Օգոստոսի 25-ին Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում գումարվել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ խորհրդաժողովը: Կազմակերպությունում նախագահողի իրավունքով այն նախաձեռնել է Թուրքիան: Օրակարգում Գազայի իրավիճակի և Պաղեստինի պետության ապագայի հարցն է: Ընդունված որոշումների մասին առայժմ տեղեկություններ չկան:
«Անադոլուն» ընդարձակ ներկայացրել է միջոցառման բացմանը Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի ելույթը, որից, թերևս, կարելի է երկու կարևոր դրույթ առանձնացնել: Ֆիդանը հիշեցրել է, որ ԻՀԿ-ն ստեղծվել է, որպեսզի պաշտպանի Ալ-Աքսա մզկիթը: Խոսքը Երուսաղեմի պատմական մզկիթի մասին է և եթե ասվածն «ապակոդավորվի», ապա պարզ կլինի, որ Թուրքիայի արտգործնախարարը կազմակերպության անդամ երկրներին կոչ է անում Երուսաղեմը պաշտպանել որպես իսլամական քաղաքակրթության և կրոնի օրրան:
Ֆիդանը նաև Նաթանյահուի կառավարությանը սուր քննադատել է Սիրիային, Լիբանանին և Իրանին հարվածներ հասցնելու համար և ամփոփել. «Եթե չհաջողվի Իսրայելին զսպել, ապա «խնդիրներ կլինեն ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև նրա սահմաններից դուրս», ուստի նա ԻՀԿ պետություններին կոչ է արել «վճռական լինել, որպեսզի Պաղեստինի ժողովուրդը շուտով հասնի ազատության, խաղաղության և արդարության»:
Թուրքիայի արտգործնախարարը փաստացի ԻՀԿ –ն հակաիսրայելական կազմակերպության վերածելու կոչ է հնչեցրել: Գազայում պատերազմի բռնկումից ի վեր նախ Իրանը, ապա և Թուրքիան ԻՀԿ շրջանակներում առնվազն ևս երկու անգամ նման գաղափար են շրջանառել, որ, սակայն, անցած երկու տարիներին այդպես էլ առարկայական տեսք չի ստացել:
Տվյալ պահին խիստ ուշագրավ է, որ Բաքվի ոչ պաշտոնական, ոչ այլ աղբյուրներ տեղեկություն չեն հայտնել՝ Ադրբեջանը Ջիդայի նախարարական հանդիպմանը մասնակցո՞ւմ է, եթե այո, ապա ի՞նչ մակարդակով, իսկ եթե ներկայություն, այնուամենայնիվ, ապահովված է, ապա ի՞նչ դիրքորոշում ունի Ալ-Աքսայի մզկիթը և Երուսաղեմն առհասարակ որպես իսլամական քաղաքակրթության օրրան պաշտպանելու և հակաիսրայելական կոալիցիա կազմելու հարցում:
Թուրքիայի խնդիրը տվյալ դեպքում որ Գազայի խաղաղ բնակչությունն է, ոչ Ալ-Աքսա մզկիթը, ոչ էլ նույնիսկ Պաղեստինի անկախությունը: Մերձավոր Արևելքը կանգնած է արմատական վերափոխումների նախաշեմին, և տարածաշրջանում թուրք-իսրայելական լարվածությունն արդեն բացահայտված իրողություն է: Իսլամական աշխարհում Իսրայելի հետ որոշակի հարաբերություններ ունեցող այլ երկրներ ևս կան, բայց Ադրբեջանը հրեական պետության ռազմավարական գործընկերն է: Դա թուրք-ադրբեջանական բարդությունների տեղիք կտա՞:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test