզնեսմեններն իրենք են լուծում են իրենց հարցերը (ֆենոմենի հետ գործ ունենք, որ մարդիկ չեն բարձրաձայնում իրենց խնդիրների մասին, ինչը որոշակի հոգեբանական համատեքստ ունի, գուցե խուսափում են աչքի ընկնելուց, խուսափում են թիրախ դառնալուց, խուսափում են այլ հարցերից»,- մանրամասնեց նա։
Հայկ Ֆարմանյանն արտահանման և ներմուծման 7-ամսյա նվազման միտումներից զատ՝ խոսեց գործազրկության բարձր մակարդակի, աղքատության ցուցանիշների մասին՝ այս համատեքստում աճպարարություն որակելով ՏԱՑ դրական ցուցանիշի փողփողումը։
«Աճպարարությունը, որ մի կողմից՝ նախագահի մակարդակով հայտարարվում է, թե փողի պրոբլեմ չունենք, բայց որևէ կենսաթոշակ չի ավելանում, մյուս կողմից՝ ասում են՝ տնտեսական ակտիվության աճի ցուցանիշի բարձրացում կա, բայց մնացած ցուցանիշներն անկում են գրանցում։
Ամեն ինչ պետք է լինի շոշափելի․ եթե փողի պրոբլեմ չկա, ուրեմն դա պետք է ազդի մարդկանց բարեկեցության վրա՝ աղքատությունը կրճատվի, կենսաթոշակներն ավելանան։ Տնտեսությունն իրական կյանքն է, տիեզերագնացություն կամ բարդ ֆիզիկա չի․ եթե մարդը շոշափելի որևէ բան չի զգում, չի տեսնում, հետևաբար, ինչ թիվ ուզում է՝ հրապարակեք»,- ամփոփեց տնտեսագետը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test