Ինչի՞ հետ է կապված «ԱրՔա» համակարգում առկա խնդիրը. մասնագետը լուծում է առաջարկում
sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. «ԱրՔա» վճարահաշվարկային համակարգի խնդիրը կապված է ինտերնետ կապուղիների հետ։
Նշենք, որ «ԱրՔա» վճարահաշվարկային համակարգի աշխատանքը
կրկին խափանվել է։ Քաղաքացիները զրկված են անկանխիկ գումարները քարտային եղանակով տնօրինելու հնարավորությունից․ անկանխիկ գնումներ, փոխանցումներ, վճարումներ, բանկոմատներից կանխիկացում ու նույնիսկ ուղեվարձ վճարել չի հաջողվում։
«Խնդիր է առաջանում միայն այն գործարքների դեպքում, երբ պետք է sms ստանալ։ Աշխատանքներ են ընթանում խնդիրը լուծելու համար»–պարզաբանեցին ընկերությունից։
Ծրագրավորող, կիբեռանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանը
Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով «ԱրՔա» վճարահաշվարկային համակարգի վերջին շրջանում հաճախակի դարձած խափանումներին` նշեց, թե նմանատիպ խնդիրներ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում են լինում։
«Կարծում եմ՝ տրամաբանական է, քանի որ հավելվածը պարզապես ծրագիր է, որը ցանկացած պահի կարող է խափանվել։ Դա նորմալ պրակտիկա է»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ մասնագետը չբացառեց, որ համակարգը կարող է հետաքրքրել նաև հաքերներին` նկատելով, որ «ԱրՔա»–ն Հայաստանի բնակչության 99,9 տոկոսի օնլայն դրամական փոխանցումների հիմնական հարթակն է։
«Չի բացառվում, որ հաքերներն են փորձում վնաս հասցնել ծրագրին՝ տվյալներ կամ գումարներ հափշտակելու նպատակով։ Բայց ընկերությունը պետք է ունենա այնքան լուրջ անվտանգություն, որ երաշխավորված լինի արտաքին միջամտություններից, թեպետ այնպես չէ, որ «ԱրՔա» – ի անվտանգությունը վատն է։ Աշխարհում որևէ ծրագիր 100 տոկոսով պաշտպանված չէ։ Ինչքան զարգանում է պաշտպանվածությունը, նույնքան զարգանում է հարձակվողականությունը։ Չի կարող աշխարհում լինել այնպես, որ հաքերները կանգնեն ու նոր մեխանիզմներ չստեղծեն»,– նշեց Սամվել Հայրապետյանը։
Նա հիշեցրեց, որ ArCa-ն վերջերս հայտարարել էր նորամուծությունների մասին։ Նրա կարծիքով՝ հնարավոր է, որ նորամուծությունների ներդրման ընթացքում խնդիրներ են առաջացել։
«Եթե նայենք մասնագիտական տեսանկյունից, միայն իրենց մոտ չէ, որ խնդիրներ են լինում։ Ժամանակ առ ժամանակ երկրում լինում են ինտերնետի հետ կապված խափանումներ ինչը ևս ազդում է»,– ասաց Հայրապետյանը։
Մասնագետը կարևորեց տեխնիկական լուծումները՝ նշելով, որ երբ ծրագիրն աճում է, պետք է փորձել ավելի մեծ սերվերներ ներգրավել, որպեսզի նվազի ծանրաբեռնվածությունը։
Հիշեցնենք` «ԱրՔա» ազգային վճարահաշվարկային համակարգում վերջին անգամ խափանումներ էին եղել
օգոստոսի 13–ին, իսկ դրանից առաջ` նաև
օգոստոսի 1–ին։