Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Չենք հավատում, որ Արարատի գագաթին ենք եղել». «4 peaks»-ի երեխաների վերելքը mediamax.am mediamax.am

time
«Չենք հավատում, որ Արարատի գագաթին ենք եղել». «4 peaks»-ի երեխաների վերելքը

2025 թվականի օգոստոսի 1-ին՝ առավոտյան 8:30, «4 peaks» լեռնային ակումբի 9-ից 19 տարեկան երեխաների եւ պատանիների խումբը կանգնել է Արարատի գագաթին (5165 մ): Մինչ այս ակումբի անդամ երեխաների ամենաբարձր վերելքներն Իրանում էին:

Արարատ տանող «ճանապարհի», երեխաների հետ այն անցնելու համարձակության ու առ այսօր տեղի ունեցածին չհավատալու զգոցողության մասին Մեդիամաքսը զրուցել է «4 peaks»-ի ղեկավար Նարինե Ճաղարյանի, ակումբի անդամներ 13-ամյա Դանիել Դոլունցի, 11-ամյա Արամ Քոսակյանի եւ 9-ամյա Վարդան Հայրապետյանի հետ: «Միասին մեծանում ենք՝ քայլելով սար ու ձորերում» Նարինե Ճաղարյան 2026թ.-ին «4 peaks» մանկապատանեկան լեռնային ակումբը նշելու է հիմնադրման տասնամյակը: Այս ընթացքում միշտ փորձել ենք արշավական տարին ամփոփել որեւէ վերելքով: 2022թ.-ին վերելքներ ենք կատարել Իրանում՝ բարձրանալով Սիահ Գոգ լեռան հարավային (4510մ), հյուսիսային (4505մ) գագաթներ ու Ռոստամ Նիշտ լեռը (4426մ): 2024թ.-ին մեկնել ենք Ռուսաստանի Դաշնություն եւ մի քանի օր անցկացրել Կաբարդինո-Բալկարիայի Բեզենգի բարձրլեռնային ճամբարում:Այս ճանապարհորդության հիմնական նպատակն էր ծանոթացնել երեխաներին կլիմային, ցույց տալ սառցաճեղքեր, փորձել քայլել «կատվիկներով», օգտագործել սառցակտրիչ: Արդեն տասը տարի երեխաների հետ քայլում ենք սար ու ձորերում եւ բառացիորեն մեծանում միասին (ժպտում է – հեղ.): Երեխաների հետ Արարատ բարձրանալու միտք պարբերաբար ունենում էի, բայց կարծում էի՝ թե՛ երեխաները, թե՛ ես դեռ այդպիսի պատասխանատվության պատրաստ չենք: Ինչ-որ պահից, զգալով խմբի պատրաստվածությունը, ձգտումն ու աշխատելու ցանկությունը՝ Արարատի մասին սկսեցի մտածել առավել համարձակ: 2024թ.-ի նոյեմբերին արեցի առաջին գործնական քայլն ու ակումբի էջում հրապարակեցի հարցում՝ պարզելու՝ ո՞ւմ կհետաքրքրի Արարատի վերելքը: Սկզբում ցանկություն հայտնեց 14 մարդ, հետագայում թիվը մեծացավ: Արդյունքում Արարատ հասանք 29 հոգանոց խմբով: Երկուսը խմբի ուղեկցորդներն էին՝ ես եւ ընկեր Նորայրը, յոթը՝ ծնողներ, քսանը՝ ակումբի անդամ երեխաներ եւ պատանիներ: Բուն վերելքից բացի, մի քանի օր անցկացրեցինք Արեւմտյան Հայաստանում, ծանոթացանք մշակութային կոթողներին ու բնությանը: «Եթե այսպես շարունակենք, մինչեւ Արարատի գագաթ ողջ կմնա՞նք»Նարինե Ճաղարյան Արարատ տանող «ճանապարհը» պահանջում էր լուրջ նախապատրաստական աշխատանք: Ինչպես ասացի, մինչ այս երեխաների համար առավելագույն բարձրությունը եղել էր Իրանում՝ 4500 մ: Պետք էր վարժվել բարձրության փոփոխություններին, որպեսզի տեղում հնարավորինս բացառեինք լեռնային հիվանդության դրսեւորումները. եթե մեծերն ինչ-որ կերպ կարող են դիմանալ գլխացավին կամ այլ ախտանշաններին, երեխաների դեպքում դա ավելի բարդ է: Նախապատրաստական ամենաբարդ արշավներից էր վերելքը Նիգասար (3316 մ): Այդ օրը քայլել ենք ավելի քան 21 կմ՝ հաղթահարելով 1300 մ հարաբերական բարձրություն: Հիշում եմ՝ ինչ-որ պահից երեխաներն այնքան էին հոգնել, որ կատակում էին՝ «ընկեր Նարինե, եթե այսպես շարունակենք, մինչեւ Արարատի գագաթ ողջ կմնա՞նք» (ծիծաղում է – հեղ.): Նախապատրաստական ամփոփիչ վերելքներից մեկի ժամանակ մեկ օրում բարձրացել ենք Արագածի երկու՝ հարավային եւ արեւմտյան գագաթները, իսկ Արարատ մեկնելուց մեկ օր առաջ գիշերել ենք հարավային գագաթին (3887 մ): Այս ողջ ընթացքում մենք ամեն կիրակի շատ վաղ արթնանում էինք ու երկա՜ր քայլում (ժպտում է – հեղ.):Արդյունքը հաջող վերելքն էր Արարատ: Խմբից միայն երկու երեխա չի շարունակել ճանապարհը մինչեւ գագաթ՝ հասնելով 4000 մ + բարձրության: Նման որոշումները պետք է կայացնել՝ առաջին հերթին հաշվի առնելով ինքնազգացողությունը. վերելքը միշտ կարելի է կրկնել որոշ ժամանակ անց: Լեռան վերջին ճամբարից դեպի գագաթ սկսել ենք քայլել գիշերը 02:06-ին: Օգոստոսի 1-ին՝ առավոտյան 8:30-ին, «4 peaks»-ի երեխաների եւ պատանիները խումբը կանգնել է Արարատի գագաթին: Էմոցիաները շատ տարբեր էին: Երեխա կար՝ սարն ուրախությունից «շուռ էր տալիս», մեկը հուզված էր, մյուսը՝ նույնիսկ չէր պատկերացնում, որ կանգնած է լեռան գագաթին, որն ամեն օր տեսել է Երեւանից եւ կարծել, թե այնքա՜ն հեռու է: Հիմա ինքս էլ չեմ պատկերացնում, որ մեզ մոտ ստացվել է: Երեկ նայում էի Արարատին ու հիշելով մեր վերելքը՝ մտածում՝ «այ քեզ աննորմալներ» (ծիծաղում է – հեղ.): «Ծնողներիս ասեցի՝ ինձ առանց հարցնելու կգրանցեք բոլոր արշավներին» 9-ամյա Վարդան Հայրապետյանը «արարատյան» վերելքի տարիքով ամենափոքր մասնակիցն է: Նարինե Ճաղարյանը նկատել է՝ եթե իր առջեւ նպատակ է դնում, ամենաանհամբերից դառնում է շատ համբերատար եւ սկսում մեծ համառությամբ աշխատել: «Երբ հայտարարեցինք Արարատի վերելքի մասին, Վարդանն ինձ հարցրեց՝ կարո՞ղ է գալ: Պատասխանեցի՝ եթե շատ արշավների գա՝ այո, հիմա՝ ոչ», - հիշում է Նարինե Ճաղարյանը: «Ես էլ գնացի տուն ու ծնողներիս ասեցի, որ սրանից հետո առանց հարցնելու ինձ բոլոր արշավներին գրանցեն», - ժպտում է Վարդանը: Նախապատրաստության ընթացքում նա իսկապես բաց չի թողել ոչ մի արշավ, երբեք չի տրտնջացել, իսկ բուն վերելքի ժամանակ մեծ համառությամբ քայլել խմբի առջեւում: «Տեղի մեր ուղեկցորդն ուշադիր հետեւում էր երեխաներին եւ ընտրելով ամենափոքրերին՝ ասում, որ նրանք, հավանաբար, հետ կիջնեն: Վարդանին էլ ընդգրկեց այդ ցուցակում, բայց երբ այդ մասին ասացի նրան, սկսեց կրկնակի համառությամբ քայլել առաջ: Նույնը նաեւ մեր մյուս 9-ամյա մասնակցի՝ Միքայել Մոսիկյանի դեպքում էր: Ընդ որում, Միկան գագաթ հասավ ընտանիքի անդամների ուղեկցությամբ, որոնք Արարատ բարձրանալու փորձ ունեին», - ասում է Նարինե Ճաղարյանը: Վարդանին հարցնում եմ՝ պատկերացնո՞ւմ է, որ կարողացել է բարձրանալ Արարատ: «Չէ, ես մինչեւ հիմա էլ չեմ հավատում», - ժպտալով պատասխանում է: «Արարատի վերելքն ինձ տպավորել է, որովհետեւ սա եղել է մեր հայկական հողը» 13-ամյա Դանիել Դոլունցին նկարագրելիս Նարինեն ասում է՝ «նա ամենահոգատարն է». «Արշավների ժամանակ օգնում է կրտսեր մասնակիցներին եւ ինքնուրույն հասկանում՝ երբ կա աջակցության կարիք»: Դանիելն ասում է՝ լեռները սիրում է փոքր տարիքից. «Քեռիիս հետ շուտ-շուտ էինք սարեր գնում, իսկ «4 peaks»-ի հետ սկսել եմ արշավել 8 տարեկանից: Ամենահավեսը երկար քայլելն է, շփվելը մյուս երեխաների հետ: Արդեն լավ ընկերներ ենք»: Դանիելի խոսքով՝ ճանապարհորդությունը դեպի Արարատ եւ բուն վերելքն իրեն շատ են տպավորել.«Շատ հետաքրքիր էր, քանի որ սա եղել է մեր հայկական հողը: Արարատից բացի, շատ սիրեցի Վանա լիճը, Աղթամար կղզին: Վարդանի նման ես էլ դեռ մինչեւ վերջ չեմ հավատում, որ մեզ մոտ ստացվել է: Հիմա Երեւանից նայում եմ Արարատին ու չեմ պատկերացնում, որ կանգնել եմ այս լեռան գագաթին»: «Դարձել եմ ավելի պայքարող» «Մեր Արամը համառության մարմնացում է», - ասում է Նարինե Ճաղարյանը՝ խոսելով 11-ամյա Արամ Քոսակյանի մասին: Տղան չի ժխտում եւ ավելացնում է, որ լեռներում ապրած դժվարությունները նրան դարձրել են ավելի պայքարող. «Ես էլ եմ զգում, որ բնավորությունս շատ է փոխվել: Հատկապես Արարատին պատրաստվելիս շատ բարդ վերելքներ ենք ունեցել, գիշերել ենք Արագածի գագաթին ու այս ամենից հետո մնացած դժվարություններն ավելի թեթեւ են թվում»: Լեռնագնացության եւ արշավների հանդեպ հետաքրքրությունն Արամին փոխանցվել է հայրիկից եւ պապիկից: «Մինչեւ Արարատն ինձ շատ էին դուր եկել վերելքներն Արագած, Աժդահակ, Ապակեքար: Քանի որ շատ էինք պատրաստվել, Արարատի դեպքում թթվածնի պակաս հիմնականում չեմ զգացել: Միայն 4200 մ-ից հետո շնչառությունս մի քիչ դժվարացավ, բայց դա հաղթահարելով՝ կարողացա կանգնել գագաթին: Հիմա ես էլ եմ նայում այդ մեծ սարին ու հավատս չի գալիս, որ մի քանի օր առաջ այնտեղ էի», - ժպտում է Արամը: Ի՞նչն է ամենից շատ սիրում լեռներում: Պատասխանում է՝ այնտեղ բնությունն ուրիշ է, օդը՝ թարմ, ժայռերն ու կանաչը՝ գեղեցիկ: «Ու այնտեղ ասֆալտ չկա», - միջամտում է 9-ամյա Վարդանն ու բոլորս ծիծաղում ենք: «4 գագաթ» մանկապատանեկան ակումբի կազմում Արարատ վերելք կատարած թիմի ամբողջական կազմը՝ Միքայել Մոսիկյան (9տ.), Մայա Մոսիկյան (14տ.), Տիգրան Մոսիկյան (18տ.), Առնո Մոսիկյան (ծնող), Հասմիկ Մարտիրոսյան (ծնող), Արինա Սուվարյան (14տ.), Արամ Մարտիրոսյան (19տ.), Անի Գեւորգյան (ծնող), Միհրան Խաչատուրյան (12տ.), Տաթեւիկ Պետրոսյան (ծնող), Ռաֆայել Պետրոսյան (14տ.), Իրինա Բաղդյան (ծնող), Մարինա Բաղդյան (16տ.), Սարգիս Անանյան (10տ.), Նանե Մինասյան (ծնող), Մարի Պողոսյան (18տ.), Տաթեւիկ Մինասյան (ծնող), Լիանա Թոսունյան (18տ.), Արամ Քոսակյան (11տ.), Ալեքսանդր Աղաջանյան (17տ.), Սերգեյ Աղաբաբյան (14տ.), Աիդա Աղագուլյան (13տ.), Նարեկ Արեխցյան (11տ.), Վարդան Հայրապետյան (9տ.), Դավիթ Թադեւոսյան (11տ.), Արինա Ղեւոնդյան (16տ.), Դանիել Դոլունց (13տ.): Յանա Շախրամանյան

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test