Այսօր Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, մեկնարկում է ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ, այսպես կոչված, «Իսակովի հողերի» գործով դատաքննությունը:
Սերժ Սարգսյանի վերաբերյալ 2 գործերը միավորվել են, քանի որ երկուսն էլ գտնվում են միևնույն դատավորի վարույթում:
Այսօրվա դատական նիստում պարզվեց, որ նոր հանրային մեղադրող է ներգրավվել՝ Հայկ Հովհաննիսյան: Դատական նիստը սկսվեց Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմի՝ քրեական վարույթը կարճելու միջնորդությամբ:
Միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Ամրամ Մակինյանը:
«Քրեական գործով մինչդատական վարույթը կատարվել է դատավարական օրենքի այնպիսի էական խախտումներով, որոնք հանգեցրել են Սերժ Սարգսյանի արդար դատաքննության հիմնարար իրավունքի առարկայազրկման, որոնք չեն կարող վերացվել այս փուլում, ոււստի միջնորդում եմ սույն փուլում «Իսակովի հողերի» դրվագով վարույթը կարճել»,- ասաց Ամրամ Մակինյանը: Ըստ նրա՝ քննչական ենթակայության խնդիր կա: Բացի դրանից, ապացույցները ձեռք են բերված ապօրինի կերպով:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով։ Հանրային մեղադրողն առարկեց: Դատարանը մերժեց միջնորդությունը:
Հաջորդիվ անցան գործով մյուս մեղադրյալների խափանման միջոցների քննությանը: Պաշտպան Գոռ Գևորգյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի՝ Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցը գրավով, ասաց՝ վատ է զգում, որ կոչումով գեներալ-մայորին, զինվորական մարդուն ասում են՝ փախուստի ռիսկը մեծ է: Դատավոր Արամ Գրիգորյանն այս միջնորդությունը նույնպես մերժեց: Անփոփոխ թողնվեց նաև մյուս մեղադրյալի՝ Վալերի Գրիգորյանի բացակայելու արգելք խափանման միջոցը:
Հիշեցնենք նաև, որ այս գործով դատարանը որոշել էր «Իսակովի հողերի» գործով վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը ու կիրառել 5 միլիոն դրամ գրավ խափանման միջոց:
Այսօր երկու դատախազները՝ Գորիկ Հովակիմյանն ու Հայկ Հովհաննիսյանը, միջնորդեցին անփոփոխ թողնել բացակայելու արգելք խափանման միջոցը՝ պնդելով, որ միայն գրավն ի զորու չէ ապահովել Սերժ Սարգսյանի պատշաճ վարքագիծը:
Պաշտպան Ռուբեն Հակոբյանն ասաց՝ նախորդ դեպքում անգամ Գորիկ Հովակիմյանը չի առարկել խափանման միջոցը փոխելու հարցում, և դա չի էլ բողոքարկվել, հետևաբար անհասկանալի է՝ ինչու է հիմա հակառակը պնդում:
«Մենք միջնորդում ենք, որ Սերժ Սարգսյանի անձնական տեղաշարժման անձեռնմխելիության իրավունքը չսահմանափակվի: Նա բազմիցս ապացուցել է, որ դրսևորում է պատշաճ վարքագիծ: Եղել են դեպքեր, երբ արտերկրից նա անգամ ժամկետից շուտ է վերադարձել: Այսինքն՝ հաշվի առնելով նրա դրսևորած վարքագիծը՝ կարծում եմ՝ նրա տեղաշարժի սահմանափակումը խիստ անհիմն է»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Ամրամ Մակինյանն էլ նշեց՝ եթե դատախազները մի փաստ նշեն, որ նախագահ Սարգսյանը փախուստի ռիսկ ունի, հենց հիմա թող ասեն:
Նման փաստ չնշվեց:
Լսելով կողմերին՝ դատարանը մերժեց միջնորդությունը՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրելով գրավ 5 միլիոն դրամի մասով և չհեռանալու մասին ստորագրություն խափանման միջոցները:
Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված՝ դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստին հանրային մեղադրողները պատրաստվում են Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ համապարտությամբ գույքային հարց ներկայացնել:
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-ին:
«Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում), և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- հայտնել էին ՀՀ դատախազությունից:
Նշենք, որ ամիսներ առաջ 4 տարվա դատավարությունից հետո Սերժ Սարգսյանն արդարացվեց մեկ այլ շինծու գործով, որը ստացել էր «Դիզելի գործ» անվանումը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test