Ներկայացնում ենք Բայդենի վարչակազմում ԱՄՆ Պետդեպարտամենտի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Ժիրայր Րաթեւոսյանի Armenians deserve more than a transactional peace deal with Azerbaijan հոդվածի հայերեն թարգմանությունը:Ժիրայր ՐաթեւոսյանՕգոստոսի 8-ին, երբ Սպիտակ տանը տեղի էր ունենում Հայաստանի, Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ խաղաղության համաձայնագրի եռակողմ ստորագրումը (համաձայնագիրը ոչ թե ստորագրվել է, այլ նախաստորագրվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից-Մեդիամաքս), ես խոսում էի Լոս Անջելեսի ավագ դպրոցի մի խումբ հայ աշակերտների հետ։ Մենք ընդհատեցինք զրույցը, որ դիտենք մամուլի ասուլիսը մեր լեփ-լեցուն սենյակի անկյունում գտնվող նոութբուքով։ Նրանց դեմքերը՝ հետաքրքրասեր, զգուշավոր ու կասկածամիտ, արտացոլում էին հայկական սփյուռքում տիրող տրամադրությունը. կասկածով շղարշված հույս, անվստահությամբ մթագնված հպարտություն։Այս հակամարտության արմատները խորն են։ Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը դաժան պատերազմ մղեցին Ադրբեջանի սահմաններում գտնվող տարածաշրջանի համար, որը երկու ազգերն էլ իրենցն են համարում։ Ադրբեջանցիները այն անվանում են Լեռնային Ղարաբաղ, հայերը՝ Արցախ։ Տարիներ շարունակ պահպանվեց հրադադար, բայց չլուծված մնացին հիմնական վեճերը՝ տարածքի, կառավարման եւ տարածաշրջանի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի վերաբերյալ։2020 թվականին կրկին բռնկվեց պատերազմը։ Թուրքիայի աջակցությամբ եւ ժամանակակից զենքերով զինված՝ Ադրբեջանը վերահսկողության տակ առավ վիճելի տարածքի մեծ մասը։ Թրամփի վարչակազմը ոչինչ չարեց միջամտելու համար: Հայերի կորուստն ավերիչ էր՝ հողի, անվտանգության, վստահության եւ մշակութային ժառանգության: Ադրբեջանը քաղաքական եւ ռազմական հաղթանակ տոնեց, որը փոխեց ուժերի հավասարակշռությունը:
2022 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը սկսեց Լաչինի միջանցքի՝ Լեռնային Ղարաբաղը/Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակումը՝ ամրապնդելով իր վերահսկողությունը պատերազմից արդեն խոցված տարածաշրջանի նկատմամբ: Հաջորդ 10 ամիսների ընթացքում գազից, էլեկտրաէներգիայից, ինտերնետից, սննդից եւ դեղորայքից զրկվեցին 120,000 հայեր, որոնցից շատերը երեխաներ եւ ծերեր էին: Հացը չափաբաժիններով դարձավ: Վիրահատությունները հետաձգվեցին: Դպրոցները փակվեցին:Այս ընթացքում ես այցելեցի տարածաշրջան եւ կանգնեցի միջանցքի հայկական կողմում, որտեղ ձգվում էր բեռնատարների լուռ շարասյունը՝ բեռնված սննդով, դեղորայքով եւ կենսական պարագաներով: Բոլոր վարորդները գիտակցում էին, որ իրենց գուցե երբեք թույլ չեն տա դրանք տեղ հասցնել: Մթնոլորտը լի էր հիասթափությամբ եւ անօգնականությամբ: Պաշարման կցկտուր լուսաբանման ժամանակ մեկուսացված հայերը խոսում էին ցածրաձայն, ամիսներ տեւած վախից եւ զրկանքներից տանջված դեմքերով: Արդարադատության միջազգային դատարանը հրամայեց Ադրբեջանին վերաբացել միջանցքը, սակայն Բաքուն անտեսեց այդ որոշումը։Ես հպարտացա, երբ նախագահ Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ տասնամյակներ ուշացած բարոյական նշաձող սահմանելով։ Սակայն նրա վարչակազմը չպատժեց Ադրբեջանին շրջափակման ընթացքում եւ չկանխեց այն, ինչ հաջորդեց. Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի/Արցախի վրա 2023-ի սեպտեմբերին։ Հարձակումը տեւեց ընդամենը 24 ժամ, բայց ստիպեց ավելի քան 100,000 էթնիկ հայերին՝ գրեթե ամբողջ տարածաշրջանի բնակչությանը, լքել իրենց տները։ Դարավոր համայնքները գրեթե մեկ գիշերվա ընթացքում դատարկվեցին, ընտանիքները թողեցին տները, բիզնեսները եւ պաշտամունքի վայրերը՝ չիմանալով, թե արդյոք երբեւէ կվերադառնա՞ն։Ես խառը զգացմունքներ ապրեցի՝ դիտելով Թրամփի վարչակազմի ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման ուղղությամբ: Մի կողմից ուրախ եմ, որ իմ երկիրը՝ Միացյալ Նահանգները, կանգնած է Հայաստանի թիկունքին եւ առաջնահերթություն է տալիս հայկական հարցերին համաշխարհային ասպարեզում: Մյուս կողմից այս պահը սին է թվում եւ, իմ կարծիքով, արտացոլում է ավելի խոր խնդիրը. ԱՄՆ քաղաքականությունը Հարավային Կովկասում արդեն վաղուց հետեւողական եւ հաշվետվողական չէ եւ չունի ագրեսորներին դիմակայելու կամք՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունն է իշխանության: Իսկ Վաշինգտոնում հայերը քիչ ընկերներ ունեն եւ թույլ են ներկայացված:Այս համաձայնագիրը, ինչպես ԱՄՆ արտաքին քաղաքականության մեծ մասը այս վարչակազմի օրոք, անկասկած գործարքային է: Հայաստանը ստանում է ԱՄՆ անվտանգության երաշխիքներ եւ համագործակցություն արհեստական բանականության ոլորտում, այդ թվում՝ աջակցություն զարգացող ԱԲ կենտրոնին, որը նախատեսված է ամրապնդելու արեւմտյան ուղղությունը: Ադրբեջանը փաստացի անպատիժ է մնում արցախահայերի դեմ իր գործողությունների համար, ինչպես նաեւ ստանում է զենք գնելու հնարավորություն եւ դեպի Թուրքիա տարանցիկ միջանցք: Միացյալ Նահանգները ստանում է աշխարհաքաղաքական ավար. Թրամփի անունը դեպի Թուրքիա տանող միջանցքին, լծակներ տարածաշրջանում եւ ակնհայտ դիվանագիտական «հաղթանակ»՝ ներքին շուկայի համար: Սակայն այս գործարքը ամենեւին ամբողջական չէ։ Այն չի ներառում տեղահանված հայերի՝ Արցախ վերադառնալու իրավունքը, անտեսում է հայկական քաղաքների, տների եւ ձեռնարկությունների ոչնչացումը, որեւէ պարտավորություն չի պարունակում պահպանելու Արցախի մշակութային ժառանգությունը եւ չի հիշատակում ռազմագերիներին։ Հայկական սփյուռքում շատերի համար սրանք աղաղակող եւ անընդունելի բացթողումներ են։Թղթի վրա այս նոր «Թրամփի միջազգային խաղաղության եւ բարգավաճման երթուղին», որը կապում է Ադրբեջանը Թուրքիային, ներկայացվում է որպես չեզոք, համագործակցային երթուղի, որը կառավարելու է ԱՄՆ-ն։ Իրականում այն լուրջ հարցեր է առաջացնում Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ։ Միջանցքը կանցնի Հայաստանի հարավային Սյունիքի մարզով՝ Իրանի հետ միակ ուղիղ ցամաքային կապով, եւ կարող է թուլացնել Երեւանի կարողությունը՝ լիովին վերահսկելու սեփական սահմանները, կարգավորելու առեւտուրը եւ ապահովելու անարգել մուտք կենսականորեն կարեւոր հարավային ուղի։Լավագույն դեպքում օգոստոսի 8-ի համաձայնագիրը տարածաշրջանի հակամարտությունների իրական լուծման թույլ հույս է ներշնչում։ Եթե այն լիովին իրականացվի, այն կօգնի ավելի կայուն եւ բարգավաճ Հայաստան կառուցել ապագա սերունդների համար։ Կարեւոր է, որ այս համաձայնագիրը հանգեցնի վերականգնման, հաշվետվողականության եւ երկարատեւ անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի ներդրումների, այլ ոչ սոսկ լուսանկարվելու առիթ դառնա։ Նույնիսկ անավարտ, թերի համաձայնագրերը կարող են հնարավորություններ ստեղծել։ Հայաստանի շրջադարձը դեպի Արեւմուտք, որն ընդգծում է համաձայնագիրը, ռիսկեր է պարունակում, բայց հնարավորություն է տալիս նաեւ ավելի ամուր անվտանգության դաշինքների, տնտեսական վերականգնման եւ մշակութային պահպանման, եթե դրանից օգտվեն պատերազմ եւ շրջափակում ապրած մարդիկ, այլ ոչ միայն փաստաթղթեր ստորագրած առաջնորդները։ Վերջին տարիներին Հայաստանը անակնկալ տնտեսական աճ է ապրել, որը պայմանավորված է ՏՏ ոլորտում ներդրումներով, զբոսաշրջությամբ եւ սփյուռքի տաղանդների վերադարձով։ Այս փխրուն ներուժը կարող է ամրապնդվել կամ մսխվել՝ կախված նրանից, թե ինչ կլինի հետո։Ես հարգում եմ նախագահ Թրամփի՝ խաղաղության համաձայնագրերին հետամուտ լինելու ջանքը. աշխարհի առաջնորդները պետք է խաղաղությունը իրենց գերակա խնդիրը դարձնեն։ Սակայն հայ-ամերիկացի դպրոցականները, որոնց հանդիպեցի օգոստոսի 8-ին, կրում են իրենց ծնողներից, տատիկներից եւ պապիկներից ժառանգած ցավը, եւ նրանք արժանի են ավելիին, քան խորհրդանշական ժեստերը կամ փոխզիջումային գործարքները։ Նրանք արժանի են արդարության եւ իրենց նախնիների հայրենիքի համար ավելի լավ ապագա կերտելու հնարավորության։ Սա է այն հույսը, որը միավորում է բոլորիս։Թարգմանությունը՝ Մարիա ՍադոյանիԱյս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test